Կարծիք

05.11.2019 08:44


Սա սերմացու գողացող մկան վարքագիծ է

Սա սերմացու գողացող մկան վարքագիծ է

Խնդիրն այն չէ, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ «ֆուտուրիստական փերֆորմանս են բեմադրել» Երևանի կենտրոնում: Ի վերջո, կարելի է դա համարել արվեստ, մշակույթ, կարելի է և չհամարել ու անտարբերության մատնել: Խնդիրը նաև այն չէ, որ ինչ-որ մարդկանց այդ «փերֆորմանսը» դուր չի եկել և նրանք որոշել են հենց տեղում բողոքի գործողություններ կազմակերպել: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչն է «փերֆորմանսի» կազմակերպիչն ու շան պարանը վզին` հաչացողը: Քավ լիցի, իր և իր ընտանիքի, նաև իր քաղաքական թիմի գործն է այս վարքագիծը:

Իրական խնդիրն այն է, թե ինչո՞ւ, ո՞ր տրամաբանությամբ է Ատելության կուսակցության ձևավորած կառավարությունը հարկատուից փող հավաքում և պետական բյուջեից ֆինանսավորում մի փողոցային գործողություն, որն առնվազն վիճելի է մշակույթ կամ արվեստ անվանել: Եթե նույնիսկ սա արվեստ կամ մշակույթ է, ապա փաստացի պետության համար գերակա նշանակություն ունի, որ ֆինանսավորվում է պետական բյուջեից: Եվ ուրեմն հարց է առաջանում. ո՞նց կարող են հարկ վճարող քաղաքացիները ծանոթանալ մշակութային ոլորտում պետական քաղաքականության գերակայություններին և տեղեկացված լինել, թե իրենց գումարներն ինչի վրա են ծախսվում և ինչ հիմնավորմամբ:

Օրինակ` կնոջից տղամարդ սեռափոխության պրոցեսի վերաբերյալ ֆիլմի նկարահանման համար պետական բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացված: Միգուցե և Արայիկ Հարությունյանի կյանքի երազանքն է եղել նման ֆիլմ ստեղծելը: Իր գործն է: Միգուցե ժողովրդի վարչապետն ընտանյոք հանդերձ գնա այդ ֆիլմի պրեմյերային: Իր գործն է: Բայց քաղաքական հարց կա. Ատելության կուսակցության նախընտրական ծրագրում, կառավարության ծրագրում, գերատեսչական ակտերում արդյո՞ք արձանագրված է, որ սա է իրենց պատկերացրած մշակույթը, արձանագրվա՞ծ է արդյոք, որ քաղաքացիները պետք է հարկեր վճարեն, որոնք ուղղվելու են մշակույթի կամ արվեստի հենց այս ուղղությունները ֆինանսավորելու վրա:

Եթե արձանագրված չէ, ուրեմն սա հարկատուի փողը գաղտագողի նախարներին ու փոխնախարարներին բաժանելու, պետական ամառանոցը պետությունից գողանալու շարքի շարունակությունն է: Սա սերմացու գողացող մկան վարքագիծ է` առանց հարկատուի կարծիքը հաշվի առնելու նրա փողը վատնել սեփական մշակութային ճաշակի ու արժեհամակարգի քարոզչության վրա: Ոչ մեկ չի կասկածում չէ՞, որ հարկատուների ջախջախիչ մեծամասնությունը չի ցանկանում նման մշակույթ կամ արվեստ ունենալ և դրա համար վճարել: Այստեղ նույնիսկ բանավեճ չկա: Եվ, ուրեմն սա սովորական գողություն է, սովորական խարդախություն:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը