Կարծիք

19.11.2019 11:39


Բոլորով կորցնելու ենք հավատը հերթական ժողովրդավարական արժեքի՝ խոսքի ազատության հանդեպ

Բոլորով կորցնելու ենք հավատը հերթական ժողովրդավարական արժեքի՝ խոսքի ազատության հանդեպ

Քննադատությանը պատասխանելու ամենահեշտ ձևն է «իսկ դո՞ւ ով ես, որ քննադատես»-ը՝ իր տարբերակներով («սաղ քանդել եք, հիմա էկել եք ի՞նչ եք խոսում», «ինչո՞ւ շուտ չէիր խոսում», «շուտով բոլորով կտեսնենք, թե Դուք/Ձերոնք/Ձեր բաջանաղը ինչեր է արել, ու ավելի լավ է՝ լռեք», «ես ոչինչ չունեմ պարզաբանելու մերժվածներին/կոռումպացվածներին/նախկիններին», «դու այսինչի կուսակիցն ես/ընկերն ես/կողքը նստածն ես/ուսմասվարն ես, էդքանից հետո՝ ես քեզ հետ ի՞նչ խոսեմ» և այլն)։

Եթե ուզում ես բանավեճը տեղափոխել «դիսկրեդիտացիայի» դաշտ, միշտ կարող ես։ Միշտ։ Որովհետև սրբեր ու հրեշտակներ չկան։ Ավելին, մեկ «դիսկրեդիտացիոն փաստարկը» միշտ ստվերելու է տասը բովանդակայինը։

Մինչդեռ «դիսկրեդիտացիոն բանավեճը» (եթե իհարկե «բանավեճ» բառը տեղին է) սպանում է խոսքի ազատության բուն էությունը՝ ճշմարտությունը վեճի մեջ ի հայտ բերելու գործառույթը։

Իսկ դիսկրեդիտացիոն բանավեճին ապավինողները հեռանկարում միշտ կորցնելու են, քանի որ սրբեր ու հրեշտակներ այնուամենայնիվ չկան։ Իսկ «դիսկրեդիտացիոն հարվածներին» երբեմնի ծափահարողները վաղն էլ են ծափահարելու։ Արդեն հակադարձ դիսկրեդիտացիաներին։

Իսկ արդյունքում՝ բոլորով կորցնելու ենք հավատը հերթական ժողովրդավարական արժեքի՝ խոսքի ազատության հանդեպ։ Ու արդեն կորցնում ենք։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը