Կարծիք

13.11.2019 19:55


Ռեժիմը բուլդոզերով քանդելու է ազգային ինքնության հենասյուները, քանի դեռ հասարակությունը չի ընդվզում

Ռեժիմը բուլդոզերով քանդելու է ազգային ինքնության հենասյուները, քանի դեռ հասարակությունը չի ընդվզում

Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը բուհերում ոչ միայն պետք է պարտադիր լինի, այլ նաև այս առարկաների ժամերը պետք է ավելացնել: Որովհետև հայոց լեզվի կրող են և հայերենով լեզվամտածողություն ունեն երկրագնդի շուրջ 7 միլիարդ բնակիչներից մոտավորապես 5 միլիոնը, այսինքն` ողջ մարդկության մոտ 0.07 տոկոսը: Այսինքն` գլոբալացվող աշխարհում հայոց լեզուն պահպանելու խնդիր կա, և այդ խնդիրը հնարավոր չէ լուծել առանց հատուկ միջոցների, առանց հատուկ քաղաքականության: Խոսքը օտար լեզուներ չիմանալու մասին չէ, քավ լիցի:

Ժամանակակից աշխարհում մարդը, այդ թվում` հայ մարդը, մայրենիից բացի 2-3 լեզվի պետք է տիրապետի: Բայց սա ցանկություն է, սա նպատակ է: Իսկ հայոց լեզուն պահպանել ու զարգացնել է պետք, եթե մենք ցանկանում ենք ունենալ առանձին էթնոմշակութային միավոր և ազգային պետականություն: Սա խնդիր է, որ պետք է լուծել, այդ թվում` հատուկ միջոցներով, օրինակ` բուհերում պարտադիր առարկաներ ունենալու ճանապարհով:

Նաև ցանկանում եմ հիշեցնել, որ Հայոց լեզու, Հայոց պատմություն, Հայ Եկեղեցու պատմություն առարկաների վրա հարձակումները և ազգային-համամարդկայինի դեմ տարվող «լիբերաստական» քարոզը սկսվեց Ատելության կուսակցության հրահանգով ԵՊՀ Ուսանողների հետ տարվող կենտրոնի լուծարման ապօրինի որոշմամբ: Հիշեցնեմ, որ համալսարանական այդ ստորաբաժանման առաջնային գործառույթներից է ուսանողների շրջանում ռազմահայրենասիրական հասարակական գործունեությունը խթանելն ու նպաստելը: Կենտրոնը կար և շարունակում է մնալ` որպես ռեժիմի կոկորդին կանգնած ոսկոր, որը պետք է ամեն գնով կուլ տալ և մարսել: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. ԵՊՀ-ում են կենտրոնացած ազգային միտքն ու պոտենցիալը, որոնց զարգացնելու գործում կենտրոնը կարևոր գործառույթներ ունի, ուստի Ատելության կուսակցության տրամաբանությամբ՝ այն պետք է փակել, իսկ այդ գործառույթներն ընդհանրապես քոքահան անել:

Ինչո՞վ էր զբաղվում կենտրոնը. տարիներ շարունակ կազմակերպում էր ԵՊՀ հասարակական ակտիվություն ունեցող ուսանողների և Արցախի կապը՝ սկսած Արցախում գիտաժողով-սեմինարների ու ազգային և դասական մշակութային միջոցառումների կազմակերպումից, վերջացրած Արցախում ծառատունկերով և դպրոցներում ու զորամասերում դասավանդումներով: Հայաստանում հաստատված ռեժիմին նման բաներ պետք չեն, նման կառույցներ պետք չեն: Ավելին՝ Ատելության կուսակցության համար դրանք արգելակող նշանակություն ունեն և պետք է ոչնչացվեն: Իսկ երիտասարդական աշխատանքների, գիտակրթական և մշակութային ծրագրերի համար նախատեսված գումարներն այլ տեղ են ուղղվում, օրինակ՝ սեռափոխվածի մասին ֆիլմի ֆինանսավորմանը:

Ինչո՞ւ եմ այսքանն ասում: Որովհետև այլևս սպառված են այն բոլոր հեքիաթները, թե այս ամենը պատահականության կամ անփորձության հետևանք է: Ոչ մի պատահականություն կամ անփորձություն էլ չկա: Կա ցինիզմ և հստակ քաղաքականություն՝ քայքայել ազգային-համամարդկայինը, տեղը բերել հայտնի «արժեքներն ու օրակարգերը»: Սա է ռեժիմի գործունեության ողջ էությունը, և ինչքան էլ հեքիաթներ պատմեն, միևնույնն է՝ Ատելության կուսակցությունն իր ծրագրային «software»-ից չի հրաժարվելու: Ռեժիմը բուլդոզերով քանդելու է ազգային ինքնության հենասյուները, քանի դեռ հասարակությունը չի ընդվզում, քանի դեռ այդ ավիրող ձեռքը չեն բռնել, քանի դեռ այդ ավիրող ձեռքը չեն կտրել:

Հ.Գ. Ինչպես 1946թ.-ի այս օրը ծնված Վանո Սիրադեղյանն էր ասում` «...մենք (այդ հնարամիտ զուլուսների նման) մեր «ազգային իդենտիֆիկացիայի» համար մեր ձեռքով մեր մանուկ Հանրապետությունը, մեր փոքր երկիրը դրինք փորձության՝ հանդից դարձող տավարի ոտքերի տակ… Եվ, այդուհանդերձ, մի՛ մտեք մեր լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես»։

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը