Կարծիք

07.11.2019 15:17


Մեզանում ի հայտ են գալիս ֆուտուրիզմի բոլորովին նոր ուղղություններ, օրինակ՝ ֆուտուրիստական իրավաբանությունը

Մեզանում ի հայտ են գալիս ֆուտուրիզմի բոլորովին նոր ուղղություններ, օրինակ՝ ֆուտուրիստական իրավաբանությունը

Այո’։ Ֆուտուրիզմը Հայաստանում աննախադեպ բում է ապրում։ Ֆուտուրիստական թատերարվեստը, լուսանկարչությունը, պոեզիան, լինգվիստիկան, ստատուսագրությունը, մենեջմենթը, մարքեթինգը և այլն։ Ավելին, մեզանում ի հայտ են գալիս ֆուտուրիզմի բոլորովին նոր ուղղություններ, օրինակ՝ ֆուտուրիստական իրավաբանությունը։ Եվ հարկ է օր առաջ այդ ֆուտուրիստական իրականությունը դարձնել կրթական պրոդուկտ՝ այն ամրապնդելու և, ինչո՞ւ ոչ, համաշխարհային կրթական շուկային որակապես նոր, թարմ գաղափարներ առաջարկելու նկատառումներով։

Այդ կարևորագույն առաքելությունը համեստաբար վերցնում եմ իմ ուսերին՝ առաջարկելով նոր դասընթացի ծրագիր։

«Դասընթաց։ Իրավական թավշյա ֆուտուրիզմի ֆենոմենոլոգիա։

Դաս 1. Սիրո և հանդուրժողականության հեղափոխության լոզունգաբանությունը՝ որպես իրավական թավշյա ֆուտուրիզմի պատմական ու իդեոլոգիական հենք։ Դասախոսություն։

Դաս 2. Իմիտացիոնիզմը, բոլոլակերտումը և անսկզբունքայնությունը՝ որպես ֆուտուրիստական իրավաընկալման սկզբունքներ։ Դասախոսություն։

Դաա 3. Քրեադատավարական մեթոդներով նորմալներին կոռումպացված իսկ կոռումպացվածներին սուրբ ներկայացնելու նուրբ ֆուտուրիստական արվեստը։ Սեմինար։

Դաս 4. Դատարանները թաղապետարանի աշխատողներով ու դեպուտատներով արգելափակելու ֆուտուրիստական քրեստոմատիա։ Էքսկուրսիա։

Դաս 5. «Դատավոր-անդամ» բառախաղը լուրջ դեմքով քննարկելու իրավա-ֆուտուրիստական մեթոդիկա։ Ուսումնական բանավեճ։

Դաս 6. ՍԴ դատավորներին հրաժարականի դիմաց հարկատուների հաշվին կաշառելը ֆիրմա ձևակերպումներով շղարշելու ֆուտուրիստական տեխնիկա։ Գործնական պարապմունք։

Դաս 7. Պետական որոշմամբ «սեփական դիմումի հիման վրա» աշխատանքից ազատելու ֆուտուրիստական մոդելներ: Գործնական պարապմունք։

Դաս 8. Ոչ Արսեն Բաբայանի կողմից՝ ուժը կորցրած օրենքի փոխարեն ուժի մեջ գտնվող օրենք կիրառելու համար Արսեն Բաբայանին զնդանելու ֆուտուրիստական հիմնավորումները։ Հրավիրյալ բանախոսի դասախոսություն։

Դաս 9. Անհիմն ու ծիծաղաշարժ ձերբակալությունները՝ որպես ֆուտուրիստական իրավաբանության զարգացման գերակա ու հեռանկարային ուղղություն։ Արտադրական պրակտիկա։

Դաս 10. Իրավական պետության արժեքները՝ որպես ֆուտուրիստական իրավաբանության հիմնական խոչընդոտ։ Ամփոփիչ դասախոսություն։

Եզրափակիչ ստուգում՝ գրավոր։ Հանձնարարություն՝ մշակել իրավապահ մարմնի ֆուտուրիստական հաղորդագրության նախագիծ՝ Հրայր Թովմասյանի հիշատակմամբ։»

Հ․Գ. Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը