Մեկնաբանություն

05.11.2019 01:10


Չորսը` մեկում. մուտիտ, կռուտիտ, դեմագոգիա և էժանագին մանիպուլյացիա «Արցախի թեմայով»` մեկ «ուղիղ եթերում»

Չորսը` մեկում. մուտիտ, կռուտիտ, դեմագոգիա և էժանագին մանիպուլյացիա «Արցախի թեմայով»` մեկ «ուղիղ եթերում»

Փաշինյանի կիրակնօրյա լայվը` «իբր թե» անկեղծ եւ անմիջական «զրույցը» Հայաստանի հպարտ քաղաքացու հետ (չգիտեինք, որ «նոր» Հայաստանում մենախոսությունը եւ զրույցը հոմանիշներ են), հե՛չ «դուխով» չէր։ Հակառակը` «դուխաթափ» էր. Արցախի հարցի շուրջ «իբր թե շահարկումներին» իբր թե հակադարձելու, իր բառապաշարով ասած` «մուտիտի, կռուտիտի ու դեմագոգիայի», մի խոսքով` էժանագին մանիպուլյացիայի անճարակ փորձ։

Փաշինյանը, նախ, ձեւ արեց, թե իսկի էլ անհանգստացած չէ այդ «շահարկումներից»` պարզապես ուշքը գնում է ժողովրդի հետ «շփվելու» համար, եւ չի ուզում բաց թողնել զոմբիների առաջ սիրտը բացելու պատեհ առիթը։ «Զրույցը» չսկսած` էլեկտրոնային հաղորդագրություն («ինստրուկցիա») ստացավ Աննայից, որ հետո՛ պիտի օգտագործեր` հաղորդման վերջում, որպես «դեսերտ»։

Անցնելով «բուն նյութին»` նկատեց. «Այդ շահարկումները վերջին մեկուկես տարում բավականին հետաքրքիր դինամիկա են արձանագրել։ Առաջին փուլում ասվում էր, որ ես, մեր կառավարությունը, եւ տվյալ դեպքում` անձամբ ես Ղարաբաղը հանձնում եմ։ Հետո, երբ ժամանակը ի ցույց դրեց այդ լուրերի անհեթեթությունը, շրջանառության մեջ դրվեց այն թեզը, թե քանի որ ես ներքաշված եմ Ղարաբաղի դեմ դավադրության մեջ, ահա, ըստ ամենայնի`պայմանավորված պատերազմով, Ղարաբաղը հանձնվելու է»։

«Օբյեկտը», մեղմ ասած, ստում է

Եվ ոչ թե էնպես` ձեռքի հետ ստում է, այլ միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը։ Հուսով եմ, չեք մոռացել, որ իրականում ի՛նքն էր մեղադրում ընդդիմախոսներին, թե` Արցախում կան դավադիր ուժեր, որոնք պատրաստվում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել, հետո մեղքը ինձ վրա բարդել։

«Հիմա սակայն ամբողջ խնդիրն այն է, որ շրջանառության մեջ է դրվում երրորդ թեզը, որ ա՛յ, քանի որ կառավարությունը կամ վարչապետը`ես անձամբ, չեմ համաձայնվում զիջումներ անել, կներեք, եթե շատ կոպիտ հնչի, չեմ համաձայնում հողերը հանձնել, ա՛յ, նշանակում է` բանակցությունները մտել են փակուղի։ Եվ ահա, սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով։ Կոնկրետ այդ թեմայով բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում, եւ այլն, եւ այսպես շարունակ»։

Սա հերթական մանիպուլյացիան է. ոչ մեկը չի ասել` բանակցությունները փակուղի են մտել, որովհետեւ Նիկոլը չի ուզում հողեր հանձնել։ Մտահոգությունը, որ փորձում է «էժանագին շահարկման» տեղ անցկացնել, եղել է այն, որ մի դեպքում` հայտարարելով, որ Ղարաբաղը անպայման պետք է նստի բանակցային սեղանի մոտ, մյուս կողմից` պարզելով «Արցախը Հայաստան է, եւ վերջ» դուխով կարգախոսը, ինչին հաջորդեց Ալիեւի «թեւավոր» արտահայտությունը` «Ղարաբաղը Ադրբեջան է, եւ բացականչական նշան», այո՛, փակուղի է մտցրել բանակցությունները… Ավելին արջի ծառայություն է մատուցել մե՛զ` ներկայացնելով որպես ապակառուցողական կողմ, որը իր ծայրահեղական կեցվածքով խոչընդոտում է բանակցային գործընթացը. մի բան, որ նախկինում երբեւէ չէր եղել։ Սա «նկատել» է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Մինսկի խմբի համանախագահները եւ, մասնավորապես, դաշնակից Ռուսաստանի արտգործնախարարը, ինչի մասին Փաշինյանը համեստորեն լռում է։

«Կա բանակցային դինամիկա։ Կա՛ բավականին հետաքրքիր դինամիկա։ Եվ այդ դինամիկան, ես լավատես եմ, որ կշարունակվի։ Այդ դինամիկան կզարգանա, եւ ըստ էության, ասեմ, որ Աշխաբադում նույնպես զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, եւ որոշակի դինամիկա կա, որոշակի մթնոլորտ կա` (լուծում) փնտրելու ձգտում, ցանկություն կա»,- ասաց Փաշինյանը`պարտիզանի համառությամբ կես խոսք չասելով. ինչի՞ մասին է այդ «դրական դինամիկան», կարո՞ղ է` Ալիեւն ընդունել է կամ պատրաստ է քննարկել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը։ Ավելին` 35 րոպեում ոչ մի անգամ չարտասանեց ինքնորոշում բառը, ինչպես իր արտգործնախարարն էր Բիբիսի-ի հետ «hardtalk»-ի ժամանակ խուսափում այդ եզրույթից, ինչպես ժանտախտից։

«Իբր թե» ներկայացնելով «մեր», այսինքն` իր «ռազմավարությունը» Ղարաբաղի հարցում, Նիկոլը եւս մեկ անգամ կրկնեց իր «ֆիրմային» թեզը. «Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ Եվ իմ հիմնական խնդիրն է` բանակցային սեղանի շուրջ փնտրել եւ գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում։ Երբ որ բանակցային գործընթացում կձեւակերպվի մի էնպիսի լուծում, մի էնպիսի առաջարկ, որը ես կարող եմ համարել, որ ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, ես էդ լուծման վերաբերյալ առաջարկը կներկայացնեմ մեր ժողովրդին, դրա շուրջ համազգային քննարկում մենք կունենանք, եւ որոշումները պետք է կայացվեն համազգային ֆորմատով ինչ-որ առումով»։

Փաստորեն` այսքան ժամանակ չի հասկացել, որ դա ռազմավարություն չէ` ընդամենը «փոխզիջում» ասածի բացատրությունն է, իսկ ռազմավարությունը բոլորովին այլ բան է. ո՞րն է այդ փոխզիջումը` կարմիր գիծը, որ հայկական կողմը երբեք չի անցնի։ Ի վերջո` ինչ է դրված սեղանին` Մադրիդյան սկզբունքները, որ մեր երազանքների գագաթնակետը չեն, բայց գոնե ամրագրում են Արցախի ինքնորոշման իրավունքը, որը եթե հանում ես, տակը մնում է տարածքային «բաց» վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` այն, ինչին Ադրբեջանը մշտապես ձգտել եւ Նիկոլի «թեթեւ ձեռքով», ըստ էության, հասել է, մնո՞ւմ է ուժի մեջ, թե Վիեննայի եւ Սանկտ-Պետրերբուրգի պայմանավորվածությունների պես այլեւս նետվել է պատմության աղբանոց։ Այս մասին մեր հերոսը ոչինչ չի ասում։

Ով խոսի հակասությունների մասին, ում մեղադրեն ստելու մեջ

Մյուս «իբր թե շահարկումը», ըստ Նիկոլի, այսպիսին է. «Շատ է շահարկվել, թե Արցախի իշխանության եւ Հայաստանի իշխանության մեջ կան հակասություններ, հակադրություններ, եւ փորձ է արվում ներկայացնել, թե Ղարաբաղի հարցում կա այդպիսի իրավիճակ։ Ես կարող եմ հստակ արձանագրել մի բան` որ Հայաստանի իշխանության եւ Ղարաբաղի իշխանության պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են։ Նույնական են, սիրելի հայրենակիցներ։ Կրկին ուզում եմ արձանագրել` Արցախի իշխանության եւ Հայաստանի իշխանության պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են»։

Կարծես ո՛չ թե ինքն է Nouvelle d'Arménie-ին տված հարցազրույցում հայտարարել Արցախի եւ հայաստանի իշխանությունների միջեւ անհամաձայնության, հակասությունների մասին, որոնք «կհարթվեն» Արցախում 2020թ. տեղի ունենալիք ընտրություններից հետո, այլ մե՛նք ենք դա հորինել։

Ի դեպ, «Հայաստանի եւ Արցախի իշխանությունների մոտեցումների նույնականության փաստի արձանագրումն» առավել եւս տարօրինակ է` նկատի ունենալով, որ այդ մոտեցումներն իրականում երբեք նույնական չեն եղել` նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք. Արցախի դիրքորոշումը միշտ էլ ավելի կոշտ է եղել, եւ դա «արցախյան ռազմավարության» կարեւոր բաղադրիչներից մեկն էր` պաշտպանական լրացուցիչ շերտ, որ մանեւրելու տեղ է թողնում հայկական կողմին. այն, ինչը լավագույնս աշխատեց 1998 թ., երբ Տեր-Պետրոսյանն «այո» ասաց տխրահռչակ փուլային կարգավորմանը, Արցախը`մերժեց, եւ իր «հաղթանակը» տոնող Ադրբեջանը մնաց ձեռնունայն։

«Շահարկումների» եւս մեկ ուշագրավ դրվագ. «Էս համատեքստում դրվում ա հաջորդ թեզը, որը գալիս ա սենց` կապվում ա, իբր էն մեկ, է՛ս` էրկու, երրորդ թեզը` որ Փաշինյանը թուլացնում ա բանակը եւ թուլացնում ա գեներալիտետը»։ Այստեղ Նիկոլը «պաուզա» տվեց, հուզիչ պատմություններ պատմեց այն մասին, թե այս կառավարությունը մեկուկես տարում բանակի համար ինչպես է ավելի՛ն արել, քան մնացած կառավարությունները` միասին վերցրած. լուծել է խմելու ջրի հարցը, բարելավել «յուրային զորքերի դիրքերը» (մնում էր` ոչ յուրային, այսինքն` թշնամական զորքերի դիրքերը բարելավեր), եւ այլն, եւ այդպես շարունակ։

Որպես ձեռբերում ներկայացրեց բանակի արդիականացման, դիրքերի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, որ նախատեսված էին 2018 թ. (այսինքն` Կարեն Կարապետյանի կառավարության) բյուջեով։ Նաեւ այն, ինչը դեռ պետք է արվի` «մինչեւ տարեվերջ մարտական դիրքերի 30-35 տոկոսը կապահովվեն խմելու ջրով», «2020թ. ռազմարդյունաբերության ֆինասավորումը կավելանա 114 տոկոսով» (մինչդեռ 2020թ․ ռազմական բյուջեն ոչ թե ավելացել է, այլ` տոկոսային արտահայտությամբ, մի բան էլ` նվազել, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ ռազմական ծախսերը նախատեսվում է ավելացնել 20 տոկոսով)։

Առանձնակի հպարտությամբ նշեց «ամենակարեւոր ծրագրերից մեկը` զինվորներին սննդով ապահովելու նոր համակարգի» ներդրումը (Փաշինյանի մոտեցումը բանակի մարտունակության բարձրացման հարցում միանշանակ է` զինվորի փորը կուշտ լինի, «մայկա-տռուսիկը»` տեղը, մնացածը` հե՛չ

Ի՞նչ վերաբերում է «գեներալիտետին թուլացնելու, վարկաբեկելու» մասին «շահարկումներին», հետո՞ ինչ, որ Արցախյան հաղթանակը կերտած գեներալներից մի քանիսին «հայտնի գործերով» մեղադրանքներ են առաջադրվել, մի քանիսը` պաշտոնանկ են արվել, մյուսների գլխին կախված է քրեական հետապնդման «տակ ընկնելու» մահացու սպառնալիքը։ «Զատո» ինքը «սեփական գեներալիտետ» է ձեւավորում. 5-6 հոգու գեներալական կոչում է շնորհել, որոնցից երեքը երկու-երեք ամիս անց պաշտոնանկ են արվել, ընդհուպ` վերականգնել է Վաղարշակ Հարությունյանի գեներալական ուսադիրները` չունենալով դրա իրավունքը (օրենքը նման ընթացակարգ չի սահմանել)։ Այսպես շարունակվելու դեպքում կարող է` գործ տվող պատգամավորին էլ գեներալ կարգի ԱԱԾ-ի հետ «արդյունավետ համագործակցելու» համար...

Բայց, ինչպես նշեցինք, «դեսերտը»` վերջում։ Խոսքը վարչապետի ազնվազարմ տիկնոջ`Աննայի «մեկ միլիոնանոց» ավտոմեքենայի մասին է. ի՞նչ կապ ունի դա Արցախի հարցի հետ, որքանո՞վ է ազդում բանակի մարտունակության վրա, էական չէ։

Փաշինյանը մի պահ աչքը գցեց համակարգչի էկրանին, հետո`սեղանին դրված «սեւագիր» թղթերին, թե` հո բան չմոռացա՞... Ու «հիշեց». «Վերջին շրջանում շատ ակտիվ տարածվում ա սոցիալական ցանցերում, թե իբր , ախր սենց բաները նույնիսկ անհարմար էլ ա` թե իբր, բանը` մի միլիոն դոլար ա տրվել կառավարությունից եւ Աննայի համար ավտոմեքենա ա գնվել։ Սիրելի հայերնակիցներ, ի՞նչ ասեմ էս կապակցությամբ։ Իհարկե` ասեմ, որ դա ուղղակի անհեթեթություն է կատարյալ, որովհետեւ նման բան ուղղակի տեղի չի ունեցել։ Դա կատարյալ անհեթեթություն է, նույնիսկ, ասենք, հավելյալ որեւէ բան այդ կապակցությամբ ասելու չունեմ, դա կատարյալ անհեթեթություն է, կատարյալ սուտ է, ընդհանրապես, նման բան կամ դրան մոտիկ ինչ-որ բան տեղի չի ունեցել»։

Մի խոսքով, գլուխներդ ինչ ցավացնեմ` կտրականապես հերքեց 1 միլիոն դոլարով Աննայի համար ավտոմեքենա գնելու լուրերը, որ իրենք են դրել շրջանառության մեջ` իրենց «ֆեյքնյուզերով», որ հետո հերքեն, բայց չհերքեց այն, ինչի մամուլը գրում է. որ կառավարությունը երկու գերժամանակակից զրահապատ ավտոմեքենա է ձեռք բերել` 1 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, որոնցից մեկը, ինչպես ենթադրվում է, սպասարկում է իրեն, մյուսը` Աննային։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը