Քաղաքական

26.11.2019 12:49


Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ)

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի՝ Մարտի 1-ի գործով մեղադրանքի եզրակացությունը ստորագրած և վերահսկողությունն իրականացրած դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։
***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին։

Ըստ նրա, դեռևս 2018 թ․ փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ում հրավիրված մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քննարկումների ժամանակ դատախազ Բիշարյանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, նշելով, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան ու որպես վկա հրավիրելու անհրաժեշտություն էլ չկա։

Խուդոյանի խոսքով, քաղաքական որոշակի փոփոխությունների արդյունքում սկսվել են գործընթացներ, որի պարագայում գլխավոր դատախազն ու Կ. Բիշարյանն արդեն տեսել են հիմքեր, մինչդեռ փաստերը և նույն 0038 հրամանագիրը հայտնի են եղել։ Փաստաբանն ուշադրություն հրավիրեց նաև նրան, որ Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և չի կարող սույն գործով մասնակցել որպես մեղադրող։

Մինչ այդ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել Մարտի 1-ի գործով մեղադրանքի եզրակացությունը ստորագրած և վերահսկողությունն իրականացրած դատախազ Պետրոս Պետրոսյանին, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։

Բիշարյանին ներկայացված միջնորդությանը միացել են նաև Փաստաբանական թիմի անդամներ Արամ Օրբելյանը և Ռուբեն Սահակյանը։ Միջնորդությանը միացել է նաև Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, որի ելույթի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր վրդովմունքն է հայտնել, ինչն էլ առաջացրել է փաստաբան Պողոսյանի դժգոհությունը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված է եղել ընդմիջել դատական նիստը, այնուհետև շարունակել։

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը մերժել է դատախազ Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը