Կարծիք

02.11.2019 11:20


Համարյա չփոփոխվող պատկերի փոփոխությունները

Համարյա չփոփոխվող պատկերի փոփոխությունները

Պետեկամուտները հրապարակեց 1 000 խոշոր հարկատուների ցանկը` հունվար–սեպտեմբեր ամիսների կտրվածքով: Կարելի է ասել, որ 2019 տնտեսական տարվա պատկերն արդեն ուրվագծված է: Խոշոր հարկատուների առաջին տասնյակը բավական կայուն է թե՛ 2018-ի համեմատ, թե՛ 2017-ի:

Անցած տարի տասնյակից դուրս էր մնացել «Թեղուտը», որ 2017-ին ութերորդ խոշոր հարկատուն էր: Դուրս էր մնացել պարզ պատճառով` մեր երկրում հանքարդյունաբերությանը պատերազմի պես մի բան ենք հայտարարել: Վերջին տարիներին, բայց մասամբ, իհարկե «Թեղուտն» այս տարվա ցանկում 238-րդն է):

Իսկ այս տարի առաջին տասնյակից դուրս է մնացել «Ալեքս հոլդինգը», որ անցած տարի չորրորդ խոշոր ընկերությունն էր՝ 13.9 մլրդ դրամը գերազանցող հարկերով (այս տարի 79-րդն է՝ 1.9 մլրդ-ից մի փոքր ավելի մուծումներով):

Այս տարի տասնյակում առաջին անգամ «Ֆլեշ» ընկերությունն է, որ 10.75 մլրդ դրամ հարկային մուծումներով 6-րդն է (անցած տարի 11-րդն էր` 8.6 մլրդ դրամով):

Մյուս` աչքի զարնող ամենամեծ փոփոխությունն այն է, որ կտրուկ մեծացել է առաջին եռյակի մուծած հարկերի ծավալը: Չնայած, որ առաջին եռյակի կազմը նույնն է մնացել` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գրանդ Տոբակո», «Գազպրոմ Արմենիա» (վերջին երկուսը տեղերը փոխել են)։

Առաջին եռյակի մուծումների ծավալը ռեկորդային է` մոտ 114.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուծումների ծավալը մոտ 89.9 մլրդ դրամ էր: Էական ու նկատելի տարբերությունները սրանք էին:

Հիմա դիտարկենք այն, ինչ ընդհանուր և չփոփոխվող է խոշոր հարկատուների ցանկի համար: Անկախ հանքահումքային արդյունաբերությանը «պատերազմ հայտարարելուց» փաստից, առաջին տասնյակում այդ ոլորտի երկու ձեռնարկություն կա: Կան սպորտային լրատվության բառապաշարով ասած` առաջին և իններորդ տեղը զբաղեցնող ընկերությունները: Տեղական արտադրական ու իրական տնտեսության հետ կապ ունեցող երեք անփոփոխ ձեռնարկություն կա ցանկում` «Գրանդ Տոբակոն», «Ինթերնեյշնլ Մասիս տաբակը» և «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Սա կարելի է համարել (կամ շարունակել համարել) տնտեսական ուրախության (կամ, եթե կուզեք` հպարտության) առարկա: Շատ լուրջ պատճառ ու առարկա: Որովհետև այդպիսի այլ ձեռնարկություն ցանկի առաջին հինգ տասնյակում չկա: Մնացածը ապրանքներ ներկրող ու իրացնող, տրանսպորտի կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններ են ու բանկեր:

Տնտեսական արտադրական հատվածը ներկայացնող հաջորդ ձեռնարկությունը՝ մոտ 2.6 մլրդ դրամ հարկերով, 51-րդ տեղում գտնվող «Երևանի կոնյակի գործարանն» է: Կարելի է արձանագրել, որ վերջին տարիներին մեր երկրի տնտեսության կառուցվածքում առայժմ էական (արմատական կամ հեղափոխական) փոփոխություններ չկան: Ո՛չ գյուղատնտեսության ոլորտում են ձևավորվում խոշոր հարկատու ընկերություններ, ո՛չ տեղեկատվական ու թվային-ժամանակակից անվանվող ոլորտներում:

Մյուս անփոփոխ գործընթացն այն է, որ խոշորներն ավելի արագ են խոշորանում: Առաջին տասնյակներից հետո վերջին երկու տարում հարկատուների մուծած հարկերը այդքան նկատելի չեն տարբերվում: 250-րդ հարկատուն 2018-ին մուծել էր 470 մլն, այս տարի` 510: 2018-ին 500-րդ հարկատուն մուծել էր 201 մլն դրամ, 2019-ին` 255: 750-րդ հարկատուն 2018-ին մուծել էր 133 մլն, այս տարի` 164: Վերջին` հազարերորդ հարկատուի (որի ցուցանիշով ավարտվում է ցանկը) այս տվյալներն ունի. 2018թ․՝ 98.4 մլն դրամ, 2019թ․՝ 119: Ասել է, թե բիզնեսի խոշորացման գործընթացն այս կամ այն չափով շարունակվում է (գնաճ-արժեզրկում գործընթացների հետևանքների հաշվարկը խոշորացման մասշտաբի չափերն, իհարկե, կմեղմի): Բայց նկատելի է, որ իշխանությունների ուշադրության կենտրոնում առաջին հերթին խոշոր բիզնեսն է: Ուր հասկանալի ու նույնքան էլ անհասկանալի գործընթացներ կան:

Հիշեցնենք, որ տարվա իննը ամիսների տվյալները հստակեցնում են երկրի բիզնես կյանքի պատկերը, բայց վերջնական հետևություններ կարելի կլինի անել գոնե տարեկան տվյալների ամփոփումով:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը