Հարցազրույց

02.11.2019 11:55


«Նայիր քո ԱԺ-ին, նայիր քո կառավարությանը՝ այդ շրջագայող տուրիստներին. այդպես երկիր չի լինում». Վարդան Բոստանջյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Նայիր քո ԱԺ-ին, նայիր քո կառավարությանը՝ այդ շրջագայող տուրիստներին. այդպես երկիր չի լինում». Վարդան Բոստանջյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Աղքատ երկրին սազական չէ այս ամենը. միայն մեքենան չէ, միայն առանձնատունը չէ: Մեր այս երիտասարդ մարդիկ, որոնք հայտնվել են ղեկի մոտ, շնչահեղձ՝ ինքնաթիռներից չեն իջնում: Տեսեք գործուղումները. մարդիկ, փաստորեն, բյուջեի հաշվին, այսինքն՝ խեղճուկրակ հարկատուների հաշվին, անիմաստ գործուղումներ, շրջագայություններ են անում: Որոշ մարդկանց համար բյուջեն վերածվել է տուրիստական բյուրոյի»,-«168 TV»«Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Տնտեսագետի խոսքով՝ գործուղումներն անիմաստ են, մեր երկրի համար դեռևս որևէ օգուտ չկա. «Գործուղումներից հետո մենք տեսնում ենք նկարներ. նկարվեցին Էյֆելյան աշտարակի ֆոնին, Կոլիզեյի ֆոնին… գեղեցիկ սելֆիներ են»:

Ներդրումներ, ըստ նրա՝ գոյություն չունեն. «Ներդրումները տնտեսագիտության մեջ ամենանուրբ, խոցելի կողմերից է: Ցանկացած ներդրող գործունեություն է իրականացնում, որի արդյունքում ինքը պետք է հետո օգուտներ ստանա: Այդ պրոցեսը կապված է բազմաթիվ ռիսկերի հետ: Ցանկացած ներդրող գնահատում է այդ ռիսկերը: Եթե չկան պայմաններ, ոչ ոք հիմար չէ, որ ներդրում կատարի: Մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ չեմ կարծում, թե որևէ խելոք կարող է իրեն թույլ տալ՝ այստեղ ներդրումներ կատարել»:

Վ. Բոստանջյանի խոսքով՝ Հայաստանում ներդրողների իրավունքները պաշտպանված չեն. «Գոյություն ունի անօրինաչափ վիճակ, սեփականության իրավունքը չի հարգվում: Հասկանալի է, որ սեփականության ձևավորման հիմքում կարող են լինել նաև կրիմինալ երևույթներ, բայց բոլոր դեպքերում, եթե բռնված չես, գող չես, և չի կարելի գնալ հետ ու ասել՝ դու այսպիսին ես: Կարող ես՝ այսօր այնպես արա, որ կրիմինալ, անօրինական երևույթները բացառվեն կամ հասնեն փոքրագույնի: Բայց, բոլոր դեպքերում, եթե մենք ուզենանք գցել-բռնել, թե ով է սխալ, ով է ճիշտ, ով է օրինական, ով՝ ոչ օրինական, կարող ենք գործնականորեն հասնել մինչև Տիգրան Մեծին»:

Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին, ըստ նրա՝ առանց պատճառի է մեղադրանք առաջադրվել. «Սկզբից ձերբակալում են, հետո՝ պատճառ փնտրում, իսկ պատճառը չգտնելու պարագայում էլ մի պատճառ դնում են: Հիմա Հրայր Թովմասյանի նկատմամբ ճակատային հարձակում գոյություն ունի, բոլոր միջոցներն արդարացված են համարում այդ գործը կատարելու համար. է՛լ ծնող, է՛լ Բաբլոյան, է՛լ Բաբայան, և այլն: Կա հանձնարարություն, և մարդիկ կատարում են: Կան գեո-կառավարողներ, որոնք իրենց անունը դրել են գլոբալիստներ, խոշոր հաշվով՝ ասում են, որ մոլորակի վրա ազգություն, լեզու, կրոն չպետք է լինի, այսինքն՝ ցանկալի է, որ լինեն զոմբիներ, որոնց կառավարելը չափազանց հեշտ է: Ես ենթադրում եմ, որ նման բան տեղի է ունենում ՀՀ-ում»:

Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիային, ապա Վարդան Բոստանջյանը վատ է վերաբերվում. «Ես գիտեմ, որ հայ մարդն իր հազարամյա պատմության մեջ ձևավորել է ընտանիք հասկացություն, հավատ հասկացություն, հարգանք հասկացություն, մեծ և փոքր հասկացություն, և հիմա ենթադրում եմ, որ սա ևս այդ հանձնարարականի մեջ է մտնում: Ամբողջ երկիրն աշխատում է մի բանի վրա՝ ստեղծենք մի բան, որ տղամարդը տղամարդու հետ ամուսնանա, կինը՝ կնոջ: Ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Մենք բոլոր ժամանակներում ընտանիքի վերաբերյալ ունեցել ենք իմպերատիվ, տիեզերական մեծ արժեքներ, և այդ արժեքները մեզ ամբողջ ծավալով ու ճակատով թույլ է տալիս, որ գոյատևենք»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին, ապա Բոստանջյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանն ուժեղ մարդ է, և ցանկալի չէ՝ այս պարագայում լինի, մարդ, որը չէր տառապում սենտիմենտալիզմով, հասարակությանը խաբելով, ուներ ղեկավարին բնորոշ բոլոր հիմնական հատկությունները, և այդ ամենի կտրվածքով՝ կարողացել էր ապահովել երկրի առաջընթացը»:

Բոստանջյանի համար հասկանալի չէ տարբեր ոլորտներում իշխանության վարած քաղաքականությունը. «Այն, ինչ կատարվում է, ի օգուտ մեր ազգի չէ: Միայն այն հանգամանքը, որ տոտալ ձևով ուզում ենք հրաժարվել ընտանիքից, հավատքից, և այլն, մենք լրիվ հերոսներին դարձնում ենք թշնամիներ և բոլորի մեջ փնտրում ենք կրիմինալ հետքեր, որևէ մտածող մարդու դուրը կարո՞ղ է դա գալ»:

Հետաքրքրվեցինք՝ հանրության լայն շերտերին արդյոք դա դուր չի՞ գալիս. «Ցանկացած հասարակության մեջ կա մի շերտ, որն ընդհանրապես հակված չէ աշխատելու, ռացիոնալ որևէ գործունեություն իրականացնելու, ինքը, որպես կանոն, նախանձով է տրամադրված բոլորի նկատմամբ, բոլորի վատն է ուզում և առաջնորդվում է մի բանով՝ ինչքան վատ, այնքան լավ: Հիմա սրանք չեն էլ մտածում, որ լավ ապրեն: ԱՄՆ-ում բոմժեր կան, որոնք պատերի տակ են քնում, որոնց ասում են՝ եկեք, գոնե այստեղ քնեք, դա էլ չեն ուզում: Հիմա նման զանգվածը, որ մասնագիտություն, փեշակ չունեն, լցված են միայն ատելությամբ, նման մարդիկ, իհարկե, պաշտպանեցին ու հիմա էլ պաշտպանում են»:

Նա ընդգծեց, որ ինքն էլ մեծ հույսեր է կապել հեղափոխության հետ, բայց դրանք, ըստ էության, չեն արդարացել. «Մենք ասացինք՝ թող Նիկոլը գա, որ այս հարաբերությունները փոխի, բոլորս տրամադրված էինք: Հիմա անցել է 1.5 տարի և ավելի, և մենք տեսնում ենք, որ լրիվ… սա ո՞նց կարելի է: Ինչո՞ւ ես ինքնաթիռ գնում, ինչո՞ւ ես մեքենա գնում, էս ի՞նչ բաներ եք անում: Հատկապես երկրի ղեկավարը պետք է շատ տարբերություն չունենա իր քաղաքացիների հետ, այդպես պետք է ապրի»:

Հարցին՝ ինչո՞ւ, ինչպես Դուք եք ասում, «չհաջողեց» Նիկոլ Փաշինյանը՝ նա պատասխանեց. «Հայ իրականությունում կան մեծ պոտենցիալով, բարձր կերպարներ, բայց այդ բոլորը մերժված են: Հարաբերությունները սխալ էին, բայց մարդն ուժեղ էր, հանգրվանել էր այնտեղ, չի նշանակում՝ «նախորդ» բառը կպցնելով՝ մարդուն փչացնում են. նման բան ո՞նց կարելի է: Ուժեղ մարդիկ պետք է հայտնվեն տվյալ իշխանության մեջ, և համակարգային մոտեցումը ենթադրում է, որ ուժեղ, կարող մարդկանց չշպրտես մի կողմ, և, ասենք՝ փեշակազուրկներին, իրենցից գոհերին, չկողմնորոշվող, թե արևը որտեղից է դուրս գալիս, որտեղ է մայր մտնում… դրանց ինչի՞ ես բերում: Այսօր նայիր քո ԱԺ-ին, նայիր քո կառավարությանը՝ այդ շրջագայող տուրիստներին. այդպես երկիր չի լինում»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը