Կարծիք

09.11.2019 10:19


Վրացերեն ու վրաց պատմություն իմանալ պարտավոր ես

Վրացերեն ու վրաց պատմություն իմանալ պարտավոր ես

Ժողովրդագրական գործընթացները մեր տարածաշրջանի երկրների համար ինչ-որ իմաստով նույնական են: Անցած տարվա հոկտեմբերի 1-ի համեմատ այս տարի մեր երկրի բնակչության թվաքանակը պակասել է 11.9 հազարով: Վրաստանում ևս, ինչպես մեր երկրում, բնակչությունը նվազում է:

Խորհրդային վերջին` 1989թ․ մարդահամարը Հայաստանում չանցկացվեց, որովհետև երկրաշարժից հետո միգրացիոն անկառավարելի իրավիճակ էր ստեղծվել: Իսկ նույն մարդահամարը Վրաստանում 5.4 մլն բնակչություն արձանագրեց: 2018-ի վերջում երկրի բնակչությունը կազմում է 3.724 մլն: Ըստ վիճակագրական հաշվարկների՝ եթե հասկանալի պատճառներով հանվի Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչության քանակը, ապա անկախության տարիներին մեր հարևան երկրի բնակչությունը նվազել է առնվազն 1 մլն մարդով:

Վրաստանի քաղաքացիության մասին օրենքը ամենակոշտն է նախկին խորհրդային հանրապետությունների օրենքների համեմատությամբ: Այն մինչև վերջերս բացառում էր երկքաղաքացիությունը: Վերջին տարիներին տարեկան մոտ հինգ հազար մարդ զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու պատճառով (այդ «մեղադրանքով» Սահակաշվիլին Իվանիշվիլիին տարիներ առաջ զրկեց քաղաքացիությունից: Ապա պատասխան քայլով Սահակաշվիլին զրկվեց` Ուկրաինայի քաղաքացիություն ընդունելուց հետո):

Փորձագետները նշում են, որ տարիներ շարունակ քաղաքացիությունից հինգ հազար զրկվողների 80 տոկոսը ազգությամբ հայեր էին, որ Հայաստանի կամ ՌԴ քաղաքացիություն էին ընդունում: Միաժամանակ նաև հակառակ գործընթացը կա` վերջին շրջանում տարեկան 6-8 հազար մարդ է դիմել Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար: Այս «իրարամերժ» գործընթացներում կողմնորոշվելու համար Վրաստանում քաղաքացիության մասին նոր օրենք ընդունվեց: Օրենքը 2018թ․ օգոստոսի 15-ից մինչև 2020թ․ դեկտեմբերի 31-ը արտոնյալ ժամանակ է հատկացրել այն մարդկանց համար, ովքեր այդ ընթացքում կդիմեն իրենց քաղաքացիությունը վերականգնելու խնդրագրով: Տեսեք՝ ինչ վիճակագրություն է արձանագրվել:

2015թ․ 4434 մարդու քաղաքացիություն է շնորհվել, իսկ 1287 մարդու դիմում մերժվել է: 2016թ․ 4677 դիմում է բավարարվել, մերժվել է 1213 մարդ: 2017-ին 4527 մարդու է քաղաքացիություն տրվել, իսկ 3722 դիմող մերժվել է: Նկատելի է, որ վերջին երկու տարում կտրուկ աճել է քաղաքացիություն ստանալու խնդրագրերի մերժումների քանակը: 2018թ․ մերժվել է 3570 դիմող: Անցած տարի առաջին անգամ մերժված դիմումների քանակը գերազանցել է (51 տոկոս) բավարարվածներին` 3046 քաղաքացիություն ստացած մարդ: Սա այն դեպքում, երբ բնակչության կրճատման գործընթացը շարունակվում է:

Վրաց փորձագիտական տվյալներով՝ ռուս-վրացական պատերազմից հետո տարեկան մոտ 7 հազար մարդ տեղափոխվում էր Ռուսաստան: Ռուսական տվյալներով՝ տարեկան մոտ 8 հազար մարդ էր ՌԴ քաղաքացիություն ստանում: Հիմա այլ թիվ է նշվում` տարեկան մոտ 2 հազար մարդ: Եվրամիության հետ ազատ տեղաշարժի իրավունքը այդ ուղղությամբ արտագաղթն առ ժամանակ ավելի «հմայիչ» է դարձրել:

Արտագաղթի ուղղություններն ու պատճառները ինչ-որ չափով հասկանալի են: Առանձին ուսումնասիրության կարիք ունի այն, թե ովքեր են տարեկան կտրվածքով այն 6-8 հազար մարդիկ, որ Վրաստանի քաղաքացիության հայտ են ներկայացնում: Երկքաղաքացիության հնարավորությունից փորձում են օգտվել ժամանակին Ռուսաստան, Ուկրաինա և Թուրքիա տեղափոխվածները: Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար հարկավոր է վերջին երկու տարում օրինական կարգավիճակում ապրած լինել այդ երկրում, իմանալ վրացերեն և վրաց պատմություն ու օրենսդրական հիմնական սկզբունքները: Վրաստանի նախկին քաղաքացիների քաղաքացիության վերականգման խնդրագիրը քննվում է բացառության կարգով: Սա նախկին քաղաքացիներին հայրենիք ետ հրավիրելու ինքանատիպ միջոց է, որի իրական արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը