Քաղաքական

03.12.2019 22:36


Նախարար անունը այլևս չպետք է դրվի նման վարքագիծ դրսևորող անձի վրա․ Արծվիկ Մինասյանը՝ Արայիկ Հարությունյանին

Նախարար անունը այլևս չպետք է դրվի նման վարքագիծ դրսևորող անձի վրա․ Արծվիկ Մինասյանը՝ Արայիկ Հարությունյանին

Ակնհայտ է, որ անհամաչափ ուժի կիրառում է տեղի ունենում․ ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, մեկնաբանելով ԿԳՄՍ նախարարության դիմացից ՀՅԴ ՀԵՄ ցուցարարներին բռնի ուժ գործադրելով բերման ենթարկելու փաստը։

«Երիտասարդության պահանջը՝ հանդիպելու սեփական երկրի, սեփական կառավարության անդամի հետ, այսպիսի վերաբերմունքի է արժանանում»,-ասաց նա:

Եթե երիտասարդների նկատմամբ նման վարքագիծ է կիրառվում, սա, նրա խոսքով, նշանակում է, որ այս իշխանության տվյալ ներկայացուցիչը այլևս անելիք չունի այս երկրում:

«Դատելով տեղեկատվությունից, որը ես ստացել եմ, սադրանքը հրահրվել է նույն ոստիկանության կողմից․ համենայն դեպս, իմ նախնական գնահատումը դա է»,-նկատեց Արծվիկ Մինասյանը:

Նա արձանագրեց, որ երիտասարդները պահանջել են հանդիպում և, նախարարության կողմից արձագանք չլինելու պարագայում, փորձել են մտնել նախարարություն և նախարարության ներսում ունենալ հանդիպում․ արդյունքում՝ ուժ է գործադրվել:

«Սրա պատասխանը պետք է տան թե՛ իրավապահ մարմինները, թե՛ այն պատասխանատու անձինք, ովքեր այսօր զբաղեցնում են այդ հանրային պաշտոնները և ցուցաբերում նման վերաբերմունք հայ երիտասարդի նկատմամբ»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Երիտասարդների գործողությունները, այդ թվում՝ նախարարության մուտքը փակելը, նրա համոզմամբ, չեն եղել անօրինական:

«Եվ, եթե կարող են այսօրվա իշխանության այն ժամանակվա գործողությունները և ոչ միայն այն ժամանակվա, նաև ներկայիս գործողությունները իրենց համար հաճելի զանգվածի կողմից համարվեն օրինական, ինչու՞ պետք է ընդդիմախոսների նման գործողությունները անօրինական լինեն: Սա արդեն քաղաքական ենթատեքստ պարունակող հստակ վարքագիծ է, և սրա պատասխանը պետք է տան»,-ասաց նա:

Իսկ այսօրվա գործողություններից հետո, Արծվիկ Մինասյանի խոսքով, նախարար անունը չպետք է դրվի նման վարքագիծ ցուցաբերող անձի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը