Կարծիք

07.11.2019 16:11


Կապկում են ամենահետին ու ամենագռեհիկ բարքերն ու «արվեստի» ուղղությունները

Կապկում են ամենահետին ու ամենագռեհիկ բարքերն ու «արվեստի» ուղղությունները

Անդրադառնամ մետրոյի կայարանի մոտ մի քանի օր առաջ տեղի ունեցած «ներկայացմանը»:
Գավառականության (քաղքենիություն ու գեղցիություն) դրսևորումներից մեկն էլ օտարներին կապկելն է: Ցավոք սրտի մեր ջահելության (ու ոչ միայն) մեջ այդ կապկելու երևույթը այնքան է արմատավորվել, որ արդեն զզվանք է առաջացնում: Նրանք հիմնականում կապկում են արևմտյան աշխարհի ներսում ընդունված վարքականոնը, մշակութային դրսևորումները և այլն: Սակայն այդ ամենի մեջ կա շատ կարևոր մի նյուանս. բանն այն է, որ կապկողը սովորաբար կապկում է երևույթի արտաքին դրսևորումը՝ չնկալելով ու չհասկանալով տվյալ երևույթի բուն էությունը, ասել կուզեմ, որ մեր կապկող ջահելները (ու ոչ միայն) վերցնում են այդ ամեն ինչի ձևական կողմը, բայց բովանդակության մեջ չեն խորանում, քանի որ բովանդակություն ասածը գավառամիտ քաղքենու կամ գեղցու համար անհասանելի մի բան է:

Ինչևէ, այդ ամենը միգուցե և տանելի լիներ, եթե չլիներ այն հանգամանքը, որ մերոնք կապկում են արևմուտքի հատկապես հոռի բարքերն ու ամենահետին և ամենակեղտոտ «մշակութային» դրսևորումները, ու դա բնական է, քանի որ այդ մարդիկ ունակ չեն նորմալ արվեստը կամ բարոյականության վրա խարսխված նորմալ վարքականոնը (որոնք արևմուտքում նույնպես կան) ընկալելու և ընդունելու, դա իրենց բնույթին խորթ է, ու նրանք կապկում են արևմուտքի ամենահետին ու ամենագռեհիկ բարքերն ու «արվեստի» ուղղությունները, և դա ուզում են մեր ժողովրդին ներկայացնել որպես ժամանակակից լինելու և առաջադեմ լինելու դրսևորում:

Հիմա այս խնդիրը առավել ևս արդիական է դարձել, քանի որ Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, որոնք նպատակաուղղված կերպով այդ աղբը ներարկում են մեր հասարակության գիտակցության մեջ՝ փորձելով համապատասխան «ճաշակ» ձևավորել: Փաստորեն հայաստանյան հարկատուների մուծած հարկերի հաշվին այդ նույն հասարակությանը փչացնելու քաղաքականություն են վարում՝ նպատակ ունենալով Հայաստանը վերածել սարերում ծվարած անմշակույթ ու անապագա մի հետամնաց գավառի:

Սակայն իրականացնել այդ ամենը այնքան էլ հեշտ չի լինի իրենց համար. նախ մեր հասարակության մի ստվար զանգված խիստ պահպանողական է, այդ մարդկանց փոխելը համարյա թե անհնարին գործ է, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ մենք ծերացող հասարակություն ենք, այսինքն երիտասարդության տեսակարար կշիռը քիչ է, իսկ նման «նորարար» հոսանքներին զոհ են գնում հատկապես երիտասարդները, քանի որ նրանք որպես անհատներ դեռ վերջնականապես ձևավորված չեն: Ու ամենակարևորը՝ Հայաստանը շատ փոքր երկիր է, մեր երկրում չկան մեգապոլիսներ. որպեսզի այդ ամենը արմատավորվի մեր հասարակության գոնե մի հատվածի մեջ, հարկավոր են բազմամիլիոնանոց մեծ քաղաքներ, քանի որ հենց այդպիսի քաղաքների հետախորշերում են փթթում այդ դեստրուկտիվ սուբկուլտուրաները:

Այնպես որ այդ «մշակույթի» կրողները Հայաստանում լայն մասսաների կողմից չեն ընդունվի և կմնան, որպես մարգինալների փոքրիկ խմբակներ: Իսկ նրանց հովանավորող իշխանավորները միանշանակորեն կմերժվեն ժողովրդի կողմից ու կդառնան ծաղրուծանակի առարկա:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը