Քաղաքական

03.12.2019 17:54


«Ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության կարևորագույն ոլորտներից մեկն է». Լավրովը Բաքվում պատասխանել է Փաշինյանին

«Ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության կարևորագույն ոլորտներից մեկն է». Լավրովը Բաքվում պատասխանել է Փաշինյանին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ երկրներին ուղղված խոսքերին, որում Փաշինյանը կոչ էր արել զենք չվաճառել Ադրբեջանին: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ես միայն կարող եմ ընդգծել, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության կարևորագույն ոլորտներից մեկն է»,-ասել է ՌԴ արտգործնախարարը՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը «զարգացնում են իրենց համագործակցությունը միջազգային նորմերին համապատասխան, համաձայն Ադրբեջանի և Ռուսաստանի օրենսդրության և ամբողջովին հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որը կարևոր է պահպանելու տարածաշրջանում կայունությունը»:

Օրերս Ղրղզստանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցները Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է անպատասխան թողնեն Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:

***

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցում առկա են փոխզիջումների հասնելու տարբերակներ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

«Մեզ մոտ գիտակցում կա, որ փոխզիջումների հասնելու տարբերակներ գոյություն ունեն: Գործը հեշտ չէ, հակամարտությունն ամենատևականներից մեկն է նախկին ԽՍՀՄ տարածքում: Բայց մենք երախտապարտ ենք մեր ադրբեջանցի գործընկերներին, որ Ռուսաստանի կողմից որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ առաջ բերված գաղափարներն ըմբռնում են գտնում Ադրբեջանում»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովի խոսքով՝ իր այսօրվա և երեկվա շփումները թույլ են տվել ավելի լավ հասկանալ՝ ինչպես առաջ շարժվել:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը