Կարծիք

01.12.2019 10:49


Սահմանադրական դատարանը՝ ժողովրդավարության գլխավոր բաստիոն

Սահմանադրական դատարանը՝ ժողովրդավարության գլխավոր բաստիոն

Մի՞թե օրենսդրական նախաձեռնությունները, որոնց արդյունքում Սահամանադրական դատարանը հայտնվում է քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ, կարելի է համարել դատաիրվական բարեփոխումներ:

Արդարադատության նորաթուխ նախարարը գիտակցո՞ւմ է Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախաձեռնության անվերականգնելի վնասը պետականությանը և դրա իրավաքաղաքական հետևանքներում սեփական քաղաքական պատասխանատվությունը:

Գիտակցո՞ւմ է արդյոք Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունը կամ առնվազն նրա իրավաբանական կրթություն ունեցող հատվածը, ցանկացած նպատակով կամ քաղաքական անհրաժեշտությամբ իշխանությունների տարանջատման և հակակշռման սահմանադրական սկզբունքի տապալման հետևանքները և դրանցում սեփական քաղաքական պատասխանատվությունը:

Արդյոք Վարչապետը պատրա՞ստ է Սահմանադրության և սահմանադրականության հիմնարար սկզբունքների խախտման գնով հասնել իշխանության բոլոր թևերի վրա սեփական անվերապահ իշխանության հաստատմանը:

Այս հարցերի պատասխանը հանրությունը, համենայնդեպս նրա մտածող և ժողովրդավարության ապագայով մտահոգ հատվածը, կստանա Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի ընթացքում:

Առանց չափազանցության կարող ենք փաստել, որ մեր հասարակությունը այսօր կանգնած է ‹‹Իրավական և ժողովրդավարական Հայաստան››, թե՞ ‹‹ավտորիտար Հայաստան›› ընտրության առջև, ընտրություն, որի հետևանքներն ունենալու են ճակատագրական նշանակություն մեր պետականության ապագայի համար:

Պատկերավոր ասած առաջիկայում կորոշվի՝ մենք գերադասում ենք ապրել եվրոպական տիպի երկրո՞ւմ, թե՞ ասիական կամ աֆրիկյան տիպի երկրում:

Անկեղծ ասած նշվածը հասարակության ընտրություն էլ չի կարելի համարել, քանի որ նրա փոխարեն և նրա անունից այդ ընտրությունը փորձում է կատարել օրվա իշխանությունը:

Մեր պետության ապագան՝ առանց սխալվելու հավանականության, կարող ենք պնդել, այսօր կախված է բացառապես Սահմանադրական դատարանի դատավորների սեփական քաղաքացիական առաքելության գիտակցումից և բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, պարտավոր են սատար կանգնել նրանց:

Այսօր Սահմանադրական դատարանը դարձել է Հայաստանում ժողովրդավարության գլխավոր բաստիոնը:

Կկարողանա՞ն Սահմանադրական դատարանի դատավորները դիմակայել իշխանությունների այս աննկարագրելի ճնշմանը, ուրեմն հույս կլինի, որ ժողովրդավարական ապագա և քաղաքակիրթ երկիր կառուցելու մեր շանսերը կպահպանվեն:

Ցավոք, ներքին զարգացումների բերումով Սահմանադրական դատարանը հայտնվել է պետականության կայացման գործընթացում որակապես այլ, ինչ-որ իմաստով պատմական առաքելության իրականացման պարտադրանքի առջև, ինչն ավելին է, քանց հանրային կյանքում այն դերակատարումը, որը վերապահված է այդ կառույցին Սահմանադրությամբ:

Համոզված եմ, որ ժամանակը կտա Սահմանադրական դատարանի դատավորների սեփական քաղաքացիական առաքելության գիտակցման իրական գնահատականը:

Ի դեպ, իշխանությունները դեռ կարող են դեպի բացարձակ ավտորիտար ռեժիմ գլորվելու ընթացքը կասեցնել:

Այս խորագրի վերջին նյութերը