Կարծիք

25.11.2019 17:20


Պանթյուրքիստական շանս Հայաստանի համար. մաս 2-րդ

Պանթյուրքիստական շանս Հայաստանի համար. մաս 2-րդ

«Քաղաքականությունն ամբողջապես կարելի է հանգեցնել մեկ բանաձևի՝ երբ գայություն ունի հինգ երկրների միջև փխրուն հավասարակշռություն, աշխատել լինել եռյակի մեջ։ Դա թշնամական կոալիցիաներից միակ գործուն պաշտպանության ձևն է»

Օտտո Ֆոն Բիսմարկ

Ուժերի բալանսը աշխարհքաղաքական գործընթացներում

«Ուժերի բալանս»-ը միջազգային քաղաքականության ամենահին հասկացություններից է, որի մասին գիտեին ու որի վրա կառուցում էին իրենց քաղաքականությունը դեռևս Հին Հունաստանի պոլիսները։ Պոլիսները ձևավորում էին քաղաքների կոալիցիաներ միմյանց միջև հավասարակշռություն ստեղծելու համար, իսկ պատերազմների դեպքում՝ դաշնակիցներ ունենալու համար։

Հետաքրքիր է, որ նույնպես քաղաք-պետությունների միջև տրոհված միջնադարյան Իտալիայում այդ հասկացությունն արդեն քաղաքագիտական բանաձևի է վերածվում ու մտնում միջազգային քաղաքականության մեջ՝ որպես հիմնարար հասկացություն, իսկ 17-րդ դարի կեսերին Եվրոպայում տեղի ունեցած Երեսնամյա պատերազմից հետո կնքված Վեստֆալյան պայմանագրի վրա ձևավորված վեստֆալյան աշխարհակարգի (ըստ որոշ տեսաբանների՝ մինչև այժմ այդ համակարգը գործում է) հիմնական հասկացությունն արդեն «ուժերի բալանսն» է ու այդուհետ, մինչ այժմ, պետությունները միմյանց ուժերն ու ազդեցությունները հավասարակշռելու համար կոալիցիաներ են ձևավորում։

Այսօր աշխարհը գնում է դեպի բազմաբևեռ համակարգի, որտեղ սկսում են ուրվագծվել տարբեր երկրների տակտիկական ու ստրատեգիական կոալիցիաներ։ Այս առումով Սիրիայի իրադարձությունները հետաքրքիր մոդել են նման զարգացումների ճակատագիրը տեսնելու համար։

Հասկանալի է, որ կոալիցիաները պետք է ունենան ընդհանուր շահեր, նաև գաղափարական ու աշխարհայացքային ինչ-որ ընդհանրություններ, սակայն, ամենակարևորը՝ երկրներին միավորում է ընդհանուր վտանգը։ Հաճախ, այդ վտանգները փոխադարձ են լինում։

Ցանկացած կոնֆլիկների դեպքում երկրները փորձում են ձեռք բերել դաշնակիցներ։ Հատկապես այն երկրները, որոնք սահմանափակ են մարդկային, ռազմական ուժի, տեխնիկայի, տնտեսական պոտենցիալի առումով, պետք է իրենց հնարավոր դաշնակիցների համար լինեն համոզիչ՝ ընդհանուր շահերի առումով։

Պանթյուրքիզմի վերածնունդը

Պանթյուրքիզմը, թյուրքիզմը, թուրանիզմը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին առաջացած գաղափարախոսություններից են, այնպիսին, ինչպիսին էին պանսլավիզմը, պանգերմանիզմը, պանիսլամիզմը, պանարաբիզմը և այլն: Ցուցակը կարելի է երկար թվարկել։ Պանթյուրքիզմն իր գաղափարախոսական «եղբայրների»՝ պանարաբիզմի, պանսլավոնիզմի, պանգերմանիզմի, պանիսլամիզմի եւ 19-րդ դարում ծնված մյուս նմանատիպ գաղափարախոսությունների մեջ այն եզակիներից է, որը 21-րդ դարում տակավին պահպանվել է։ Ավելին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերով ստեղծվել են թյուրքական երկրները միավորող քաղաքական կառույցներ, ձեւավորվել են աշխատանքային խմբեր։

Ավելին, վերպետական կառույցներ են ձևավորում՝ ի դեմս Թյուրքալեզու երկրների միության, Թյուքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի, Նախագահների խորհրդի և այլն: Այդ կառույցներն ունեն 5 անդամ երկրներ, մեկ դիտորդ երկիր՝ Հունգարիա, պոտենցիալ անդամ՝ Թուրքմենիան և տարբեր երկրների կազմում տարածքներ, ինքնավար միավորումներ, որոնք նույնպես դիտարկվում են որպես ապագա անդամներ՝ անկախություն ձեռք բերելուց հետո:

Հատուկ պետք է հիշատակել, որ կազմակերպություններից ամենագլխավորը՝ Թյուրքական խորհուրդը՝ ստեղծվել է Նախիջևանում (վայրի ընտրությունն ուներ խորհրդանշական նշանակություն), և պատահական չէր, որ այս տարվա հոկտեմբերին Բաքվում կայացած Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովի ժամանակ Ալիևը հայտարարեց, որ թյուրքական աշխարհի միասնական ցամաքային տարածությունը խզվում է Հայաստանով, իսկ Զանգեզուրը և առհասարակ Հայաստանը պատմական ադրբերջանական տարածք են։ Ալիևը պանթյուրքիստական առաջնահերթ նպատակ է առաջ քաշում։

Պանթյուրքիզմի մարտահրավերն ու մեր հնարավորությունները

Բաքվում կայացած թրքախոս երկրների գագաթնաժողովից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարի, արտգործնախարարի, խորհրդարանի ղեկավարի եւ բարձրաստիճան այլ ղեկավարների այցերը Հայաստան, նրանց հայտարարությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ Էրդողանի խուսանավումները պետք է դիտարկել այս համատեքստում։

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը Թուրքիայի վրա որպես ճնշում է օգտագործում, իսկ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի նախօրյակին Սենատի օրակարգում նույն հարցի ընդգրկումը, այցի ընթացքում նույնիսկ ԱՄՆ սենատորի ժխտողական վետոյի կիրառումն արդեն քաղաքական առևտուր են:

Ակնհայտ է, բոլորը բոլորին օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար, կան նաև՝ միայն օգտագործվողներ, որոնք դեռևս չեն սովորել իրենց շահերը հիմնավորել ու դրանց պաշտպանելու համար քաղաքականություն վարել։

Մեծ քաղաքականության մեջ բարոյական խնդիրների մասին մտածում են միայն քաղաքական ռոմանտիկները։ Աշխարհաքաղաքական անորոշությունը, որն առաջացել է Սիրիայի դեպքերի կապակցությամբ, երկրներին ստիպում է մտնել խարդավանքների, երկակի խաղերի եւ այլ գործարքների մեջ։

Առհասարակ՝ նման գաղափարախոսությունները հարակից երկրների համար վտանգ են ներկայացնում։ Համաթյուրքականությունը վտանգավոր է Ռուսաստանի, Իրանի, Հունաստանի, անգամ Չինաստանի համար, բնականաբար նաեւ՝ Հայաստանի ու Վրաստանի։ Նման գաղափարախոսությունները սպառնալիք են դեռեւս գոյությունը պահպանող աշխարհաքաղաքական հավասարակշռության համար։

Ցանկացած մարտահրավեր իր մեջ պարունակում է ինչպես վտանգներ, այնպես էլ հնարավորություններ: Ամեն ինչ գնում է նրան, որ ձևավորվում է բազմաբևեռ աշխարհ, որտեղ կսկսեն ձևավորվել մեծ կոալիցիաներ։ Միջազգային քաղաքականությունը վերադառնում է Վեստֆալյան աշխարհակարգի դասական մոդելի, որտեղ ձևավորվում են կոալիցիաներ՝ ըստ շատ կոնկրետ, շահադիտական խնդիրների հիման վրա։

Հոդվածի 1-ին մասն՝ այստեղ։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը