Tert.am-ը գրում է․ «Անկախ Հայաստանի 28 տարվա գոյությունից հետո մենք նորից կանգնած ենք խնդրի առաջ. ինչպիսի՞ պետություն մենք պետք է ունենանք, և ինչպե՞ս։ Արդյոք մեր ժողովուրդն արժանի է այսպիսի՞ պետության, որն այսօր գոյություն ունի մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ։ Արդյոք սա՞ է այն պետությունը, որտեղ մենք կցանկանանք անցկացնել մեր ծերությունը, և որտեղ մեր երեխաները կարող են ունենալ լավ ապագա։ Կարո՞ղ ենք մենք հպարտանալ մեր պետությամբ։ Մեր կյանքում առհասարակ առկա՞ է պետության դրական գոյության զգացողությունը։ Ինչպե՞ս է մեզնից յուրաքանչյուրն ընկալում պետությունը, և իր համար դրա նկատմամբ ի՞նչ ակնկալիքներ է ձևավորում իր անձնական, շատ սուբյեկտիվ միջավայրում։
Հասարակության համար ամենաօպտիմալ պետությունն այն է, որը ներկա չէ քո ամենօրյա կյանքում։ Ավելի ճիշտ՝ այն առկա է, բայց դու դա չես զգում։ Սա արդյունքն է քաղաքացի-պետություն հարթության վրա տարիներով, եթե ոչ՝ տասնամյակներով ձևավորված օպտիմալ հարաբերությունների, որոնք հենված են ամուր տնտեսական հիմքերի վրա։ Պատահական չէ, որ պետության առկայությունը որպես կանոն չեն նկատում տնտեսապես զարգացած ու բնակչության բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում։ Միաժամանակ գոյություն ունի մի շատ հետաքրքիր փոխկապակցվածություն. բազմաթիվ երկրներ բարեկեցության են հասել ազնիվ, հստակ և թափանցիկ հասարակական փոխհարաբերությունների, բնակչության քաղաքացիական հասունության ընդհանուր մակարդակի բարձրացման շնորհիվ, ինչն իր հերթին այդ երկրների ժողովրդավարական զարգացման գործընթացները դարձրել է անշրջելի։ Այս փոխկապակցված գործընթացները՝ տնտեսական աճ և քաղաքացիական հասարակության զարգացում, ըստ էության ձևավորել են ժամանակակից զարգացած հասարակություններն ու պետությունները։
Զարգացած քաղաքացիական հասարակությունը ենթադրում է կրթության և գիտության զարգացում, ստեղծագործական ազատություն և հավասար հնարավորություններ, ինչը խթանում է ստեղծագործ միտքը, խրախուսում նորարարությունը, բացահայտում տաղանդը՝ այդպիսով ապահովելով նոր բարիքների ստեղծում։ Ստացվում է՝ զարգացած քաղհասարակությունը նշանակում է նաև տնտեսության զարգացում։ Միևնույն ժամանակ՝ դժվար է աղքատ, տնտեսապես թույլ երկրում առաջ տանել ժողովրդավարական հասարակության արժեքները, երբ բնակչության մեծամասնության շահերն ու առաջնահերթությունները գտնվում են ամենօրյա հոգսերի և կյանքի տարրական պայմանների ապահովման հարթության վրա, երբ շատ դժվար է առաջնորդվել բարձր իդեալներով։
Ի՞նչ է պետք՝ այս երկակի իրավիճակը հաղթահարելու և տնտեսական զարգացման ու իրական քաղաքացիական հասարակություն ունենալու համար։
Պետք է պետության ու քաղաքացու միջև ձևավորել և արմատավորել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների մշակույթ։ Հենց հարաբերությունների այս մշակույթի հիմնական էլեմենտներն են բացակայում մեր պետականության ավանդույթներում, ինչը կանխորոշվել է նաև պատմական հանգամանքներով։
Մեր ժողովուրդը վերջին մի քանի հարյուրամյակի ընթացքում փորձել է ադապտացվել առկա իրողություններին՝ տարբեր կայսրությունների դարաշրջաններում իրեն պարտադրված պետական հարաբերությունների օտար պայմանների դեմ պայքարելով։ Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում շատերի գիտակցության մեջ ամրապնդվել է տեսակետը, որ կարելի է պետության հաշվին ապահովել սեփական բարեկեցությունը, որ ծանոթության ու փողի միջոցով հնարավոր է լուծել բոլոր խնդիրները, հասնել մասնագիտական բարձունքների, ստանալ բարձրագույն կրթության դիպլոմներ և այլն։ Արդեն անկախ Հայաստանի ժամանակաշրջանում սկսեցին ի հայտ գալ պետական մեքենայի աշխատանքի բացահայտ թերություններ՝ ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ՝ օբյեկտիվ պատճառներով։ Որպեսզի լրիվ պարզ լինի, թե ինչ եմ ուզում ասել, պարզապես մի պահ հիշեք մեր վարքագծային մշակույթի մի առանձնահատկության մասին. ի տարբերություն շատ այլ երկրների քաղաքացիների, մենք մեր խնդիրների լուծման համար, հատկապես՝ պետության հետ կապված հարցերում, առաջին հերթին փնտրում ենք ոչ ֆորմալ ուղիներ՝ ազգականների, ծանոթների, սանիկների և այլոց միջոցով, և հետո միայն դիմում ուղիղ պետությանը, որի հետ հարաբերություններում նույնպես հաճախ փնտրում ենք այլ ճանապարհներ՝ ցանկալի արդյունքին հասնելու համար։
2018թ. մայիսյան իրադարձություններից հետո էլ տպավորություն է ստեղծվում, որ այդ նույն պետությունն ամեն օր ապրում է քո տանը, քո հետ քնում ու արթնանում է, միշտ քո շուրջն է, սակայն դու այդպես էլ չես կարողանում նրա հետ գտնել քեզ համար օպտիմալ հարաբերություններ։ Արդյունքում քաղաքացի-պետություն հարաբերությունների հարթության վրա ունենում ենք տասնամյակների ընթացքում ձևավորված հակադրություն։ Հենց այդ հակադրության հաղթահարումը կարող է երաշխավորել նոր Հայաստանի ձևավորումն ու զարգացումը, օգնել՝ սկսել փոխել կարծրատիպերն ու ձևավորել դրական սպասումներ։ Այդ հակադրության հաղթահարումը կդառնա մեր պետության արդիականացման գործընթացի մեկնարկը։
Այս համատեքստում պետության արդիականացումը ենթադրում է.
- հասարակական-քաղաքական և իշխանական հարաբերությունների՝ չափից դուրս անձնավորվածության չեզոքացում
- պետական համակեցության կանոնների՝ հանրության ակտիվ մասի կողմից ընդունում
- հանրային տրամադրությունների ու պահանջների օբյեկտիվ արձանագրում
Սա իշխանություններին հնարավորություն կտա՝ հաշվի նստել երկրում առկա իրական տրամադրությունների հետ, և իրենց գործողություններում, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, հաշվի առնել դրանք՝ որպես օբյեկտիվ իրողություն։ Հակառակ պարագայում մենք միշտ գերի կմնանք հանրության ա՛յն մասի ցանկություններին և պատկերացումներին, որն առավել ակտիվ է և իրեն լավ է դրսևորում փողոցում, թեպետ ամենևին պարտադիր չէ, որ այդ հատվածն արտահայտի երկրի բնակչության (հիմնականում՝ պասիվ) մեծամասնության կարծիքը։
Պետք է գտնել հասարակական զարգացման այն օպտիմալ մոդելները, որոնց պարագայում քաղաքացիների մեծամասնությունը կհասկանա և կգիտակցի, որ պետական կյանքում իր մասնակցությունն իրական է, և իր հետ հաշվի են նստում։ Արդյունքում բնակչության մոտ կձևավորվի քաղաքացիական գիտակցության ավելի բարձր մակարդակ, ինչն ավելի բաց և ժողովրդավարական զարգացման գործընթացները երկրի ներսում կդարձնի անշրջելի։ Իհարկե, կարող է լինել մտավախություն, որ նման ակտիվ հանրային կարծիքի ներկայությունը, հնարավոր է, որևէ կառավարության համար բարեփոխումների իրականացման խոչընդոտ հանդիսանա։ Այս ռիսկը կարելի է չեզոքացնել՝ հենց կառավարության որակի և հեղինակության շնորհիվ, ինչպես նաև այն ներհասարակական առողջ բանավեճի, որը կառավարությունը կարող է և պետք է նախաձեռնի։
Ինչպես հասնել դրան.
1. Ընտրական օրենսդրության և ընտրական համակարգի բարեփոխումներ: Քաղաքացիների համար ընտրություններին և հանրաքվեներին պարտադիր մասնակցության պայմանի ներդրում։
2. Մասնակցային ժողովրդավարության հիմնական բաղադրիչների և դրսևորումների ակտիվ առաջմղում, տեղական նշանակության հանրաքվեների և հանրային կարծիքի հարցումների հաճախակի անցկացում:
3. Մասշտաբի և որակի առումով արմատական բարեփոխումներ կրթական համակարգում։
4. Նյութական և իրավական տեսանկյունից նոր տիպի պրոֆեսիոնալ կազմակերպությունների և արհմիությունների ստեղծում և ամրապնդում։
5. Քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հզորացում:
6. Դատաիրավական համակարգի խորքային փոփոխություններ։
7. Սահմանադրական բարեփոխումներ։
Հ. Գ. Այս ուղղությունները կդառնան մեր հետագա ուսումնասիրության առանձին թեմաներ։ Առաջիկայում անհրաժեշտ է համախմբել փորձագետների և ոլորտային մասնագետների ջանքերը և աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի հեռանկարային զարգացման ծրագրերի մշակման ուղղությամբ։ Վստահ եմ՝ դրանք պետք կգան թե՛ գործող, թե՛ հաջորդ և թե՛ մյուս բոլոր կառավարություններին։ Իսկ առաջին հերթին՝ հասարակությանը։ Մենք պետք է կանխորոշենք այն քայլերը, որոնք թույլ կտան՝ փոխել հասարակական հարաբերությունների որակն ու ստեղծել քաղաքացի-պետություն հարաբերությունների դրական զարգացման նոր նախապայմաններ։
Արդիականացում կամ ինչպե՞ս սկսել փոխվել

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ