Քաղաքական

29.11.2019 15:11


Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն. «Իմ քայլը»-ի պատգամավորը` իր օրենսդրական նախաձեռնության մասին

Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն. «Իմ քայլը»-ի պատգամավորը` իր օրենսդրական նախաձեռնության մասին

Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` անդրադառնալով իր օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում:

Նա նշեց, թե 2005 թվականից մինչ օրս ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել չծառայել, գտնվել արտերկրում և զինապարտության տարիքը` 27 տարին, լրանալուց հետո վերադառնալ հայրենիք, կատարել վճարումները և պատասխանատվության չենթարկվել: «Ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք ավելի շուտ, քան կլրանա նրանց 27 տարին և վճարել 10 միլիոն դրամ, որից հետո ծառայել արագացված ընթացակարգով»,-ասաց պատգամավորը` ընդգծելով, թե համոզված է` շատ քաղաքացիներ կգնան այդ քայլին, կվճարեն այդ 10 միլիոն դրամը, և ՀՀ զինված ուժերն այդպիսով կուժեղանա:

Նա նշեց այն խմբերը, որոնք կկարողանան օգտվել այս օրենքից` արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներ, անձինք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց զավակները ծառայեն.

«Ինչ են անում նրանք, մինչև զորակոչի տարիքի լրանալը արտագաղթում են Հայաստանից, հաճախ` ընտանիքներով: 27 տարին լրանալուց հետո են վերադառնում, այդ ժամանակ հնարավորություն ունեն վճարել առավելագույնը 3.6 միլիոն դրամ և չծառայել»,-ասաց նա, ապա ներկայացրեց իր առաջարկը:

«Մենք ՀՀ ենք վերադարձնելու մեր այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են գալ Հայաստան, բայց քրեական պատասխանատվության չենթարկվելու կամ չծառայելու հանգամանքով պայմանավորված` դեռևս չեն գալիս, կստեղծվեն աշխատատեղեր զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության տեսքով, և մեր բանակը կհամալրվի ֆինանսական միջոցներով»,-ասաց նա:

Վերջինս նշեց` հայոց բանակի զինծառայողների 70 %-ը ծխում է, և նախագիծը կարող է օգտակար լինել նաև դրա դեմ պայքարին: «Ես առաջարկում եմ, որ այդ 10 միլիոն դրամի կեսով ներգրավվեն պայմանագրային զինծառայողներ, մյուս մասով կառուցել նոր մարզասրահներ բոլոր զորամասերում և մեր ԶՈՒ-ում ծառայող զինծառայողներին խրախուսել զբաղվել սպորտով, ինչի արդյունքում կքչանա նաև ծխող զինծառայողների թիվը, և կունենանք ավելի մարտունակ բանակ»,-պարզաբանեց նա:

Դիտարկմանը` չի՞ բացառում, որ օրենքից կօգտվեն հանրապետության ներսում ֆինանսապես ապահով մարդիկ ու իրենց երեխաներին կազատեն պարտադիր զինվորական ծառայությունից, Սարգսյանն արձագանքեց, որ «ունևորներից», այսինքն` 10 միլիոն դրամ ունեցող քաղաքացիներից շատերն այս պահին գտնվում են արտերկրում և պատրաստ են վերադառնալ. «Ես պատրաստ եմ նրանց տալ այս հնարավորությունը, այլապես նրանք այս քայլին չեն դիմում»:

Հարցին, թե արդյոք կարելի՞ է պնդել, որ ՀՀ-ում բնակվող քաղաքացիներին օրենքը չի անդրադառնում, պատգամավորը նշեց`վերաբերում է, բայց հիմնական թիրախը Սփյուռքի մեր հայրենակիցներն են: «Այստեղ բնակվող հարուստ քաղաքացիները նույնպես խուսափում են բանակում ծառայելուց՝ մեկնելով Հայաստանից: Ես ասում եմ՝ տանք հնարավորություն չլքել Հայաստանը»,-ասաց նա` նշելով նաև, որ մեկ ամիս ծառայած քաղաքացիներն էլ են ստանալու զինգրքույկ:

Հարցին` պատերազմական իրավիճակում ինչպե՞ս է պատկերացնում զորահավաքը, Սարգսյանն ասաց. «Այն քաղաքացին, ով խուսափել է կամ խուսափելու է ծառայությունից, միևնույն է, չի վերադառնում: Նրան հայրենիք բերելով՝ տալիս ենք ծառայելու հնարավորություն, նա ընդգրկվում է պահեստազորում ու զորահավաքի կամ պատերազմի դեպքում պարտավորվում է ներկայանալ, հակառակ դեպքում՝ հետապնդվում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»:

Պատգամավորը նշեց, որ նախագծի վերաբերյալ դեռևս քննարկումներ չի ունեցել պաշտպանության նախարարի հետ, այլ պաշտոնյաների հետ քննարկումներ եղել են:

Նա նշեց, թե օրենքի նախագիծն ուղղված է հենց Պաշտպանության նախարարության ուժեղացմանն ու դիրքերում քաղաքացիների թվի աճին, դիտարկմանն էլ, թե ԶՈՒ որակն է ընկնելու, ասաց, թե իր կարծիքով` ճիշտ հակառակն է:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը