Քաղաքական

28.11.2019 16:37


Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Կոստանյանն ասում է՝ իրեն չի զարմացնում ՀՔԾ-ի այս որոշումը

Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Կոստանյանն ասում է՝ իրեն չի զարմացնում ՀՔԾ-ի այս որոշումը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը:

«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,-հայտնեց Օհանջանյանը:

Գևորգ Կոստանյանը դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ: Նա այդ ժամանակ հայտնել էր, որ արտերկրում է և կվերադառնա օրեր անց:

Գևորգ Կոստանյանը 2006 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008 թ. հուլիսի 2-ը: 2008 թ. հուլիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ 2011 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

***

Կոստանյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն չի զարմացնում ՀՔԾ-ի այս որոշումը։

«Բայց մի էական տարբերություն կա՝ իրենք մարդկանց նկատմամբ, այդ թվում՝ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում են իրականացնում, բայց ես իրենց վստահեցնում եմ, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը լինելու է օրինական»։

Հարցին՝ այդուհանդերձ, պատրաստվո՞ւմ է վերադառնալ թեկուզ իր ցանկացած ժամկետում, նա ասաց․ «Ես միանշանակ պատրաստակամություն հայտնել էի և ասել էի՝ երբ եմ վերադառնալու Բայց իրենց նպատակը մեկն է՝ իրենք ամեն ինչ անում են, որ ես չվերադառնամ»։

Այս խորագրի վերջին նյութերը