Քաղաքական

19.11.2019 09:08


Ջրցան մեքենա է կիրառվել․ Ռուսթավելի պողոտայում ցույցը ցրել են (տեսանյութ)

Ջրցան մեքենա է կիրառվել․ Ռուսթավելի պողոտայում ցույցը ցրել են (տեսանյութ)

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ուժով ցրել է խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին։

Այս պահին խորհրդարանի բոլոր մուտքերը բաց են, տեղադրված կողպեքները հանվել են իրավապահների կողմից։

Պողոտայում արդեն աղբատար մեքնենար են հայտնվել, տարածքը մաքրվում է։ Ավելի վաղ այստեղից նաև վրաններն էին ապամոնտաժվել։

Ցուցարարների մեծ մասը դեռևս շարունակում է կանգած մնալ փողոցներում։ Հանրահավաքի առաջնորդներն այս պահին հավաքվել են Մարիոթ հյուրանոցում՝ քննարկելու համար հետագա անելիքները։ Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր գործիչ Դավիթ Ուսուփաշվիլին ասել է, որ հույս ունեն՝ միջազգային հանրությունը պատշաճ գնահատական կտա այսօրվա կատարվածին ու կկանգնի Վրաստանի կողքին։

Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու՝ օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել, միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ կայացած ցույցի ընթացքում բերման է ենթարկել 18 քաղաքացու: Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ն՝ հավելելով, որ ոստիկանական ուժերի կողմից անցկացված միջոցառումներից հետո խորհրդարանի մուտքերն «արհեստականորեն ստեղծված բարիերներից մաքրված են, ինչպես նաև բաց են բոլոր մուտքերը»:

«Այսպիսով, օրենսդրական մարմինը կարող է շարունակել գործունեությունը: 18 անձ է բերման ենթարկվել վարչական իրավախախումների առիթով: Նշված անձինք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով»,-նշված է հայտարարության մեջ:

ՆԳՆ-ն ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին գործել օրենքի սահմաններում և զգուշացրել, որ հակառակ դեպքում հատուկ միջոցներ կձեռնարկեն:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը