Քաղաքական

26.11.2019 14:26


Վերքաննիչում քննվում էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը (տեսանյութ)

Վերքաննիչում քննվում էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումը անթույլատրելու համարելու դատարանի որոշման դեմ պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության գործով դատական նիստը։ Նշենք, որ նույն ժամանակահատվածում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Արամ Վարդևանյանը և Հայկ Ալումյանը։ Դատական նիստն ընդմիջվեց, քանի որ դատախազը չէր ներկայացել։ Դատարանը հայտարարեց, որ նա կներկայանա 10 րոպեից։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2019 թվականի նոյեմբերի 7-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին՝ անփոփոխ թողնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։

Դատարանի այս որոշման դեմ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել, ինչը վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է նոյեմբերի 12-ին, իսկ քրեական գործ՝ նոյեմբերի 20-ին եւ նույն օրը այն մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին։

Նշենք, որ դատավոր Մխիթար Պապոյանը մեծ հարգանք ունի փաստաբանների շրջանում՝ որպես պրոֆեսիոնալ դատավոր, սակայն նրա անունը ամիսներ առաջ շահարկվեց որպես իրավապաշտպան հանդես եկող Արտակ Գալստյանի կողմից, ով հայտնի է որպես «Վանոյի Արտակ»։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18-ի որոշումից հետո Արտակ Գալստյանը, գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից:

Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը, սակայն դատավորները չեն հրավիրվել հարցաքննության։

Նշենք, որ փաստաբան Հայկ Ալումյանը մեկ այլ բողոք էլ ներկայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2019թ. կայացված որոշման դեմ՝ պահանջելով բեկանել այն, փոփոխել` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան ազատ արձակել կալանքից , հակառակ դեպքում գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու մասին , սահմանելով գրավի ողջամիտ չափ։ Այս բողոքը մակագրվել է դատավոր Տիգրան Սահակյանին։

Աղբյուրը՝ pastinfo.am

***

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 12։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը