Մեկնաբանություն

17.11.2019 23:02


Ինչպես են «սևանում» և «սպիտակում». փաշինյանական ձեռնարկ

Ինչպես են «սևանում» և «սպիտակում». փաշինյանական ձեռնարկ

Ակնհայտ «զռռում» է, որ «բարձր տնից» հրահանգ է իջեցվել հարձակվել նորանկախ Հայաստանի 1–ին վարչապետ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատան» վրա։ Տպավորությունն այնպիսին է, որ պաշտպանյալը շատ է հուզված ու չեն օգնում անգամ դեղերը։

Ու քանի որ «Վերնատան» համաժողովի դեմ բովանդակային առումով ասելիք չկա, գործի է դրվել հայհոյանքը։

Բացի պետպատվերով հայհոյանքից փորձել են այլ կոդեր էլ գտնել։ Մտածել, մտածել, մտածել են ու եկել այն եզրակացության, որ պետք է ակումբի անվան մասով պաթետիկ բաներ գրել ու հայ գրողների պաշտպանը դառնալ։

Սրանց, իբր, դուր չի եկել, որ կրկնվել է թումանյանական «Վերնատունը»։ Ուշագրավն այն է, որ քննադատողների մեջ կան այնպիսիք, որոնք ձայն չեն հանել կամ նույնիսկ պաշտպանել են «Սասնա ծռեր» անվան տակ հանդես եկողներին ու չեն նեղվել, որ օգտագործվել է էպոսային անունը։

Մյուս կոդով, որով ուզում են քննադատել Վազգեն Մանուկյանին, դա նրա, իբր, «սև» լինելն է։ Ասում են նա համագործակցել է նախկին իշխանության հետ, ու հետևաբար՝ «սև» է։ Դե եթե «սև» է, ուրեմն պետք է հարձակման ենթարկվի։

Քննադատական այս կոդը կաղում է երկու ոտքից, և ահա՛ թե ինչու։

Եթե նախկին իշխանության հետ համագործակցելը կամ նախկինների հետ շփվելը նիկոլենք մեծագույն մեղք են համարում, ապա նրանց հետ չենք ուզում վիճել։ Բայց այստեղ մի փոքր նրբություն կա։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը «սևագույն» կերպար է, քանզի հաճախորդի կարգավիճակով համագործակցել է նախկինների հետ։ Դրա դիմաց նրան թույլ տվեցին 2 անգամ ԱԺ պատգամավոր դառնալ։ Նիկոլի կարգավիճակն այդ առումով շատ վատն է։ Նա ոչ թե իրենց չսիրած «սևերի» հետ է եղել, այլ՝ «սևերի» տակ։

Բացի այդ, Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին վերանշանակեց Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, թե Մանուկյանը ընտրակեղծիքների զոհ է։ Բա եթե Մանուկյանը «սև» էր, ապա ինչո՞ւ Նիկոլը նրան վերանշանակեց։

Իրականությունն այն է, որ Նիկոլի մոտ «սևանում» կամ «սպիտակում» են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Եթե ենթարկվում են իր ապօրինի հրահանգներին ու կամակատար դառնում, ապա «սպիտակ» են ու «սրտի պաշտոնյա», իսկ եթե առաջնորդվում են ոչ թե «վոժդի» ասածներով, այլ օրենքով ու սեփական համոզմունքով, ապա «սևանում» են։

Այսպես, Նիկոլի ու իրեն կից անգրագետ պողոսների սրտի գլխավոր դատախազ է նախորդ իշխանության ժամանակ էլ նույն պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանը, ով մինչև իշխանափոխությունը Նիկոլին կալանավորելու միջնորդությամբ մտել էր խորհրդարան։

Նիկոլի համար «սպիտակ» են նաև իր իսկ կողմից նախկինում թվանկարիչ ու ընտրակեղծարար հռչակված ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և ոչ պակաս թվանկարիչ հռչակված ԱՎԿ պետ Ստեփան Մնացականյանը, ով, ի դեպ, հետհեղափոխական Հայաստանում սիրում է պաշտոնական վիճակագրությունը հետին թվով խմբագրել ու հարմարեցնել «ժողովրդի» վարչապետի քմահաճույքներին։

Մինչև վերջերս «սպիտակագույն» դեմք էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, բայց հենց նա ասաց, որ Նիկոլը անհավասարակշիռ է, կարևորը երկրորդականից չի տարբերում և ընդհանրապես հեռու է պետական կառավարման համակարգից, անմիջապես պիտակավորվեց որպես «սև»։

Եթե Վազգեն Մանուկյանն իրեն պահեր Դավթյանի կամ Մուկուչյանի պես, ապա վստահաբար հիմա «սպիտակ» կհռչակվեր կառավարությանը կից ֆեյքային արտադրամասի կողմից։ Բայց քանի որ դա չի արել, ուստի նրան «սևացնում» են, բայց դա չի կարող աշխատել։ Շունը հաչում է, քարավանը գնում է։

Մի խոսքով, Նիկոլի համար «սև» ու «սպիտակը» շատ հարաբերական է և խիստ անձնավորված։

Մի օրինակ էլ բերենք ու սրանով ավարտենք։

Երեկ Նիկոլը Մալաթիայի բնակիչներին համարում էր լֆիկական «Օսվենցիմի» զոհեր, որոնց պետք է ազատագրել։ Իսկ հիմա Լֆիկ Սամոն դարձել է Փաշինյանների ընտանիքի սրտի օլիգարխը, ներեցե՛ք, սեփականատերը։

Ահա այսպիսի բաներ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը