Քաղաքական

18.02.2011 19:57


Եթե հասարակության մեջ հեղինակություն չէ իշխանությունը, ապա որքանո՞վ է հեղինակություն ընդդիմությունը

Եթե հասարակության մեջ հեղինակություն չէ իշխանությունը, ապա որքանո՞վ է հեղինակություն ընդդիմությունը Այսօր՝ ժամը 17։00–ին, «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է ՀՅ Դաշնակցության կազմակերպած «Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժում» նախաձեռնության անդրանիկ միջոցառումը, որին ներկա էին քաղաքական ուժերի ղեկավարներ, ՀԿ–ներ, հասարակական այլ գործիչներ։ «Ալիք» արհեստակցական միության ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը կոչ է արել բոլոր արհեստակցական միություններին միանալ շարժմանը։ Ելույթ են ունեցել նաև «Նոր Հայաստան» ՀԿ ներկայացուցիչ Էլեոնորա Մանանդյանը և «Իրավունք և արդարություն» ՀԿ նախագահ Նելլի Բաղդասարյանը։ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ելույթ ունենալիս հիշեցրել է «Ոչ»–ի շարժման անցած ուղին և ասել, որ չնայած սկզբում շատերը ծաղրում ու ասում էին, որ շարժումը ոչնչի չի բերի, շարժումն ի վերջո հասավ նրան, որ ապազգային ամենակարևոր ծրագրերից մեկը տապալվեց։ Նա նշել է, որ իրենք կողմ են յուրաքանչյուր շարժման, որն առանց բախումների կհասցնի իշխանափոխության, սակայն իշխանություները ցանկություն չունեն արդար ընտրություններով ինչ–որ բանի հասնել. Եթե մենք այսօր ռեալ ենք գնահատում իրավիճակը, ակնհայտ է, որ Հայաստանը կանգնած է շատ լուրջ ապակայունացման առջև և այսպես շարունակելու պարագայում ժողովուրդն ուղղակի փողոց է դուրս գալու փոփոխությունների համար և յուրաքանչյուր շարժում, եթե ընդդիմադիր է, պետք է պատրաստ լինի այդ փոփոխություններն այնպես անել, որ ամեն ինչ գնա անարյուն,– ընդգծել է Արամ Կարապետյանը։ Եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովյաննիսյանը։ Նա նշել է, որ ելույթը կսկսի բոլորին արդեն հոգնեցրած և ծեծված նախադասությամբ, այն է՝ Հայաստանն ապրում է խոր համակարգային ճգնաժամ, ինքը, սակայն, կփորձի բացատրել, թե դա ինչ է նշանակում։ Վահան Հովհաննիսյանի կարծիքով Հայաստանը հեղինակության ճգնաժամ է ապրում և Հայաստանում վերացել է հեղինակությունը։ Նա նշել է, որ հեղինակությունը միայն իշխելու իրավասությունը չէ, այն մի հիերարխիկ համակարգ է, որտեղ փոքրիկ–փոքրիկ հեղինակությունները կառուցվում են մի ամբողջական հեղինակության համակարգի մեջ և այդ հեղինակության ողնաշարը պահում է ազգը` որպես միասնության։ Վ.Հովհաննիսյանի խոսքերով` իշխանության կողմից նպատակաուղղված ոչնչացվեց թե՛ հայ մտավորական հեղինակությունը, թե՛ տնտեսական կառավարման պատասխանատու անձինք, ինչպես նաև քաղաքական և հասարակական կազմակերպությունների հեղինակությունը։ Սա անելով, հավանաբար, իշխանության մոտ կար այն տպավորությունը, որ ոչնչացնելով հեղինակությունները` կմնա մեկ հեղինակություն՝ իշխանության հեղինակություն։ Սա ամենամեծ խաբկանքն էր,– ասել է Վ.Հովհաննիսյանը և նշել, որ երբ այդ բոլոր հեղինակությունները քանդվեցին, պարզ դարձավ, որ կմախքը չկա և գանգն առանց կմախքի ոչինչ չունի, որի վրա կարող է պահվել։ Այսպիսով կանգնեցինք մի իրավիճակի առաջ, երբ պետությունը զրկվեց հեղինակությունից, որը հիմնված է 2 սյուների վրա։ Այդ սյուներից մեկը կոմպետենտությունն է, իսկ իշխանությունն ապացուցել է, որ ոչ մի մակարդակի վրա ու ճյուղերից և ոչ մեկով կոմպետենտ չէ։ 2–րդ սյունը՝ պատասխանատվությունն է, սակայն 3 նախագահներից և ոչ մեկը պատասխանատվություն չի կրել սխալի կամ հանցանքի համար։ Այս իրավիճակում, նրա խոսքերով, հեղինակության դեֆիցիտն առաջացնում է կեղծ, շինծու հեղինակություն, որը կարող է միայն ու միայն բռնության վրա պահվել։ Նա նշել է, որ երբ հասարակության մեջ սկսվում է իշխանության հրահանգը շրջանցելու փորձ, իսկ դրանք այսօր առկա են բոլոր մակարդակներում, հասկանալի է դառնում, որ հեղինակությունն այլևս արհեստական է։ Այն իշխանությունը, որն ընդունակ չէ հեղինակություն լինել և հավատ ներշնչել ժողովրդին, նա պետք  գնա,–նշել է Վահան Հովհաննիսյանը և ընդգծել, որ այստեղ կա 2 ճանապարհ,–Իրականում, իհարկե, 3, բայց 3–ի մասին չեմ ցանկանում խոսել, դա լճացումն ու մահն է: Մնացած երկու ճանապարհները հենված են մարդկային սկզբունքի վրա, մեկը՝ հաշվեհարդար, ոչնչացում, վրեժ։ Մյուս ճանապարհն ասում է անարդարության դեմ հաստատենք արդարություն, բայց չտանենք ցնցումների։ Ինչպե՞ս դա անել։ Միայն ու միայն վերադարձնելով հեղինակությունն ինքներս մեզ: Նա նշել է, որ եթե հասարակության մեջ հեղինակություն չէ իշխանությունը, ապա որքանո՞վ է հեղինակություն ընդդիմությունը. -Այդ հեղինակությունը մենք Ձեզ հետ կվերադարձնենք և մենք դրա համար ունենք ժամանակ, ուժ ու վճռականություն։ Մենք դա չենք անի արհեստականորեն, ինչպես անում են ուրիշները։ Մեք դա կանենք կամավոր` մեր հայրենիքը սիրելով, և մենք դա անպայման կանենք,– այս խոսքերով իր ելույթն ամփոփել է Վ.Հովաննիսյանը։ Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը