Կարծիք

08.11.2019 13:39


Եվ ո՞վ ու ի՞նչն է խուսափում արդարադատությունից

Եվ ո՞վ ու ի՞նչն է խուսափում արդարադատությունից

Ինչպեսև կռահելի էր, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) մերժեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Ինչո՞ւ էր կռահելի: Շատ պարզ է: Եթե այլ բան չասվի, ապա այն ճնշումներից հետո, որ ընդգծված թիրախավորմամբ կիրառվեցին և կիրառվում են այս գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու օրինական որոշում ընդունած դատավորների վրա, նրանց դեմ գործադիր իշխանության նախաձեռնած հետապնդումները, ընդհուպ՝ քրեական հետապնդման գործընթաց սկսելը, ինչ խոսք, ուղղված են մյուս բոլոր դատավորների ու դատական իշխանության դեմ, ընդհանուր վերցրած: Մեկին կամ երկուսին ճնշում ու հետապնդում են, իսկ մյուսներին հենց այդպիսով արդեն ահաբեկում ու հասկացնում՝ իշխող ուժի համար անցանկալի որոշման դեպքում որևէ դատավորի սպառնում է դատվելու հեռանկարը, չհաշված արդեն թիրախավորված վարկաբեկման արշավը:

Նման պայմաններում որևէ դատավոր պետք է իսկապես չափազանց խիզախ անձնավորություն լինի, գերուժեղ անհատ՝ միայն օրենքով և օրինականությամբ առաջնորդվելու ճոխությունն իրեն թույլ տալու համար: Տվյալ պահին նախագահող դատավորն ակնհայտորեն այդ համարձակ կերպարը չէ, «հոլիվուդյան կինոյի դատավոր» չէ: Հետևաբար՝ կանխատեսելի էր, որ փաստաբանների նաև այս միջնորդությունը մերժվելու է:

Անկարևոր է հարցը, թե որքանո՞վ էր հիմնավորված ու փաստարկված միջնորդությունը, որ, անկասկած, Հայաստանի այսօրվա լավագույն փաստաբաններն էին կազմել ու ներկայացնում: Անկարևոր է, որովհետև իրավական հանգամանքները, փաստերն ու փաստարկները այս գործում ի սկզբանե ոչ մի նշանակություն չունեն: Ասենք, ինչո՞ւ միայն ա՛յս գործում: Նշանակություն ունի բացառապես օրվա իշխանության քաղաքական որոշումը և քմահաճույքը: Մնացյալը հարմարեցվում է դրան:

Շատ է արծարծվել նաև «արդարադատությունից խուսափելու» կապակցությունը: Մեղադրանքի կողմի այն հիպոթետիկ «հիմնավորմամբ», թե նախագահ Քոչարյանը, հայտնվելով ազատության մեջ, կարող է խուսափել արդարադատությունից կամ կարող է փորձել ճնշում գործադրել վկաների վրա: Ռոբերտ Քոչարյանն ինքը, նոյեմբերի 5-ի դատական նիստում բոլորից շատ ավելի հստակ խոսեց այդօրինակ մեղադրական ենթադրությունների անհեթեթ լինելու մասին: Իսկ իր անհատական հատկանիշներն ու պետական, քաղաքական գործչի նկարագիրը հաշվի առնելով՝ նաև նման խոսակցությունների վիրավորական հնչերանգի մասին:

Մինչդեռ, արդեն իսկ աչքի է զարնում, որ «նոր» Հայաստանում եթե արդարադատությունից խուսափող որևէ երևույթ կա, ապա դա ինքը՝ արդարադատությունն է, արդարադատություն իրականացնելուն կոչված դատական իշխանությունն է, գումարած՝ քննչական մարմինները: Տեղին էր ասված, որ խորհրդանիշները կան, շենքերն ու պաշտոնյաներն էլ կան, բայց չկա ինքը՝ արդարադատությունը:

Ո՞վ է խուսափում արդարադատությունից: Սա հռետորական հարց է այնքանով, որքանով որ ակնհայտ է, թե՝ ո՛վ կամ ովքե՛ր: Իրականում արդարադատությունից խուսափում, գուցե նաև վախենում է նա, ով ամբողջ իշխանական թիմը վազեցնում է բոլոր դատարանների դռները, ելումուտն արգելափակելու: Եվ մոռանալով, որ իրենք այլևս գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ են, թիմակիցները քայլավազքով գնում են դատարանների շենքերն արգելափակելու, դատավորների շարժն ու աշխատանքը խոչընդոտելու, գուցե անգամ չգիտակցելով, որ թույլ են տալիս ոչ միայն օրենքի կոպիտ խախտում, այլ իրավական պետության համար հիմնարար սկզբունքի խայտառակ ոտնահարում: Մի բան, որն, անկասկած, հաջորդ իշխանափոխությունից հետո հիշեցվելու է:

Չնայած, ինչո՞ւ չգիտակցելով: Լավ էլ գիտակցաբար են արել, ինչն է՛լ ավելի է ընդգծում արարքի ծանրությունը քրեաիրավական առումով, նաև ի ցույց է դնում խուսափելու կամ վախի աստիճանը:

Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը