Կարծիք

10.11.2019 12:25


Ալեքսանդր Ազարյանի հարցազրույցը կարդացի․ արժանապատվություն ունեցող, երկրի ղեկավարից չսարսափող դատավոր

Ալեքսանդր Ազարյանի հարցազրույցը կարդացի․ արժանապատվություն ունեցող, երկրի ղեկավարից չսարսափող դատավոր

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Կարդացի «Փաստինֆո»-ում հրապարակված վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի (նրան անձամբ չեմ ճանաչում) հարցազրույցը։ Կարդացի ու վերհիշեցի 2003թ․ ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված «Այցելուների ուղևորություն» ծրագրով ԱՄՆ-ում հանդիպումները։ Խումբը բաղկացած էր 6 հասարակական գործիչներից (Լարիսա Ալավերդյան, Ժաննա Ալեքսանյան, Սիլվա Մարկոսյան, Հայկ Խեմչյան, Ստյոպա Սաֆարյան և տողերիս հեղինակը): Հանդիպումներն անչափ հետաքրքիր էին, սակայն ինձ վրա ամենամեծ տպավորությունը թողեց Միսսուրի նահանգի Կանզաս-Սիթի քաղաքի դատարանի նախագահի (ցավոք անուն-ազգանունը չեմ հիշում) հետ հանդիպումը։ Ես ապշած էի դատավորի բարձր արժանապատվության և համարձակության վրա։ Նա մանրամասն ներկայացրեց ԱՄՆ դատական համակարգի, քրեական իրավունքի առանձնահատկությունները, հետո անցավ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի սուր քննադատությանը։ Այդ այն ժամանակներն էին, երբ 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը դեռ թարմ էր և ԱՄՆ վարչակազմը պայքարում էր ահաբեկչության դեմ։ Պայքարի շրջանակներում, կարծեմ, արդեն ընդունվել էր, այսպես կոչված, «Հայրենասիրության» առաջին օրինագիծը և նախատեսվում էր ընդունել երկրորդ՝ առավել խիստը։ Այդ օրենքներով սահմանափակվում էր ԱՄՆ դատարանների գործառույթները՝ դրանք փոխանցելով գործադիր մարմիններին։ Դատարանի նախագահը մոտավորապես այսպես արտահայտվեց․

-Մենք թույլ չենք տա նախագահին կոտրել, թուլացնել դատական իշխանությունը։ ԱՄՆ-ը դարձել է հզոր պետություն՝ անկախ դատարանի շնորհիվ․․․ և այլն։

Հանդիպումից հետո մտածում էի՝ արդյոք ինչ-որ ժամանակ Հայաստանում կունենա՞նք նման արժանապատվություն ունեցող, երկրի ղեկավարից չսարսափող դատավոր։
Ալեքսանդր Ազարյանի հարցազրույցը կարդացի ու մտածեցի՝ վերջապես ունենք։
Կարո՞ղ են, արդյոք նրա օրինակին հետևել այլ դատավորներ ևս․․․

Հ․Գ․ Համոզված եմ, որ կոռումպացված դատավորը երբեք չէր համարձակվի այսպիսի հարցազրույց տալ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը