Մեկնաբանություն

16.11.2019 09:15


Ոչ թե ընդդեմ, այլ` հանուն. «Վերնատան» առաքելությունը

Ոչ թե ընդդեմ, այլ` հանուն. «Վերնատան» առաքելությունը

Ընդդիմադիր ուժերի համախմբումը, որի մասին տեւական ժամանակ խոսվում է, որին անհամբերությամբ սպասում էր մեր հասարակության` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ, մեղմ ասած, «անհասկանալի» զարգացումներով, պետական ինստիտուտների «թավշյա կազմալուծման» հեռանկարով, ընդհանրապես երկրի ապագայով մտահոգ քաղաքականապես ակտիվ հատվածը, կարծես՝ միս ու արյուն է ստանում` ի դեմս «Վերնատուն» քաղաքական-հասարակական ակումբի շուրջ ծավալվող կոնսոլիդացիոն գործընթացների։ Դա այն հարթակն է, որտեղ կարող են հնչել քաղաքական տեսակետներ, այլ ոչ թե ամբոխային տեքստեր։

Եվ շատ կարեւոր է, որ միավորիչ այդ գործընթացը տեղի է ունենում քաղաքական դաշտի հնաբնակներից մեկի` քաղաքական լուրջ կենսագրություն եւ հեղինակություն, իր շուրջ հանրային, քաղաքական լայն կոնսոլիդացիա ստեղծելու փորձառություն ունեցող մի մարդու շուրջ, ինչպիսին ՀԽ այլեւս նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է։

1996թ. նախագահական ընտրություններում այդ համախմբումը ոչ միայն ծառայեց իր նպատակին, այլեւ, կարելի է ասել` արեց անհնարինը. դարձավ ընդդիմադիր տրամադրությունների, ՀՀՇ-ի ապազգային, ապաշնորհ քաղաքականությունն արմատից մերժող ազգային ուժերի բյուրեղացման կենտրոն, եւ հաղթեց։ Վազգեն Մանուկյանն այն ժամանակ ստացավ ժողովրդի վստահության քվեն, եւ ՀՀՇ-ական պարագլուխներին այլ բան չէր մնում, քան «գողանալ» այդ հաղթանակը` «տանկերի թրթուրների տակ» ճզմել ժողովրդի ընդվզումը, Տեր-Պետրոսյանին, ընտրությունների արդյունքները դեռ չամփոփված, հռչակել «հաղթած նախագահ» (ինչպես 2008-ին), եւ առանց ձեւականությունների հետեւից ընկնելու` հենց Հ1-ի եթերում ցուցադրաբար շամպայնով նշել այդ պյուռոսյան հաղթանակը։

Ժամանակից առաջ չընկնենք, բայց կան բոլոր հիմքերը` ասելու, որ հենց «Վերնատան» տանիքի ներքո խմորվող այս գործընթացը կարող է դառնալ «առարկայական» այն հենքը, որի վրա կարող է կյանքի կոչվել քաղաքական փոփոխության գործընթացը։ Կոնսենսուսը, որի մասին այդքան խոսվում էր, երեկ կոնկրետ դրսևորում է ստացել։ Կոնսենսուս, որի մի կողմում «թավշյահեղափոխական» կառավարման կործանարար հետեւանքները գիտակցող առողջ ուժերը եւ գործիչներն են` իրենց ոլորտներում կայացած քաղաքագետներ, վերլուծաբաններ, տնտեսագետներ, իրավապաշտպաններ, քաղաքական, քաղաքացիական ակտիվիստներ, մյուս կողմում` իր սնանկությունն ապացուցած նիկոլա-լեւոնա-սորոսական իշխանությունն՝ իր «լուսավոր» արբանյակով, որ որեւէ ընդհանուր եզր չունի մեր ազգային իղձերի եւ նպատակների հետ։

Իսկ նպատակը` համախմբման առանցքը, մեկն է. ոչ թե վերադարձնել անցյալը` դրա բացասական, շատ դեպքերում մերժելի դրսեւորումներով, այլ տեր կանգնել բոլոր ձեռքբերումներին ու ավելացնել նորը և պաշտպանել մեր հաղթանակները տնաբույծ «քայլող հեղափոխականներից», որոնք՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրավական պետություն կառուցելու, դատական համակարգի անկախությունն ապահովելու, տնտեսությունը «թռիչքաձեւ» զարգացնելու, «սիրո եւ համերաշխության», «թշնամանքի եւ ատելության էջը փակելու», «վենդետտաներ չանելու» կարգախոսներով եկան իշխանության, եւ արեցին ճիշտ հակառակը։ Երկիրը դարձրին թշնամանքի եւ ատելության, իրավական բեսպրեդելի, սեփական կույր վրեժխնդրության, ճղճիմ շահերի ու հաշվարկների, տգիտության, անձեռնահասության պատանդ։

Վազգեն Մանուկյանն արեց իր քայլը` հրաժարական տվեց ՀԽ նախագահի պաշտոնից. ոչ թե` որովհետեւ պարտավոր էր կամ խախտել էր «քաղաքական չեզոքության» նորմը, ինչպես փորձում են ներկայացնել քայլարածներն ու սրանց քարոզիչները, եւ կամ` «հուզվել էր» գործ տվող պատգամավորի Փաշինյանին ուղղված «պահանջագրից», այլ` որովհետեւ չէր կարող մտնել Նիկոլի «թեւի տակ», հանգիստ նստել տեղը` ջայլամի պես գլուխը մտցնելով ավազի մեջ եւ ձեւացնելով, թե ամեն ինչ լավ է։

«Վերնատան» հարթակում հավաքվել է քաղաքական, մարդկային, մտավոր (առաջին հերթին` մտավոր) լուրջ պոտենցիալ, որ անհրաժեշտ է հունավորել` կազմակերպական ձեւ տալ դեռեւս սաղմնային վիճակում գտնվող այդ կառույցին եւ վերածել քաղաքական կապիտալի։ Եվ Վազգեն Մանուկյանը, թեեւ ասում է, որ չի հավակնում «միակ եւ անփոխարինելի» լիդերի դերին, իր անցած ճանապարհով, Ղարաբաղյան շարժման մեջ, արցախյան ազատամարտում ունեցած ծանրակշիռ դերակատարությամբ, լայնախոհությամբ, պետական մտածողությամբ, վաստակել է «թավշյա անձնիշխանությանն» իրական այլընտրանք` ընդդիմադիր լուրջ բեւեռ ձեւավորելու իրավունքը։

Իհարկե, շատ բան կախված է նաեւ մասնակիցներից։ Այն, ինչ տեսանք «Վերնատան» առաջին համաժողովում, թույլ է տալիս լավատես լինել, ասել, որ, ի դեմս ՄՀՀ կլոր սեղանի շուրջ հավաքված քաղաքական, հասարակական գործիչների եւ անհատների՝ գործ ունենք մեր ինքնության հենասյուները «ներքին եւ արտաքին էքսպանսիայից» պաշտպանելու, Արցախին եւ Հայաստանին սպառնացող մարտահրավերներից «ատամներով պաշտպանվելու» կարեւորությունը գիտակցող մարդկանց եւ քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են վեր կանգնել այսրոպեական շահերից եւ հասարակությունը սեւ-սպիտակի բաժանելու, եղած բաժանարար գծերը խորացնելու ջլատիչ «քաղաքականությանը» հակադրել հանուն վաղվա օրվա, վերջին մեկուկես տարում, թվում է, անհուսալիորեն խաթարված հասարակական համերաշխության մթնոլորտի վերականգնման համախմբվելու վճռականությունը։

«Թավշյա վարչապետի» վարկանիշի շարունակական անկման պայմաններում իշխող վարչախմբի համար կենսական խնդիր է` թույլ չտալ, որ այդ համախմբումը տեղի ունենա, ինչն էլ փորձում են անել` ներկայացնելով դա որպես «նախկինների եւ ներկաների», «երեկվա եւ այսօրվա», «հնի ու նորի» պայքար, բայց դա էժանագին բլեֆ է` «բաժանիր, որ տիրես» ամենափրկիչ թեզն իրացնելու անճարակ փորձ։

Այնպես որ, բարի երթ եւ իմաստնություն մաղթենք «Վերնատան» մասնակիցներին։ Մնացածը` հետո կերեւա...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը