Կարծիք

14.11.2019 11:29


Որտե՞ղ է բացակայում Հայաստանը․ հանրության աչքից հեռու են, ֆեյսբուքյան օրակարգից՝ դուրս

Որտե՞ղ է բացակայում Հայաստանը․ հանրության աչքից հեռու են, ֆեյսբուքյան օրակարգից՝ դուրս

Ամիսներ առաջ մենք հրապարակել էինք երկու վերլուծություն՝ «Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը» թեմայով։ Դեռևս հեղափոխության բուռն էյֆորիկ փուլում մեր դիտարկումները հանգում էին այն մտքին, որ Հայաստանի ներքին օրակարգը աստիճանաբար ձևավորվում է այլ կենտրոններից։ Ամենապարարտ միջավայրը ներքին թշնամանքն է ու սեփական էլիտայի կողմից ինքնուրույն սեփական օրակարգ ձևավորելու անկարողությունը։

Այս պայմաններում լավի կամ վատի ընտրության հարց չկա. եթե քո ներքին օրակարգը դու չես ձևավորվում, ապա միևնույն է, թե դրսից ով կանի դա քո փոխարեն. միևնույն է՝ վատ է։

Տեղեկատվական հոսքերը և Հայաստանում կատարվող իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը հայտնվում է գերտերությունների շահերի ու հետաքրքրությունների բախման հարթությունում։ Սա այն է, ինչից պետք էր խուսափել, ինչի մասին մենք զգուշացնում էինք ամիսներ առաջ։ Դրսից օրակարգ հրամցնելը ազդեցության սահմանման կարևորագույն գործիքներից է, ի թիվս այլ գործիքակազմի։ Խնդիրն այն է, որ գերտերությունների շահերի ու հետաքրքրությունների բախման հարթությունում, եթե այն նույնիսկ տեղի է ունենում Հայաստանում, մեր երկիրը կարող է բացակայել։ Ոչ միայն Հայաստանի շահը կարող է բացակայել, այլև բուն պետությունը չլինի վերջնահաշվարկում։

Տեսանելի ակտիվություն

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերջին շրջանում ցուցաբերում է նկատելի ակտիվություն։ Հանդիպումներ ՀՀ վարչապետի հետ, ՀՀ գործող նախագահի հետ, 3-րդ նախագահի հետ, ԱԺ նախագահի հետ, գործող-չգործող մանր մունր կուսակցությունների հետո, որոնք որպես փոխանցիկ դրոշ անցնում են ԱՄՆ մեկ դեսպանից մյուսին և այլն։

Կա որոշակի տեղեկատվություն, որ ՀՀ-ում այսպես կոչված դատաիրավական բարեփոխումները իրականացվում եմ ԱՄՆ ուղիղ խորհրդատվությամբ կամ ավելի ճշգրիտ ձևակերպմամբ՝ բառացի թելադրանքով։ Խոսքը վերաբերում է այսպես կոչված «Անցումային արդարադատությանը», «Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման օրինագծին» և այլն։ Չի բացառվում, որ ստվերային ազդեցության եղանակներով «խորհրդատվություն» է իրականացվում նաև քաղաքական խնդիրները դատաիրավական ճանապարհով լուծելու հարցերում։

Պաշտոնական հանդիպումների ընթացքում դեսպան Լին Թրեյսին բաց հայտարարում է. «ԱՄՆ-ն լիակատար աջակցություն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»։ Տվյալ դեպքում դժվար չէ կռահել, թե խոսքը ինչ օրինագծերի և սպասվելիք ինչ զարգացումների մասին է։

Դրանք հենց այն զարգացումներն են, որոնք Հայաստանի ստրատեգիական դաշնակցի Ռուսաստանի մոտ առաջացնում են կենսական անտագոնիզմ։ Ակնհայտ է, որ իր իսկ ռազմավարական շահերից ելնելով Ռուսաստանը չի հանդուրժելու Հայաստանի համար նման ներքին օրակարգի ձևավորումը։

Հայաստանը հայտվում է խիստ անբնական և խիստ վտանգավոր տիրույթում. իր առաջիկա զարգացման օրակարգը ձևավորում է ԱՄՆ լիակատար աջակցությամբ, իսկ անվտանգության խնդիրը լուծվում է Ռուսաստանի աջակցությամբ։ Սա նոնսենս է։ Նման բան չի կարող լինել։ Պետությունները չեն կարող գտնվել այլ գերտերության օրակարգային տիրույթում, և միաժամանակ գտնվել նրան հակառակ, այլ գետերության անվտանգության համակարգում։ Սա տեսանելի ապագայում բերելու է լուրջ խնդիրների։

Կա նաև հարցի տնտեսական կողմը։ Կյանքը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Հայաստանի համար ներդրումների ամենախոշոր և ամենաիրական աղբյուրը ՌԴ-ն է։ Մեկ օրինակով կարելի է ցույց տալ Հայաստանի համար իրավիճակի ողջ ռիսկայնությունը։ Մի դեպքում Հայաստանը կարող է տուրք տալ ԱՄՆ հորդորներին գնալ բանկային գաղտնիքի թուլացման ճանապարհով, իսկ հետո ակնկալել, որ ռուսական կապիտալը կարող է գալ Հայաստան։ Նման բան չի կարող լինել։ Ռուսական կապիտալը երբեք չի գա Հայաստան, եթե նրա բանկային գաղտնիքը լիարժեք պաշտպանված չէ, ավելին՝ ուղղակի մատչելի է ամերիկյան կողմի համար։ Սա շատ պարզ շահերի կոնֆլիկտ է, որը կիրառվել է նաև այլ երկրներում։

Ընդ որում, ամենուր գործում է նույն օրենքը՝ որևէ երկրի տարածքում գերտերությունների հետաքրքրութունների բախումից տվյալ երկիրը ոչինչ չի շահում, այլ միայն տուժում է։ Այս տարի օտարերկրյա ներդրումները տնտեսության իրական հատվածում կազմել են ընդամենը 15 մլն դոլար։ Միայն այս թիվը հերիք է հասկանալու համար, որ գերտերությունների շահերում Հայաստանը չորրորդական տեղում ունի, և նաև հերիք է հասկանալու համար, որ այդտեղ մեղքի 90 տոկոսը մերն է։

Աննկատ պրոցեսների ռումբը

Ցուցադրական ակտիվությանը և հրապարակային աջակցությանը զուգահեռ մեր երկրի տարածքում ընթանում են նաև այլ պրոցեսներ, որոնք հանրության աչքից հեռու են, ֆեյսբուքյան օրակարգից դուրս և լայվի ժանրից ավելին։

Ըստ հավաստի լուրերի՝ Ռուսաստանն այսօր ակտիվորեն վաճառում ռուսական կապիտալով հայայստանյան բիզնեսում իր մասնաբաժինները։ Խոսքը վերաբերում է պատկառելի ցանկի մասին. Բիլայն, ՄՏՍ, Արմենալ, Հրազդան կասկադ, Թեղուտի հանք...։ Չի դադարում լարվածությունը հայկական երկաթուղու շուրջ։

Ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանը իր հետևություններն է արել Ուկրաինական դառը փորձից և մինչ պայթյունն է հանում իր կապիտալը՝ այն անվերադարձ չկորցնելու համար։

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ վաճառելով իր բիզնեսները կամ մասնաբաժինները ռուսական կողմը շատ բծախնդիր է նոր գնորդի հարցում և որևէ պատահականություն թույլ չի տալիս։ Բիզնեսները սովորաբար «առաջարկվում» է ռուսահայ գործարարներից։ Մի կողմից՝ Ռուսաստանը հանում է իր կապիտալը, այն հանձնելով ռուսահայ գործարարներին և դրանով իսկ վերահսկողության զգալի լծակներ պահելով, բայց նաև՝ նրանց հանձնելով ռիսկերը։

Այս պրոցեսների մասին Հայաստանում ոչ ոք չի խոսում։ Ցավոք, Հայաստանի ոչ էլիտան, որ հասարակությունը պատրաստ չեն դժվար հարցերի քննարկմանը։

Լավրովի ձևակերպումները և հայկական ընտրությունը

ՌԴ արտգործնախարար Լավրովի Երևանյան ձևակերպումները ակտիվ քննարկվում են հայկական մամուլում և քաղաքական շրջանակներում։ Յուրաքանչյուր կողմ ցանկանում է այդ հայտարարություններում տեսնել իր շահավետ շեշտադրումները։ Իսկ Լավրովի իրական մեսիջները մնում են անհետևանք։ Լավատեղյակ աղբյուրների համաձայն Լավրովը դիվանագիտորեն բարձրաձայնել է այն ստվերային երկխոսությունը, որը ընթանում է ՌԴ-ի Հայաստանի միջև։

Լավրովը առաջարկում է Հայաստանին ընտրություն՝ հստակ առանց երկիմաստությունների։ ՌԴ-ն դնում է մի քանի հարց, որի բավարարման դեպքում պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին։ Դժվար չէ կռահել, որ հարցերից ամենակարևորը՝ ամերիկյան ներքին օրակարգից հրաժարումը։ Դրա դիմաց ՌԴ պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին անվտանգության և տնտեսական օժանդակության հարցերում։ Դիվանագիտական լեզուն է այդպիսին. Ավանսով բարի խոսքեր, իսկ հետո հետևություններ՝ կոնկրետ քայլերով։

Ամփոփում

Հայաստանը երբեք չպետք է դառնա գերտերությունների հետաքրքրությունների բախման հարթակ։ Դրա միակ ճանապարհը նրանց հետ բաց ու ազնիվ հարաբերություններն ու միայն ու միայն սեփական ներքին օրակարգը։ Հայաստանը կարող է և պետք է ԱՄՆ-ի հետ ունենալ բաց ու վստահելի հարաբերություններ։ Դա բխում է մեր պետության շահերից, բայց Հայաստանը չի կարող որպես ներքին օրակարգ ընդունել այն հարցերը, որոնք երկրին բերում են թշնամանք ու պառակտում, ընդ որում առանց տեսանելի օգուտի։

Հայաստանի սեփական ներքին օրակարգն է այն հենքը, որը թույլ կտա աջակցություն գտնել թե ՌԴ-ում թե Արևմուտքում և երբեք չվտանգել մեր անվտանգության համակարգը։ Այս առումով Հայաստանի գործող իշխանությունը կանգնած է ընտրության առաջ։ Կկարողանա՞ վերանայել իր որոշ մոտեցումներ, կկարողանա՞ սրբագրել իր որոշ սխալներ՝ վերագրելով դա անփորձությանը, կկարողանա՞ վերակազմավորվել՝ դեպի ավելի հասուն իշխանություն, կկարողանա՞ աջակցության կամ գոնե լոյալության նոր ռեսուրսներ գտնել հասարակության տարբեր շրջանակներից՝ դրանով իսկ նվազեցնելով այլ ուժերի ծուղակում հայտնվելու վտանգը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս խորագրի վերջին նյութերը