Կարծիք

02.12.2019 16:10


Այն մասին, թե ինչու է Փաշինյանը կռիվ տալիս ավտոմեքենաների կմախքների հետ

Այն մասին, թե ինչու է Փաշինյանը կռիվ տալիս ավտոմեքենաների կմախքների հետ

Մարդու մտավոր ու ընդհանրապես հոգևոր զարգացվածության մակարդակը կախված է նրա մտածողության վերացարկվածության աստիճանից՝ ինչքան վերացարկված է այն, այնքան մարդը ավելի զարգացած է ու ավելի հոգևոր:

Ինչո՞ւ եմ գրում սրա մասին. բանն այն է, որ կան մարդիկ, որոնք ուղղակի ի վիճակի չեն երևույթները ամբողջությամբ ընկալել ու հասկանալ, նրանք, իրենց պրիմիտիվությունից ելնելով, տեսնում են միայն մասնավոր դեպքերն ու դրսևորումները, սակայն ոչ երբեք այդ մասնավոր դեպքերը որպես հետևանքներ միմյանց հետ կապող ընդհանուր պատճառներն ու այդ պատճառահետևանքային տրամաբանության վրա խարսխված երևույթները:

Ինչևէ, խոսքս այն մասին է, որ մեր երկրի վարչապետը չտեսնելով ու չհասկանալով երևույթը՝ այնուամենայնիվ նկատել է այդ երևույթից բխող մասնավոր դրսևորումը, այն է՝ մեր բնակավայրերում ժանգոտված մեքենաների կմախքների ու այլ մնացորդների և լքված մետաղյա տնակների առկայության հակաէսթետիկ լինելու հանգամանքը: Նա արդարացիորեն կոչ է անում հավաքել այդ աղբը, բայց նրա մտքով չի անցնում, որ դա շատ ավելի մեծ խնդրի մի մասնավոր դրսևորում է ընդամենը, և այդ խնդիրը կարելի է որակել որպես մեր ժողովրդի մեծամասնության մեջ բուն դրած փնթիության դրսևորում, իսկ եթե վերացարկման ավելի բարձր աստիճաններ բարձրանանք, ապա կտեսնենք, որ այդ դրսևորումն էլ իր հերթին ավելի խորքային խնդիրների մասնավոր դետալ է, սակայն որպեսզի շատ չխորանանք փիլիսոփայական թնջուկների հորձանուտների մեջ, ապա առաջարկում եմ քննարկել միայն այդ դրսևորումը, այսինքն կոնկրետ փնթիության երևույթը:

Նախ վարչապետը այդ ջարդած մեքենաների կմախքները հավաքելու կոչ անելուց զատ պիտի կոչ անի մարդկանց, որպեսզի վերջիններս մետաղից ու փայտից կառուցված բոլոր ժանգոտվող կամ փտող բաները, այդ թվում դարպասները, չափառները, տանիքները և այլ մետաղե ու փայտե կոնստրուկցիաները ռեգուլյար կերպով ներկեն, որոհետև ինչպես որ մեքենաների մնացորդները մարդկանց աչքին հաճելի չեն, նույնպես և դրանք հաճելի չեն, երբ չներկած կամ ներկերը թափված, ժանգոտված ու փտած վիճակում են գտնվում, և բացի դա ներկելուց զատ պիտի կարգի բերվեն նաև, եթե ծռմռված են պիտի ուղղեն և այլն:

Բայց դե, նորից եմ կրկնում, մեր վարչապետին հասու չէ խնդիրները ամբողջությամբ ընկալելու կարողությունը, նա միայն դետալներ կարող է տեսնել, դրա համար գոնե մենք պիտի խոսենք խնդիրների մասին՝ իրենց ողջ ընդգրկմամբ, ու առանց քաշվելու պիտի հայտարարենք, որ մեր ժողովրդի մոտ՝ այո՛, կա (գոնե մեծամասնության մոտ) այդ փնթիությունը, մարդիկ չեն սիրում խնամված ու կոկիկ պահել իրենց բակերը, փողոցները, նրբանցքները, նույնիսկ սեփական բնակարանների արտաքին պատերն ու պարիսպները մաքուր պահելու սովորություն չունեն, նրանք ինչպես միշտ ամփոփվում են իրենց բնակարանների մեջ ու գտնում են, որ իրենք պատասխանատու են կոնկրետ բնակարանի ներսի համար, այդ ներսի մաքրության համար, դա մեր ժողովրդի դարերով հպատակ լինելու հետևանքն է, նրանք միշտ քշված են եղել հանրային տարածքից, նրանք միշտ քշված են եղել պետականաշինությանը վերաբերվող գործերից, ու դրա համար էլ այսօր նրանք ենթագիտակցորեն չեն կարողանում հասկանալ, որ այս պետությունն իրենցն է, որ հանրային տարածքը իրենցն է, որ իրենք պիտի կարգավորեն այն, անգամ մաքրության իմաստով, որ նույնիսկ բազմաբնակարանային շենքերի արտաքին պատերը պիտի մաքուր պահեն, քանի որ դրանք նույնպես իրենցն են, որ դրանց ժանգոտված տանիքները պիտի կարգի բերեն, ներկեն և այլն:

Սակայն այս խնդիրը միայն կոչերով չէ, որ լուծում է ստանալու, Փաշինյանը կոչեր հղելով ոչ մի զգալի արդյունքի չի հասնի, այս խնդիրը ինստիտուցիոնալ լուծում պիտի ունենա, պիտի կառավարությունը որոշումներ ընդունի, եթե հարկավոր է օրենսդիրը օրենքներ պիտի ընդունի, ու բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների, ոլորտային նախարարությունների ու գերատեսչությունների ներգրավվածությամբ անի ամեն ինչ, որպեսզի եթե չասեմ եվրոպական երկրների բնակավայրերի նման կոկիկ ու խնամված բնակավայրեր ունենանք, ապա գոնե մեր հարևան Վրաստանի մակարդակը ապահովենք:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը