Քաղաքական

25.11.2019 21:42


Գևորգ Կոստանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել

Գևորգ Կոստանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օջանջանյանը:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,-նշեց ՀՔԾ խոսնակը:

168.am-ը կապ հաստատեց այս պահին ՌԴ-ում գտնվող նախկին գլխավոր դատախազի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել ՀՔԾ որոշումը:

«Ես և՛ իրենց հետ պայմանավորվածությամբ, և՛ բազմիցս էլ հրապարակային ասել եմ, որ անպայման վերադառնալու եմ ու նաև ասել եմ այս պահին չվերադառնալուս պատճառը: Ասել եմ, որ դասերի եմ, ու երբ սեսիան ավարտվի, գալու եմ»,-ասաց Գևորգ Կոստանյանը:

Վերջինս, սակայն, չգիտի, թե ինչո՞վ է պայմանավորված այս արհեստականությունն ու հրատապությունը, եթե ինքը նրանց ասել է, որ դասընթացն ավարտվելուն պես անպայման գալու է:

«Այլ դետալների ծանոթ չեմ, ձեզնից իմացա, որ նման բան կա: Երբ որ ավելի մանրամասն ծանոթանամ, նոր այդ մասին կխոսենք: Բայց արհեստականությունը, կարծում եմ, բոլորի համար է ակնհայտ»,-նշեց նախկին գլխավոր դատախազը»։

***

«Սա նախատոնական շոու է»,-ՀՔԾ-ի այս որոշման վերաբերյալ Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարեց Գևորգ Կոստանյանը՝ ավելացնելով, որ ՀՔԾ-ի հայտարարությունն իրեն բացարձակ չի զարմացրել, փոխարենը զարմացրել է հապճեպությունը։ «Որովհետև ես շատ երկար բացատրել էի, թե երբ եմ ներկայանալու, երբ որ սեսիան կավարտվեր՝ նոր, բայց այդ հրատապությունն ինքն արդեն խոսուն է։ Հետևաբար մեկնաբանելու անհրաժեշտություն ամենևին չկա։ Ինչ վերաբերում է՝ ի՞նչ հոդվածներով են փորձում մեղադրանք առաջադրել, այդ նույն հոդվածներն են, որի մասին բազմիցս նաև հանրորեն ես ներկայացրել եմ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի առնչությամբ»,-ասաց Կոստանյանը։

Նրա խոսքով՝ այս ամենից իր հետևությունը մեկն է՝ տասը զոհերի բացահայտման անկարողությունը և անգամ ցանկության բացակայությունը։

-Ի վերջո, պատրաստվո՞ւմ եք ՀՔԾ-ի հայտարարած ժամկետում ներկայանալ, թե՞ ոչ։

-Ես ասել եմ՝ երբ եմ ներկայանալու։ Այն, որ ես անխուսափելիորեն ներկայանալու եմ, դա չի քննարկվում, բայց այս հրատապությունն ինձ մոտ լրջագույն կասկածների տեղիք է տալիս, և կարծում եմ՝ ցանկացած ողջամիտ մարդու մոտ հիմքեր կտա եզրակացնելու քննության ուղղվածության մասին։

-Չե՞ք կարծում, որ սահմանված ժամկետում չվերադառնալու դեպքում հետախուզում կհայտարարեն Ձեր նկատմամբ։

-Դա արդեն հարցի 48-րդ կողմն է։

-Մտավախություն չունե՞ք, որ վերադառնալուն պես կձերբակալեն։

-Դա էլ արդեն հարցի 49-րդ կողմն է։

-Չե՞ք վախենում «նստելուց»։

-Ես, առհասարակ, ոչնչից չեմ վախենում, միայն Աստծու պատժից։

Այս խորագրի վերջին նյութերը