Կարծիք

29.10.2019 08:52


Իշխանություն ունենալու իրավունքը

Իշխանություն ունենալու իրավունքը

Հայաստանում սկսվել է ձերբակալությունների շքերթ, քաղաքական օրակարգի հիմնական թեմաներն են դատավարություններն ու քրեական գործերը, իսկ սոցիալական ցանցերը լի են ամենավերջին հայհոյանքներով:

Գործող իշխանությունը, «հեղափոխության» ժամանակ, խոստանում էր հաստատել սիրո և հանդուրժողականության մթնոլորտ, սակայն մենք տեսնում ենք, որ հակառակն է տեղի ունենում: Ինչո՞ւ այդպես ստացվեց և արդյոք դրա համար կա՞ն խորքային պատճառներ: Ինչո՞ւ է գործող իշխանությունը «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի իրադարձությունների նոր դատական պրոցեսները դարձրել քաղաքական օրակարգի կենտրոնական խնդիրներ: Փորձենք այդ հարցերի պատասխաններն որոնել:

Ցանկացած իշխանություն գոյատևման համար ունի հանրային լեգիտիմության կարիք։ Շատերը լեգիտիմությունը շփոթում են օրինականության հետ։ Օրինական է համարվում այն իշխանությունը, որն օրենքի տառին համապատասխան, ընտրությունների միջոցով գալիս է իշխանության և հանրությունը դա կասկածի տակ չի դնում։ Գործող իշխանության օրինականությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում։ Իրոք, հանրային լայն աջակցություն եղել է։ Լեգիտիմությունն այլ հասկացություն է, և օրինական իշխանությունն ընտրվելուց որոշ ժամանակ անց կարող է կորցնել հանրային աջակցությունը։ Եթե շատ պարզունակ կերպով ձևակերպենք, ապա լեգիտիմության աստիճանը համապատասխանում է տվյալ պահին իշխանության ռեյտինգին, այսինքն՝ տվյալ պահին հանրության որ մասն է աջակցում իշխանությանը։ Հասկանալի է, որ այդ աջակցությունը կարող է բարձրանալ կամ իջնել, այսինքն՝ լեգիտիմության աստիճանն ունի «լողացող» բնույթ։ Եթե ավելի կոպիտ համեմատություն անենք, ապա իշխանության լեգիտիմության աստիճանը նման է դրամի ընթացիկ կուրսին․ իշխանության այս կամ այն քայլից կամ վարած քաղաքականությունից կախված՝ դրամի կուրսը (լեգիտիմությունը) կարող է բարձրանալ կամ իջնել։

Ամենադաժան բռնատիրությունն այն է, որը հանդես է գալիս Օրինականության անունից՝

Արդարության դրոշի ներքո։

Մոնտեսքյու

Ասածից կարող ենք հետևություն անել, որ ներկայիս իշխանության լեգիտիմությունը կապված է հանրային աջակցության աստիճանից։ Իսկ ինչ է ցանկանում Հայաստանի հանրությունը և դրան համապատասխան ինչ պետք է անի գործող կառավարությունը, որ չկորցնի աջակցությունը։ Ի տարբերություն նախորդ իշխանության, որին չէր հետաքրքրում հանրային կարծիքը և համոզված էր, որ առնվազն առաջիկա տաս տարիների ընթացքում իշխանության դուռը գտնվելու է Մելիք Ադամյան փողոցում՝ այս իշխանության համար հանրային աջակցությունը կենսական է և դրա կորուստը կարող է իր համար ճակատագրական լինել՝ հաշվի առնելով այն, որ իշխանությունը փոփոխվել է ոչ թե հերթական ընտրությունների ժամանակ, այլ հանրային ըմբոստության հետևանքով, իսկ հետո տեղի ունեցած ընտրություններն ուղղակի արարողակարգային ակտ էին։

Քաղաքագիտության մեջ իշխանության լեգիտիմությունն երեք հիմնական տեսակ կարող է լինել՝ գաղափարախոսական, կառուցվածքային և անձնավորված՝ խարիզմատիկ։

  • Գաղափարախոսականի պահով ամեն ինչ հասկանալի է, իշխանությունը հիմնված է որևէ գաղափարախոսության վրա, որը հիմնականում խարսխված է լինում մի քանի գաղափարի վրա՝ ազատություն, հավասարություն, արդարություն, կրոն, ազգայնականություն և այլն։
  • Կառուցվածքային լեգիտիմությունը խարսխված է լինում օրինականության, ավանդույթների ու կենսունակ ինստիտուտների վրա, որտեղ խաղի կանոնները հստակ են՝ բոլորը գիտեն իրենց իրավունքերի ու պարտականությունների չափը։
  • Անձնավորված իշխանությունը հիմնված է լինում որևէ խարիզմատիկ առաջնորդի հեղինակության վրա, որն իր անձով խորհրդանշում է որևէ գաղափար կամ ժողովրդի համար ընդունելի ինչ-որ «ճշմարտություն»։

Վերջապես ես սկսել եմ հասկանալ, որ հեղափոխությունների ժամանակ իշխանությունը, վերջիվերջո,

հայտնվում է ամենակատարյալ սրիկաների ձեռքում։

Ժ․Դանտոն

Հեղափոխություններից հետո, որպես կանոն, իշխանության են գալիս գաղափարականացված մարդիկ։ Նման գաղափարների ու նոր արժեքների հաստատումով է հիմնավորվում հեղափոխությունների պատմական անհրաժեշտությունը։ Հայաստանում այդպես չստացվեց, ինչի համար շատերը 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունը չեն որակում որպես հեղափոխություն, այսինքն՝ արժեքային փոփոխություններ տեղի չունեցան։

Ինչ վերաբերում է կառուցվածքային լեգիտիմությանը, ապա անգամ նախկին իշխանություններն էին ընդունում, որ Հայաստանում քաղաքական համակարգը բազմաթիվ թերություններ ունի և անգամ դրանով էին փորձում արդարացնել իրենց անհաջողությունները, իսկ նորերն ավելի առաջ են գնում՝ հայտարարելով, որ եղած պետական ինստիտուտները չեն գործում։

Մնաց վերջին տարբերակը՝ անձնավորված լեգիտիմությունը։ Իրոք, իշխանափոխության ողջ գործընթացի ժամանակ, իսկ դա տևել է 2018-ի մայիսից մինչև դեկտեմբերի ԱԺ ընտրությունները՝ (շուրջ 7 ամիս) Նիկոլ Փաշինյանի անձնական ռեյտինգն աննախադեպ բարձր էր։

Իսկ ո՞րն էր դրա պատճառը։

Վերջին տասնամյակներում Հայաստանի հանրության սոցիալական պատկերացումները հիմնված էին երկու գաղափարի վրա՝ «իշխանափոխություն» և տեղի ունեցած «թալանը» ետ բերելը, ինչպես նաև պատժել «թալանչիներին»։ Դրանց վրա էր կառուցվում վերջին ժամանակների բոլոր ընդդիմությունների հանրային հռետորաբանությունը։

2018-ին իշխանափոխությունը տեղի ունեցավ և տասնամյակների հանրային իղձը իրականացրած և դրա իրականացումը անձնավորած անձը ձեռք բերեց հանրային լեգիտմիություն և խարիզմա՝ ինչն ուրիշներին չէր հաջողվում, ինքը հաջողեց։ Դրա դիմաց նա ստացավ բացարձակ իշխանություն, մնաց երկրորդ «հանրային պահանջը»՝ պատժել և վերադարձնել «թալանածը»։ Այլ գաղափարներ, որ Հայաստանի քաղաքական միտքը առաջարկեր հանրությանը, իսկ հանրությունը դա ընդուներ, չկա։

Իշխանության հանդեպ անվստահությունը ամենաառաջնային

քաղաքացիական պարտականությունն է։

ՆԴուգլաս

Փաշինյանի հռետորաբանությունը, որը լի է «մկների ու ձկների», «ասֆալտին փռել» և այլ ժողովրդական բանահյուսության տերմինալոգիաներով, այն միակ գաղափարն է, որն ունի հանրային լեգիտիմություն և կարող է բարձրացնել գործող իշխանության վարկը։ Ավելի բարդ, ինստիտուցիոնալ բարեփեխումների մասին ազգային ծրագրեր գոյություն չունեն։ Միակ «լուրջ» խոսակցությունը, որն ունի ինստիտուցիոնալ բնույթ, «ժողովրդական իղձերին»՝ պատժել և բռնել «ազգային ծրագրին» խոչընդոտող ինստիտուտներն են՝ դատարաններն ու Սահմանադրական դատարանը, որոնք «դիմադրում» են։ Այս դիսկուրսը գործող իշխանության համար լավագույն արդարացումն է հանրությանը բացատրելու ու ցույց տալու համար, թե ինչու են հապաղում իրագործել լայնածավալ պատժման գործընթացը, ինչպես նաև արդարացնել ինստիտուցիոնալ բարեփոխումների ու թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու իրենց անկարողությունը։ Մյուս, ավելի «ստեղծագործական» գաղափարները՝ վեթինգն ու անցումային արդարադատությունը, տապալվեցին, որովհետև դրանք իրականացնելու համար չկան «խանգարող թշնամիներ», չկա արագ արդյունք ստանալու հնարավորություն, ինչպես նաև՝ մասնագիտական հմտություններ։

Ցանկացած հանցագործություն պետք է պատժվի, եթե այն բացահայտվում է, հիմնավորվում է, սակայն լոկ «պատժման» գաղափարի վրա հենված պետական քաղաքականությունը չի կարող երկարատև ազդեցություն ունենալ, առավել ևս լուրջ արդյունքի հասնել։

Ռեպրեսիաները գործող իշխանության համար կենսական են, և դրանք դարարեցնելու դեպքում Փաշինյանի լեգիտիմության աստիճանը կտրուկ անկում կապրի։

Լուրջ բարեփոխումներ, կարծես թե, մեզ չեն սպասվում, սակայն պերմանենտ հանրային սթրեսներն ու ռեպրեսիաները կենսական են այս իշխանության գոյության համար։ Որքան գործող իշխանության վարկը սկսի սասանվել, այնքան «պատիժների» ավելի հզոր ալիքներ կսկսվեն, այլ ճանապարհ այս իշխանությունը չունի։ Ժամանակն աշխատում է իրենց դեմ։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը