Հայաստանում կարծես սոցիալական բունտ է հասունանում: «Թթխմորն» էլ, որքան տարօրինակ հնչի, իշխանությունն է հրամցնում, ով չարաճճի երեխայի պես անընդհատ լուցկի է մոտեցնում հանրային դժգոհություններով լի վառոդի տակառին, եւ չկա մեկը, որ ձեռքին խփի: Թե որքան կշարունակվի վտանգավոր այս «խաղը»` դժվար է ասել, բայց որ հետեւանքները կլինեն շատ տխուր, միանշանակ է: Ընդ որում` տխուր բոլորի համար. Արցախի նման չլուծված խնդիր եւ իշխանությունների լեգիտիմության պակաս ունեցող պետության մեջ սոցիալական պայթյունն իր ծանր ու անկանխատեսելի հետեւանքներով հազիվ թե շրջանցի որեւէ մեկին:
Թվում է` արաբական մի շարք երկրներում տեղի ունեցող սոցիալական հուզումները պետք է որ սառը ցնցուղ լինեին հայրենի իշխանությունների համար, որպեսզի մեզանում որոշակի քայլեր արվեին անցանկալի երեւույթներից խուսափելու, մթերքների եւ ծառայությունների անզուսպ գնաճից հասարակությանը զերծ պահելու կամ գոնե ժողովրդի ցասումը փոքր-ինչ մեղմելու ուղղությամբ: Բայց` զուր հույսեր: Տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունն ինքն է արագացնում գործընթացները կամ, ինչպես ասում են, կտրում այն ճյուղը, որի վրա նստած է:
Փաստերն ավելի քան խոսուն են. ո՞վ մայրաքաղաքի հարյուրավոր ընտանիքների, որոնց ապրուստի միակ միջոցն այսպես կոչված` փողոցային առեւտուրն էր, գրչի մի հարվածով ձգեց բախտի քմահաճույքին: Ինչպե՞ս եղավ, որ շուկաներում կրկնակի-եռակի թանկացան մի շարք գյուղմթերքների գները: Ո՞ւմ հրամանով կամ կարգադրությամբ գրեթե կրկնակի վեր թռան դրսից` մասնավորապես Թուրքիայից Հայաստան բեռնափոխադրումների մաքսային ծախսերը, ինչը բազում առեւտրականների փաստորեն զրկեց ընտանիք պահելու հնարավորությունից:
Եթե մաքսատուրքերի հարցում կառավարությունն անտեղյակ է կամ այդպես ձեւանում է, ապա Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագծի համար, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից, պատասխանատվության իր բաժնից նրան ոչ մի կերպ չի հաջողվի գլուխ պրծացնել: Այդ փոփոխություններով կառավարությունը եւ իշխող կոալիցիայի ներկայացուցիչներն, ըստ էության, օրինականացնում են առանց այդ էլ մեծ տարածում գտած` չվճարվող արտաժամյա աշխատանքը, ինչն աշխատողների իրավունքների կոպիտ ոտնահարում է: Նոր դժգոհության բո՞ւյն է: Կարծում եմ` այո:
Նույնը վերաբերում է մաքսազերծման օրենսդրությունում կատարված փոփոխություններին, որոնք, չնայած ոստիկանական բռնություններին, վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների հարյուրավոր տերերի բողոքի հուժկու ալիք առաջ բերեցին Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Ախուրյանում եւ այլուր: Խնդիրն այն է, որ համաձայն նոր կարգի` վրացական համարանիշներով ավտոմեքենաները Հայաստանում քաղաքացին կարող է վարել միանվագ մուտքով առավելագույնը 15 օր: Այդպիսով վարորդներին ստիպում են ձեռք բերած մարդատարներն անհապաղ մաքսազերծել, ընդ որում` չափազանց բարձր, գրեթե դրանց գների 40-50 տոկոսին հասնող մաքսատուրքերով: Պարզ է, որ ավտոտերերի մեծամասնությունն ի վիճակի չէ վճարել այդքան գումար: ԱՊՊԱ-ի պարտադրանքը մի կերպ թոթափած վարորդների շլինքին հիմա էլ փորձության այս մեծ բեռն է դրվում:
Վերջին շրջանի «շղթայական» թանկացումների ու ակնհայտորեն դժգոհություն առաջացնող մյուս քայլերի հետ կապված կենսահույզ հարցադրումները վերը նշվածով չեն ավարտվում: Մարդկանց համբերությունից հանում եւ բողոքի ցույցերի են մղում ոչ միայն մաքսային ու հարկային կամայականություններով կամ կոռուպցիոն երեւույթներով պայմանավորված խնդիրները, այլ նաեւ իր քաղաքացիների հանդեպ իշխանությունների քար անտարբերությունը, անընդհատ նրանց գրպանները մտնելու պատրվակները: Եվ եթե այսօր դժգոհությունը փողոց է դուրս բերել միայն վարորդներին ու առեւտրականներին` չպետք է կարծել, թե հասարակության մնացյալ շերտերն ուղղակի երջանկությունից գլուխները կորցրել են: Ամենեւին: Այսպես շարունակվելու դեպքում` իսկ դրա բոլոր նախադրյալները կան, «դանակը» նաեւ նրանց «ոսկորին» կհասնի:
Չէ որ հասարակությանն իսպառ հունից հանելու, այլ կերպ ասած` սոցիալական բունտ հասունացնելու համար իշխանությունների խոհանոցում դեռ «թթխմոր» շատ կա: Առջեւում մետրոյի սակագնի կրկնակի բարձրացման նախագիծն է, հացի ու ալյուրի թանկացման նոր ալիքը, գազի, ուստիեւ մի շարք ապրանքատեսակների ու ծառայությունների գների վերընթացը, նոր անձնագրերի համար սահմանված բավականին պատկառելի ծախսերը: Դրանք էլ, ամենայն հավանականությամբ, կլինեն ժողովրդի համբերության բաժակը լցնող վերջին կաթիլները, եւ իշխանությունը կհասնի իր ուզածին:
Մնանք սոցիալական պայթյունի սպասող