Կարծիք

30.11.2019 14:15


Թույլ չենք տա դասալքությունը որպես նորմա տարածել զինակոչիկների վրա

Թույլ չենք տա դասալքությունը որպես նորմա տարածել զինակոչիկների վրա

Գործող իշխանության օրոք ինչքան ասես ազգադավ, ապազգային ու ապակառուցողական օրինագիծ դրվեց քննարկման, և հիմա էլ արդեն հերթը հասել է բանակից խուսափելը օրինականացնելուն: Հայտնի որպես շիշ բռնող, ներկայումս պատգամավոր, ժամանցի նպատակով նախագահական պալատ աղջիկ տանող, «չոր աշխատավարձով» շքեղ ավտոմեքենայով աչքի ընկած մի երիտասարդ անձնավորություն` Հայկ Սարգսյանը, իր ուրույն տեղն է զբաղեցնում փաշինյանական կարդային բազայում: Կարելի է ասել` Նիկոլի կադրային գոհարներից ամենաշողշողունն է:

Հիմա այս փայլատակող աստղն իր պարտքն է համարել ազգի և հայրենիքի առաջ` հանդես գալ մի առաջարկով, ըստ որի յուրաքանչյուր զինակոչիկ կարող է վճարել 10 միլիոն դրամ և չծառայել բանակում: Ավելի ճիշտ` ծառայել ընդամենը մեկ ամիս:

Ինչպիսի որակում կարող ենք տալ նման անպատասխանատու և դավաճանական մոտեցմանը մի երկրում, որը դեռևս պատերազմի մեջ է: Դեռևս չլուծված է ղարաբաղյան հիմնահարցը, դեռևս Ալիևը ատամներն է կրճտացնում հայերի վրա, իսկ նրա տիկին Մեհրիբանը օրերս հայտարարեց, որ երազում է մուղամ լսել Արցախում: Այս համատեքսում ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում պատգամավոր Հայկ Սարգսյանը` առաջարկելով փաստացի նվազեցնել հայկական բանակի զինվորի թիվը, այն դարձնել ոչ մարտունակ: Իրենք` քայլարածները, մեծամասնությամբ դասալիքներ են` բանակից փողով կամ կեղծ դիագնոզով թռած, այժմ մտադիր են դասալիքությունը որպես նորմա տարածել բոլոր զինակոչիկների վրա: Սա հերթական անբարոյական քայլն է` ուղղված ազգի և պետության անվտանգության դեմ:

Ու ինչ-որ հետաքրքրական զուգադիպությամբ մեր իշխանությունների և ադրբեջանցիների խոսքն ու գործը միշտ ստացվում են կասկածելի համահունչ: Հայկ Սարգսյանի առաջարկն ու Մեհրիբանի երազանքները, Միլանի Հայ Առաքելական եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցի բլոգերի ներկայությունն ու խնդրանքը` պատերազմը դադարեցնելու մասին, Նժդեհի մասին ամիսներ առաջ Ալիևի մեղադրանքներն ու Նիկոլի` նախապես պատրաստած հակադարձող տեսքստը, և վերջապես` վերելակում նրանց ունեցած գաղտնի զրույցը:

Այս ամենից լավ հոտ չի փչում, և մտածելով մեր անվտանգության և ապագայի մասին` պետք է ազգովի մերժենք բանակից խուսափելու ցանկացած ակտ, որքան էլ որ դա փորձեն ամրագրել օրենքով, օրինական կոռուպցիայի շրջանակներում:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը