Տնտեսական

24.11.2019 12:47


Հայտարարվում է՝ կառուցվելու է 330 կմ ճանապարհ, որից 80 կմ-ը՝ մեկ աղբյուրից գնման միջոցով, առանց մրցույթի. Սուրեն Պարսյան

Հայտարարվում է՝ կառուցվելու է 330 կմ ճանապարհ, որից 80 կմ-ը՝ մեկ աղբյուրից գնման միջոցով, առանց մրցույթի. Սուրեն Պարսյան

Ս.թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մեր արտաքին պարտքը նախորդ տարվա համեմատ ավելացել է 129 միլիոն դոլարով, թեև ՀՆԱ-պարտք հարաբերակցությունը նվազել է, սակայն բացարձակ թվով ավելացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը` անդրադառնալով ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով ՀՀ-ին կտրամադրվի վարկ` 45.8 մլն եվրո գումարի չափով:

«Այս տարի առիթը բաց չենք թողնում նշելու, որ լրացուցիչ հարկեր ենք հավաքագրել, ինչպես նաև մոտ 300 միլիարդ դրամ չօգտագործված գումարներ ունենք Կենտրոնական բանկում ավանդադրված, այս պայմաններում պարտք վերցնելը տնտեսական, ֆինանսական տեսանկյունից պարզապես անհասկանալի է և կարծում եմ, որ մեր ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն այս պահին չի իրականացվում, այդ քաղաքականությունը պետք է վերանայվի»,-ասաց նա:

Սուրեն Պարսյանը հատկանշական համարեց, որ Համաշխարհային բանկից վերցվող վարկերը պետք է ուղղվեն 2019 թվականի պակասուրդի սպասարկմանը, այն դեպքում, երբ մեր պակասուրդի չափով ավելի գումար ենք հավաքագրել: «Այս իրավիճակն իրոք անհասկանալի է, սա վկայում է միայն այն մասին, որ կառավարությունը միջազգային կազմակերպությունների, դոնորների բարեհաճությունը կամ գովեստին արժանանալու համար այս վարկային միջոցները ներգրավում է, երբ իրեն այս գումարները պարզապես պետք չեն: Ստացվում է, որ մի կողմից կամավորությամբ է վերցնում, մյուս կողմից՝ պարտադրված, որպեսզի նման ֆինանսական ընկերությունների հետ կարողանա իր գործունեությունը շարունակել: Սա կարելի է ձևակերպել որպես վճար համաշխարհային գովազդի արժանանալու համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ պատգամավոր եղած տարիներին Նիկոլ Փաշինյանը բոլոր վարկային համաձայնագրերին դեմ է քվեարկել` պատճառաբանելով կոռուպցիոն ռիսկերը, այն ինչ կառավարությունը ընդունեց վարկային համաձայնագիր, Սուրեն Պարսյանն ասաց. «Հիմա էլ բավականին զգալի կոռուպցիոն ռիսկեր կան պետական գնումների համակարգում և դրա ամենացայտուն օրինակը ճանապարհաշինությունն է, երբ հայտարարվում է 330 կմ ճանապարհ պետք է կառուցվի, որից 80 կմ կառուցվելու է մեկ աղբյուրից գնման միջոցով՝ առանց մրցույթի: Այս իրավիճակում կոռուպցիոն ռիսկերը պետական գնումների համակարգում չեն նվազել, հակառակը`ավելացել են և այս ուղղությամբ մեծ անելիք ունի այս կառավարությունը: Որպես ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ էր տալիս նման բան անել, բայց հիմա վարչապետ է և վարչապետը, ըստ էության, աշխատում է ոչ միայն ներքին լսարանի համար, այլ նաև արտաքին միջազգային դոնորների հետ»:

Այս խորագրի վերջին նյութերը