Կարծիք

28.10.2019 22:45


Լևոնական «БТР-կանանց» որակի իշխանություն. ո՞րն է ելքն այս իրավիճակից

Լևոնական «БТР-կանանց» որակի իշխանություն. ո՞րն է ելքն այս իրավիճակից

Եթե դուք երբևիցե մասնակցել եք կամ համացանցով հետևել եք ինչ-որ մի հանրահավաքի, որը տեղի է ունեցել 2008 թ.-ից հետո, հաստատ տեսել եք մի խումբ կանանց, ովքեր ամենից ակտիվն են ողջունում հրապարակում ելույթ ունեցողներին: Ժամանակի հետ հանրությունը այդ կանանց կոչեց «լևոնական БТР-ներ»: Այդ կանայք ՀՀՇ–ական իշխանության տարիներից մեզ մնացած ժառանգություն են։

Մարդկանց վերաբերմունքն այդ կանանց նկատմամբ տարբեր է եղել: Եթե կոնկրետ քաղաքական պահին ՀԱԿ-ը եղել է ձեր քաղաքական հաճախորդը, դուք՝ հասկանալով «БТР-կանանց» երևույթի տգեղությունը, այնուամենայնիվ հասկացել եք նաև, որ իրենց կարելի է օգտագործել: Եթե ՀԱԿ-ը ձեր հաճախորդը չէր, վերաբերմունքը միանշանակ բացասական էր:

Ի՞նչ յուրահատկություններ ունեն «БТРկանայք»

1. Փողոցային բառամթերքի օգտագործում:

2. Այս կամ այն դեպքի վերաբերյալ էմոցիոնալ գնահատականներ՝ առանց փաստերի իսկությունը ստուգելու:

3. Ատելության քարոզ:

4. Թշնամանքի քարոզ՝ ընդդեմ մեկ անձի, մեկ խմբի կամ ժողովրդի մի մասի:

5. Պետականության և պետության մասին պատկերացումների իսպառ բացակայություն:

6. Բացառապես «վոժդի» շահերից ելնելով գործողություններ:

Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց ցավալին այն է, որ մարդիկ, ովքեր այսօր իշխանության ղեկին են, մեծ հաշվով իրենց պատկերացումներով, աշխարհայացքով շատ չեն տարբերվում նշված կերպարներից: Շատ հաճախ գործում են հախուռն, օգտագործում փողոցային բառամթերք՝ մարդկանց հասցեին հնչեցնելով չապացուցված մեղադրանքներ:

Վերը նշված բոլոր փաստերը հանրության մտածող զանգվածի համար առանց այս հոդվածի էլ հայտնի են: Ավելի կարևորն այն է, թե ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով է Հայաստանում նոր իշխանություն ձևավորել:

Ո՞րն է ելքն այս իրավիճակից

Այսօր ուրվագծվում է, որ Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում շոշափելի ձեռքբերումների բացակայությունը դժգոհություն կառաջացնի մարդկանց մոտ, նորի պահանջ, և նրանք կփորձեն նոր, գրագետ, կոմպետենտ ուժ գտնել, քանի որ այսօր արդեն ակնհայտ է կոմպետենտ ուժի հանրային պահանջը:

Դրան զուգահեռ անհրաժեշտ է ոչ միայն սպասել մինչև մարդիկ՝ լինելով դժգոհ Փաշինյանի գործողություններից, կսկսեն այլընտրանք փնտրել, այլ սեփական այլընտրանքը և «փողոցը» ձևավորել, ակտիվ պայքարի դաշտ բերել ոչ միայն սոցիալական խնդիրների պատճառով դժգոհ մարդկանց, այլ նաև գաղափարական զանգվածներին, որոնք ուզում են որակապես նոր երկրում ապրել:

Բայց դա կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ ունես մարդկանց հետ շփվելու և մարդկանց վրա ազդելու մեխանիզմներ:

Անհրաժեշտ է «երեկ» սկսել քաղաքական կուսակցության/կուսակցությունների դաշինքի/քաղաքական բևեռի ձևավորումը, որը հետագայում ունակ կլինի քաղաքական բեմահարթակից հեռացնել ոչ կոմպետենտ իշխանություններին:

Երկրում պետք է ձևավորվեն տարածքային ստորաբաժանումներ, բջիջներ, որոնք կգործեն ամեն օր:

Միևնույն ժամանակ, տարածքային կառույցների ձևավորմանը զուգահեռ կամ նույնիսկ դրանից առաջ անհրաժեշտ է ստեղծել թիմ, ծրագիր, գործողությունների հստակ քարտեզ, որպեսզի իշխանության գալուց հետո անմիջապես սկսես աշխատել, քանի որ մեր պետականությունը չի կարողանալու դիմակայել անկայունության եւս մեկ փուլի և ևս մեկ ոչ կոմպետենտ իշխանություն ունենալուն:

Դրա համար անհրաժեշտ է օգտագործել հնարավոր բոլոր քաղաքական ու քարոզչական ռեսուրսները:

Դրան զուգահեռ մարդկանց (խորհրդարանական մեծամասնության) պետք է բացատրել, որ եթե իրենք այսօր չեն մասնակցում կոլեկտիվ հանցագործություններին, ապա այդ մարդիկ հնարավորություն կունենան տեղ գտնել նոր որակի Հայաստանում:

Իսկ քաղաքական ուժերը կարող են համախմբվել կոմպրոմիսային վարչապետի և նրա գլխավորությամբ անցումային կառավարություն ձևավորելու գաղափարների շուրջ:

Այս ամենը հնարավոր է և իրագործելի է, եթե բոլոր ակտիվ և շահագրգիռ կողմերը գիտակցեն, որ նոր իշխանության ձևավորելու գործընթացը կարող է իրականացվել բացառապես քաղաքական միջոցներով: Այլ տարբերակներ չկան և չեն էլ կարող լինել:

Այն օրը, երբ հիմնական խաղացողները դա գիտակցեն և քայլեր կատարեն, կլինի նոր իշխանության «ծնվելու օրը»:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը