Լրահոս

21.11.2019 16:45


«Փաշինյանին հարցեր ուղղած բլոգերը ժամանակին դատվել է խարդախության համար»․ Մարտիրոսյան

«Փաշինյանին հարցեր ուղղած բլոգերը ժամանակին դատվել է խարդախության համար»․ Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաևի հետ կապված միջադեպին, երբ վերջինս ներխուժել էր Միլանի հայկական եկեղեցի և հարցեր ուղղել ելույթ ունեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Սամվել Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ Աբդուլաևը յուրահատուկ բլոգեր է և հայտնի է դարձել, երբ ժամանակին փորձում էր ոստիկանությանը օգնել ցույցեր ցրելու գործում:

«Դրանից առաջ Աբդուլաևը ներգրավված էր ֆուտբոլային խնդիրներում, նույնիսկ դատվել էր խարդախության համար: Ենթադրաբար, հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրան ներգրավվել են իրենց գործունեության մեջ»,-նշում է Սամվել Մարտիրոսյանը։

Ադբուլաևն այժմ սպասարկում է իշխանություններին, ելույթ է ունենում հանրային հեռուստատեսությամբ: Միլանում նա փորձել է սադրանք իրականացնել՝ ակնկալելով, որ լավագույն դեպքում իրեն այնտեղ կծեծեին, թույլ չէին տա ներս մտնել, հակառակ դեպքում` պլանավորել էր հարցեր ուղղել Փաշինյանին՝ ինչ-որ բան քաղելու նպատակով:

«ՀՀ վարչապետի պատասխանը նույնիսկ չարժե գնահատել այն առումով, որ կարևորություն այդտեղ չկա: Փաստն այն է, որ սադրանքի հարցում ադրբեջանցին ձախողվել է»,-նշում է Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը, ըստ ամենայնի, գրոհային է ուղարկել, որպեսզի կարողանար լավ աղմուկ-աղաղակ, կռիվ բարձրացնել` դիվիդենտներ շահելու համար, սակայն հակառակը եղավ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը