Կարծիք

12.11.2019 15:13


Եթե այդքան վստահ եք, ինչո՞ւ եք այդչափ վախենում

Եթե այդքան վստահ եք, ինչո՞ւ եք այդչափ վախենում

Բավական է, որ քիչ, թե շատ բազմամարդ բողոքի ակցիա լինի, գործող «դուխով» կառավարությունը խառնվում է իրար ու մատնում իր վախերը, ի ցույց դնում իր չշտկվող թուլությունները: Պարտադիր չէ, որ իշխանական խմբի վախերն արտացոլվեն ուղիղ խոսքով, մանավանդ, որ «դուխով» գրառմամբ կեպի դրած, հո ինքնախոստովանականով չեն ներկայանալո՞ւ:

Բայց գործողությունները, իսկ որոշակի դեպքերում՝ անգործությունը մատնում են նրանց բուն բնութագիրը: Վերցնենք թեկուզ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ուսանողների ցույցերը: Նախարարության առաջ ոստիկանական այնպիսի բազմություն էր կիտվել ցույցերի առաջին օրը, որ միանգամից երևաց՝ նախարարը, կառավարությունը վախենում են: Նույնը՝ գործող իշխանության այս կամ այն քայլի կամ որոշման դեմ ցույցերի, բողոքի նույնիսկ ոչ մարդաշատ ակցիաների դեպքում. Ոստիկանները (դա դեռ միայն համազգեստավոր) մի քանի անգամ ավելի շատ են լինում հաճախ, քան՝ ցուցարարները: Հա, ու նկատենք, ոստիկանառատ ռեակցիաներով դրսևորվում է մի գործիչ, որ երբ ընդդիմադիր էր ու ոչ իշխանություն, օրումեջ խոսում էր ոստիկանության աշխատակիցների թվի մեծությունից, ասում էր, թե Հայաստանը ոստիկանապետություն է դարձել և այլն: Հիշողները կհիշեն, որքան էլ որ «պողոսները» մոռացության տան:

Մեկ այլ բնութագրիչ է այն, թե իշխանության, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի անձի պաշտամունք ձևավորող ֆեյք կամ իրական օգտատերերը ինչ լուտանք ու անեծք են թափում զանազան հրապարակումների մեկնաբանությունների դաշտերում կամ հենց ֆեյսբուքներում, ինչ կարգի վայրիվերո գրառումներ են անում իրենց պաշտամունքի առարկա ժողվարչապետի գրառումների ներքո: Բոլոր այդ արձագանքներին բնորոշ է ծայրահեղական անհանդուրժողոկանությունն ու բնազդայինի հասցված ատելությունը ցանկացած մեկի հասցեին, ով համարձակվել է քննադատական դիրքորոշում ունենալ և արտահայտել այն կամ ընդամենը բողոքել (վիրտուալ և ոչ վիրտուալ ատելության մեխանիզմը մեկ այլ դիտարկման նյութ է)։

Ցուցարար ուսանողների հասցեին էլ, իհարկե, նույն թույն ու թարախն է թափվում նիկոլականների գրառումներում: Ինչո՞ւ պիտի բացառույթուն արվեր:

Երրորդ բնութագրական հանգամանքն այն է, որ իշխանությունը արդեն նաև խուսափում է լսել իր վիճելի քայլի վերաբերյալ բողոք արտահայտողներին: Օրինակ, ի՞նչն էր խանգարում «թավշյա» ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որ ցուցարարների ներկայացուցիչներին ընդունի և լսի: Դրանից ոչ մեկի դիրքորոշումը չէր փոխվելու, ուսադիրները չէին ընկնելու, կեպկայի «դուխով»-ն էլ չէր ջնջվելու կամ «դուխիկ» չէր դառնալու: Բայց՝ չէ:

Նիկոլ Փաշինյանը գոնե ընկալեց պահի նրբությունն ու չալարեց, մոտեցավ ցուցարար ուսանողներին, բայց, հասկանալի է, առավելապես այն բանի համար, որ իր զինակից նախարարին պաշտպանի (բնականաբար), այսպես ասած՝ «ցրի» հիմնական թեման, որն է բուհերում հայերենի և հայոց պատմության դասավանդման վտանգված հեռանկարը, որն էլ իշխանության քաղաքական որոշման հետևանք է:

Հետաքրքիրն այն է, որ նույն Նիկոլ Փաշինյանն ու, հատկապես իր հետ քայլած «թավշյա» նորիշխանավորները հաճախ ու առիթ-անառիթ հղում են անում ընտրություններում քվեարկության մասնակցած անձանց ձայներին, միահամուռ «ադաբրյամսին», ընդգծում են իրենց ստացած այսպես ասենք՝ «համաժողովրդական վստահության քվեն»: Լավ, բա եթե այդքան վստահ եք, ինչո՞ւ եք այդչափ վախենում:
Սա, իհարկե, հռետորական հարց է:

Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը