Կարծիք

02.12.2019 12:11


Միֆերի ապամոնտաժումը. Լեգենդ 3. «Բանկերի մեծ մասը Քոչարյանինն են»

Միֆերի ապամոնտաժումը. Լեգենդ 3. «Բանկերի մեծ մասը Քոչարյանինն են»

Մոտ երկու տասնամյակ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հյուսվող լեգենդներից մեկն էլ վերաբերում է բանկերին: Բանկ չկա, որը չկապվեր երկրորդ նախագահի եւ նրա ընտանիքի հետ: Դրա մասին գրում էր մամուլի հայտնի շրջանակը, եթերից եւ Ազատության հրապարակի հարթակից խոսում էր իրար փոփոխող ընդդիմությունը։

Սուտը անդադար եւ նույն համառությամբ, երբ երկար կրկնում ես ու հակազդեցություն չի լինում, այն տարածում է գտնում, հայտնվում են մարդիկ, որոնք հավատում են մյունհաուզենյան ստերին, վերածվելով դրանց կրողների եւ տարածողների: Ու այդպես տարածվում է անպատիժ սուտը։

Հիմա հայաստանյան բանկերի եւ բանկային համակարգի մասին: Հայաստանում այսօր գործում են 17 առեւտրային բանկեր՝ 525 մասնաճյուղերով։ Ընդ որում, որեւէ բանկ դաշտում մենաշնորհի հավակնություններ չունի: Եւ այստեղ պետք է շեշտել, որ այս ամենը հենց Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության հետեւանքն է:

1998 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ, Հայաստանում գործում էր 31 բանկ, ընդամենը 178 մասնաճյուղով: Բանկերի քանակը եւ մասնաճյուղերի թիվը հուշում է, թե ինչ վիճակում է եղել հայաստանյան բանկային համակարգը: Բացվող եւ արագ փակվող բանկերը, սնանկացող եւ հազարավոր մարդկանց խնայողությունները գողացող ու փոշիացնող բանկեր, տասնյակ հազարավոր տուժած ավանդատուների ընտանիքներ: Կար անկայուն, ռիսկային բանկային համակարգ։

Բնականաբար, այդ վիճակը չէր կարող երկար շարունակվել: 2002 թ. փոփոխություններ եւ լրացումներ են կատարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» եւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքներում: Փոփոխությունների արդյունքում ընդլայնվում են Կենտրոնական բանկի խորհրդի լիազորությունները՝ նպատակ ունենալով կանխարգելել ՀՀ տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը բանկերում եւ վարկային կազմակերպություններում:

Այս փոփոխություններն աստիճանաբար իրենց դրական ազդեցությունն ունեցան բանկերի, բանկային համակարգի վրա: 2008-ին բանկերի թիվն արդեն 22 էր՝ 380 մասնաճյուղերով: Ամենակարեւորն այն է, որ Քոչարյանի նախագահության շրջանում այլեւս բանկերն անակնկալ չէին սնանկանում եւ փակվում, ավանդատուներին դնելով ծանր իրավիճակում:

Մասնաճյուղերի թվի աճն էլ հուշում է, որ բանկերն արդեն հասանելի էին նաեւ մարզերի բնակչությանը: Մեկ կարեւոր վիճակագրություն եւս. 1998թ. բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 26 375 մլն դրամ, իսկ ընդհանուր ակտիվները՝ 159 929 մլն դրամ, իսկ 2008թ. ընդհանուր կապիտալը դարձել է 235 690 մլն դրամ, իսկ ընդհանուր ակտիվները՝ 1 024 232 մլն դրամ։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների սկզբի ու վերջի համեմատ բանկային համակարգի ակտիվներն ավելի քան եռապատկվել են աճելով 227%-ով, ընդ որում, միջին տարեկան աճը կազմել է 16.3%: Դրան զուգահեռ կապիտալի գծով եւս էական արդյունքներ են գրացնվել, մասնավորապես՝ միջին տարեկան 39.5 տոկոսաճ, իսկ 1998-ի նկատմամբ 2008-ին այն ավելի քան քառապատկվել է։

Այս ամենը բացատրվում է բանկային համակարգի զարգացմանը զուգահեռ մրցունակ դիրքեր ապահովելու նպատակով բանկերի խոշորացման գործընթացով եւ բանկային համակարգում օտարերկրյա ներդրումների աճով։ Այս բոլոր գործընթացների արդյունքում ՀՀ բանկային համակարգը ձեռք է բերել անչափ կարեւոր մի հատկանիշ՝ այն դարձել է կանխատեսելի եւ վստահելի օղակ երկրի տնտեսության ֆինանսական ոլորտում, ինչն իր հերթին ավելի է ամրապնդում համակարգի կայունությունը։

Համառ եւ նպատակասլաց աշխատանքը բանկային համակարգի կայացման գործում շարունակական բնույթ է կրել: 2002-2003 թթ.էական փոփոխություններ եւ նորամուծություններ են կատարվում բանկային օրենսդրությունում՝ մասնավորապես ընդունվում է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որով Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային կազմակերպությունների լիցենզավորման եւ վերահսկողության բացառիկ իրավասությունը վերապահվում է Կենտրոնական բանկին:
Եվ արված աշխատանքը չէր կարող անարդյունք լինել: Մեկ օրինակ եւս. եթե 2004թ. Հայաստանում գործել է 9 վարկային կազմակերպություն, ապա 2008-ին արդեն վարկային կազմակերպությունների թիվը 23 էր՝ 48 մասնաճյուղով։

Եւս մեկ կարեւոր քայլ, որը նպաստեց բանկային համակարգի ամրապնդմանը:
2007թ. օրենսդրորեն ամրագրվում է նաեւ, որ ՀՀ կենտրոնական բանկը ոչ թե սահմանում, այլ հրապարակում է արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքը:
Բանկային համակարգը Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կայանում եւ ամրապնդվում էր: Եւ հենց այս փաստը, որքան էլ տարօրինակ հնչի, Ռոբերտ Քոչարյանի հակառակորդներն օգտագործեցին նրա դեմ: «Եթե այսքան բանկ եւ վարկային կազմակերպություն է ստեղծվել, ուրեմն Քոչարյանը դրանց հետ կապ ունի կամ հենց իրենն են»,- գործի դրվեց հրեշավոր ստի մեքենան եւ սկսեց անդադար ստեր տարածել:
Ստացվում է, որ Քոչարյանի մեղավորությունը բանկայում համակարգում մեկն է. նրա

պաշտոնավորման օրոք սրընթաց կայացել է բանկային համակարգը, այն մատչելի են դարձել ողջ երկրով մեկ, դադարել են գոյություն ունենալ «ավանտյուրիստ» բանկեր, որոնք հազարավոր ընտանիքների դժբախտության էին հասցնում, բանկերը սկսել են իրական աջակցություն տնտեսության զարգացմանը։ Սա է երկրորդ նախագահի միակ «մեղավորությունը» բանկային համակարգում, որի համար էլ, ըստ էության, այն տարիների ընդդիմությունը եւ հայտնի մամուլը նրան վերագրեց ՀՀ բոլոր հիմական բանկերում սեփականատեր լինելու մեղադրականը։

Երկրորդ նախագահի բանկեր ունենալու մասին կեղծ տեղեկատվությունը պարբերաբար ինչ-որ կենտրոնների կողմից նետվում էր եւ նետվում է շրջանառության: Մի՞թե այս լուրերը, հատկապես, այսպես կոչված, հեղափոխությունից հետո չի ստուգվել պետական համապատասխան մարմինների կողմից ։ Կասկած չկա, որ ստուգվել է: Իսկ եթե հիմա լռություն է, ապա պարզ է, որ ստուգվել է եւ ոչինչ չի ապացուցվել։

Գործը հասավ նրան, որ այն բանկերը, որոնց կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, ստիպված հրապարակային հայտարարություններով հերքեցին ստահոդ լուրերը:

Այսպես, «Արդշինբանկ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ նրա հետ փոխկապակցված անձինք, երբեւէ չեն հանդիսացել Արդշինբանկի բաժնետոմսերի սեփականատեր: Վերոնշյալ տեղեկատվությունը հաստատելու համար Բանկը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել Բանկի բաժնետերերի վերաբերյալ համապատասխան տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից:

«Կոնվերս բանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանն էլ ասել է, թե բանկի բաժնետերերն են Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն, ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Բանկի 95 տոկոս բաժնեմասի վերջնական շահառուն՝ առաջին երկու ընկերությունների միջոցով հանդիսանում է Էդուարդո Էռնեկյանը: Բանկը նաեւի պաշտոնապես հաստատել է, որ Ռոբերտ Քոչարյանը, նրա ընտանիքի անդամները եւ հարազատներն ուղղակի եւ անուղղակի որեւէ մասնակցություն երբեւէ չեն ունեցել եւ չունեն Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում:

Նույնանման հայտարարություն է արել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, ասելով, թե Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, Բելլա Լեւոնի Քոչարյանը, Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը, Գայանե Ռոբերտի Քոչարյանը, Լեւոն Ռոբերտի Քոչարյանը կամ Քոչարյանի ընտանիքի մոտ հարազատները չեն հանդիսանում եւ երբեւիցե չեն հանդիսացել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի բաժնետերեր:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միակ բաժնետեր է հանդիսանում Վիտալի Սարգսի Գրիգորյանցը:

«Յունիբանկը» նույնպես պաշտոնական հերքում է կատարել նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը կամ նրա ընտանիքի անդամները եւ նրանց հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսացել եւ չեն հանդիսանում ««Յունիբանկ»-ի բաժնետեր:

Այս հերքումներից հետո լռում են այն լրատվամիջոցները, որոնք ակտիվորեն լծված էին Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի մասին կեղծ լուրերի տարածմանը: Գոնե տարրական բարոյականությունը եւ լրագրական էթիկայի կանոնները հուշում են, որ նրանք գոնե պետք է անդրադառնային բանկերի պաշտոնական հաղորդագրություններին: Բայց ոչ, նրանց գործը մարդկանց թյուրիմացության մեջ գցելն էր, հիմա արդեն լռում են:

Եվ այսպես, հերթով պետք է լռեցնել Երկրորդ նախագահի մասին բոլոր կեղծ եւ վարկաբեկիչ լեգենդները։ Նրանց հեղինակներին լռեցնելը մեր խնդիրը չէ, դա անօգուտ է։ Պետք է կազմաքանդել բոլոր հիմնական լեգենդները եւ հասարակությանը ցույց տալ, որ նրանց բոլոր ասածները նույնքան անհիմն են եւ բացառապես նեղ անձնական վրեժի մոտիվացիայով։ Ոչինչ՝ ավելին։

Վիգեն Երեմյան

«Իմ ձայնը» նախագիծ

Այս խորագրի վերջին նյութերը