Քաղաքական

26.11.2019 15:32


Հայկ Մարությանը՝ Սամվել Ալեքսանյանի՝ Երևանին «ԿամԱԶ»-ներ նվիրելու մասին

Հայկ Մարությանը՝ Սամվել Ալեքսանյանի՝ Երևանին «ԿամԱԶ»-ներ նվիրելու մասին

Այնքան բան են մեզ նվիրում, անկեղծ եմ ասում՝ ես չեմ հիշում այդ կազմակերպությունների և անհատների անունները, որովհետև ինձ համար այս առումով կարևոր և ոչ կարևոր չկա: Ինձ համար բոլորը կարևոր են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրառանալով Սամվել Ալեքսանյանի կողմից Երևանին «ԿամԱԶ»-ներ նվիրելու թեմային:

Հարցին՝ նվիրատվությունն ինչո՞ւ է գաղտնի պահվել, Հայկ Մարությանը պատասխանեց. «Հավատացեք՝ Երևանի բնակիչներն ամեն ինչ գիտեն: Շատ պարզ է, եթե մենք ասում ենք, որ աղբահանության հիմնարկը 54 մեքենա ունի, և գիտենք, 34 չորսն է գնվել, ապա պարզ է, որ 20-ը նվեր է. բա որտեղի՞ց է»,-ասաց քաղաքապետը և հավելեց, որ միայն «ԿամԱԶ»-ներ չեն, տարբեր մակնիշներով մեքենաներ են նվեր ստացել:

«Չգիտեմ՝ այս պահին որից, որը, քանի հատ, ով և երբ, դա ինձ չի էլ հետաքրքրում: Ինձ արդյունքն է հետաքրքրում, իսկ արդյունքը շատ լավն է, մենք անախադեպ թվով աղբատար մեքենաներ ունենք, որոնք ի շահ մեր համայնքի են գործում: Այնքան բան են մեզ նվիրում»,-նշեց նա:

Անդրադառնալով «Լույս» խմբակցության հայտարարությանն առ այն, որ Երևանի հիմնախնդիրները դուրս են մնացել հնգամյա զարգացման ծրագրից, մասնավորապես դուրս է բերվել տրանսպորտի հարցը, Մարությանը պատասխանեց՝ ոչ մի հարց դուրս չի մղվել, և նշեց, որ ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ հարցի շուրջ:

Քաղաքապետը անդրադարձավ նաև 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու հարցին և նշեց, որ այդ հարցը դուրս է համայնքի լիազորությունից: «Այնուամենայնիվ համայնքն իր վրա որոշ պարտավորություններ է վերցրել, և մենք շատ կոնկրետ գործողություններ ենք անում: Այստեղ շատ խանգարող հանգամանքներ կան, մեզ օրենսդրական փոփոխություններ են պետք»,-ասաց նա և հավելեց, որ դիմել են Կառավարությանը և Ազգային ժողովին:

Մարությանը նշեց, որ շատ մտահոգված է բնակիչների անվտանգությամբ, սակայն օրենքով սահմանված իրավունք չունի պարտադրողաբար նրանց տարհանելու: Նրա խոսքով՝ օրենքի մեջ նման կետ են ավելացրել, որ իրավուք ունենան վտանգի դեպքում նույնիսկ հարկադրաբար նրանց տարհանեն:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը