Կարծիք

08.05.2010 10:05


Տարածաշրջանային զարգացումները եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը

Տարածաշրջանային զարգացումները եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի զեկույցը ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովի հանդիսավոր նիստում

Տարածաշրջանում տեղի ունեցող նոր զարգացումներն ունեն մի կարեւոր տարբերություն, որն առաջացել է վերջին ժամանակներում, եւ պայմանավորված է ռուս□վրացական պատերազմի ազդեցությամբ։ Դրա հետ կապված՝ ուժերի հարաբերակցության նոր փոփոխություն է նշմարվում, եւ դա է, որ կանխորոշելու է հետագա զարգացումը տարածաշրջանում։

Այդ զարգացումը կարող է հանգեցնել անվտանգության նոր համակարգի ձեւավորման, որի բնույթը կախված կլինի նրանից, թե ուժերի ինչ նոր հավասարակշռություն կհաստատվի։ Բոլոր շահագրգիռ երկրները ձգտելու են կշիռ ու ազդեցություն ձեռք բերել այդ հավասարակշռության մեջ։ Մարտավարական տարբերությունները բխելու են տարածաշրջանի անվտանգության նոր ճարտարապետության վերաբերյալ յուրաքանչյուրի պատկերացումից եւ, որ ամենակարեւորն է, առկա հակամարտությունների լուծման հետ կապված սեփական մոտեցումներից։ Վերջին հաշվով, դա հանգեցնելու է նրան, թե, յուրաքանչյուրի պատկերացմամբ, Հարավային Կովկասը քանի՞ անդամ պետություններով պետք է ներկայանա՝ երե՞ք, երեք գումարած երկո՞ւ, թե երեք գումարած երեք տարբերակով։ Իրավիճակի փոփոխությունը  հենց սրանով է արտահայտվում։

Ռուսաստանը, պաշտոնապես պաշտպանում է □3+2□ բանաձեւը, այսինքն Հարավային Կովկասը բաղկացած է 3 անկախ պետություններից եւ հայտնի իրադարձություններից հետո՝ Օսիան ու Աբխազիան (հիմնվելով երկու կարեւոր հանգամանքի վրա՝ Կոսովոյի նախադեպը եւ Մ. Սահակաշվիլու վարչախմբի իրականացրած ագրեսիան)։ ԵԽԽՎ□ում տրված վերջին եզրակացության մեջ արդեն ասվում է այն մասին, թե ով սկսեց պատերազմը, ինչ տեղի ունեցավ, եւ այդ եզրակացությունն ամբողջությամբ բավարարում էր ռուսական պատվիրակությանը։ Սա պատահական չէր, որովհետեւ այդ հարցի լուծումից շատ բան է կախված։ Այս երկու հանգամանքով պայմանավորված՝ բնականաբար, Ռուսաստանը այս բանաձեւից չի հրաժարվի։ Եվ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են համակերպվել այս կառուցվածքի հետ այնքանով, որքանով դա չի հանգեցնի □3+3□ բանաձեւին՝ դրանով նաեւ հող ստեղծելով ՌԴ□ի հետ իրենց շահերի համադրման։ Իսկ այդ շահերը վերջին զարգացումների մեջ մենք նշմարում ենք։

Բնականաբար, Վրաստանն է, որ շարունակելու է պաշտպանել այն տեսակետը, որ Հարավային Կովկասը բաղկացած է 3 անկախ հանրապետություններից։

Այս գործընթացի ազդեցիկ կողմ դառնալու նպատակ էր հետապնդում Թուրքիայի □Կովկասյան տուն□ նախաձեռնությունը։ Այն թերի էր եւ նպատակ ուներ Թուրքիայի անմիջական ազդեցությունը ամրապնդել տարածաշրջանում։ Իհարկե, նրանց առաջարկը նույնպես □3+2□ բանաձեւի մեջ էր տեղավորվում, ինչը հեռահար նպատակներ հետապնդող քայլ էր, սակայն մեզ համար անընդունելի։

Այս գործընթացից դուրս չմնալու եւ ստեղծված իրավիճակը շտկելու առումով տեսնում ենք, որ նաեւ Իրանն է հստակեցնում իր քայլերը եւ փորձում հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում դերակատարություն ձեռք բերել, եւ վերջերս հնչեցրած առաջարկը պատահական չէր։

Անհասկանալի է Հայաստանի պաշտոնական դիրքորոշման ուշացումը կամ ամբողջական տեսակետի արտահայտումն այս առումով։ ՀՅԴ-ն այս կապակցությամբ իր տեսակետը հայտնել է՝ ասելով, որ, իսկապես, ԼՂ հարցի կարգավորման  ձեւաչափի մեջ շատ տարօրինակ եւ անընդունելի կերպով նույն կարգավիճակը չունեն Թուրքիան եւ Իրանը։  Ինչո՞ւ պետք է Թուրքիան ունենա ինչ-որ կարգավիճակ, իսկ Իրանը՝ ոչ։ Եվ ուրեմն քայլերը, որոնք ուղղված կլինեն առնվազն այդ կարգավիճակները հավասարեցնելուն, մենք պետք է խրախուսենք։

Բնականաբար, մենք չպետք է թույլ տանք ԵԱՀԿ Մինսկի խմբի  ձեւաչափի  փոփոխություն, քանի որ դա ձեռնտու է Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք միաժամանակ պետք է փորձեն այդ ձեւաչափի մեջ իրենց համար նպաստավոր փոփոխություն արձանագրել։ Սակայն ես կարծում եմ, որ լուծումը պետք է լինի հետեւյալը. ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի վերջո, հավաքվել էր, որպեսզի ամբողջական եւ լիարժեք քններ հարցը, նաեւ՝ ԼՂ մասնակցության հարցը,  եւ լուծում տար խնդրին։ Կարծում եմ՝ չնայած Իրանը ԵԱՀԿ անդամ չէ, կարող է հրավիրվել եւ լիարժեք մասնակցություն ունենալ այդ հնարավոր կոնֆերանսին։

Այս առումով պետք է արձանագրենք, որ կապված ռուս□վրացական պատերազմի հետ՝  Ռուսաստանը փորձում է իր դիրքերը ամրապնդել։ Մանավանդ՝ այն փոփոխությունները, որ տեղի ունեցան Ուկրաինայում, հանգեցնում են նրան, որ ՎՈՒԱՄ□ը ըստ էության, նույն այն ամբողջական կազմով կարծես թե այլեւս չի կարող գործել։ Հայտնի էր, որ ՎՈՒԱՄ□ը Ռուսաստանի շահերից չբխող դաշինք էր։ Դրան զուգահեռ՝ մեր ձեռք բերումներից մեկն այն եղավ, որ մենք կարողացանք ՀԱՊԿ անդամ պետությունների դեպքում կարեւոր նախաձեռնություն կյանքի կոչել, որ □հարձակում մեկ երկրի վրա՝ նշանակում է հարձակում բոլորի վրա□ դեկլարատիվ հայտարարությունը միս ու արյուն ստանա, եւ ձեւավորվեն գործող ուժեր ՀԱՊԿ□ի այդ դրույթը կյանքի կոչելու համար։

Հայաստանի տեսանկյունից, բնականաբար, Կոսովոյի նախադեպը եւ □3+2□ ձեւաչափի առաջացումը բարենպաստ միջավայր կարող է ստեղծել նաեւ ԼՂՀ ճանաչման համար։ Եվ այդ ուղղությամբ մեր քայլերը պետք է լինեն շատ ավելի ակտիվ ու նախաձեռնողական։

Ի՞նչ մարտահրավերներ են այսօր կանգնած մեր պետության առջեւ։ Ես չեմ ուզում կրկնել նրանք, որ մինչեւ այդ կային, քանի որ կարեւոր է գնահատել, թե ինչ նոր մարտահրավերներ կան։ Հները, դժբախտաբար, պահպանվում են, մեզ դեռ չի հաջողվել դրանք հաղթահարել։ Օրինակ՝ մենք միշտ խոսում ենք Հայաստանի մեկուսացման մասին, Իրանի ապակայունացման մասին, բայց այսօր դրանց ավելացել են նոր մարտահրավերներ, որոնք, մեր խորին համոզմամբ, ոչ միայն ռուս-վրացական պատերազմի պատճառ են, այլ նաեւ հայ-թուրքական գործընթացից հետո առաջացան։

Բոլորի համար պարզ է, որ Հայաստան□Թուրքիա հարաբերությունները միայն երկկողմ հարաբերություններ չեն, եւ սա նաեւ բանալի է տարածաշրջանում հիմնախնդիրները լուծելու հեռանկարը հստակեցնելու առումով։ Պարզ էր, որ այդ հարաբերությունները չեն մնալու սոսկ երկկողմ հարաբերությունների հարթության վրա, եւ փաստը, որ Ցյուրիխում ստորագրելիս ներկա էին բազմաթիվ պետություններ (եւ ինչպիսի՜ պետություններ), խոսում է այն մասին, որ նրանք միայն այդ արձանագրություններով չեն շահագրգիռ, եւ ամեն մեկն ունի իր շահը։

Այդ գործընթացի բերած ամենագլխավոր մարտահրավերը, հակառակ այն բանին,  որ գործընթացի նպատակն էր ամրապնդել խաղաղությունը տարածաշրջանում, դժբախտաբար, այն է, որ այսօր ավելի հաճախ է խոսվում պատերազմի հավանականության մասին։ Դա, ըստ իս, տեղի ունեցավ այն պատճառով, որ մենք շատ անհեռատես կերպով ընդլայնեցինք մեր պայքարի ճակատը՝ ունենալով նույն ռեսուրսները։ Դա գայթակղություն առաջացրեց մեր հակառակորդների եւ թշնամիների շրջանում, որոնք ավելի կազմակերպված են եւ ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրել։ Պատահական չէ, որ դրանից հետո ավելի կոշտացան Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող պատերազմի կոչերը։

Մյուս կարեւոր խնդիրը. մենք պետք է մեկուսացումից դուրս գայինք, բայց ստացվեց հետեւյալը. քանի որ սկսել ենք մի գործընթաց, որը ձեռնտու է բոլոր այդ կողմերին, դրանից ինքնուրույն դուրս գալու հնարավորություն այսօր չեն տա։ Եվ սրանով են բացատրվում այն կիսատ քայլերը, որ կատարվում են։ Այսինքն՝ սկսել ես, գնա՛ մինչեւ վերջ, սկսել ես՝ սահմանները բացել, հարաբերությունները կարգավորել՝ գնա՛ մինչեւ վերջ։ Այդ պատճառով դառնում ես պատանդ քո իսկ նախաձեռնության։ Մենք նախաձեռնեցինք, բայց դրա տերն այսօր մենք չենք։ Սա ամենակարեւոր խնդիրն է, որը մենք պետք է ճիշտ գնահատենք եւ օր առաջ ազատվենք այս պատանդի կարգավիճակից։

Դրանից հետո առաջ է գալիս հետեւյալ գլոբալ հարցը. ի վերջո, եթե տեղի է ունենալու անվտանգության համակարգի փոփոխություն, որի մասին խոսվում է բոլոր ատյաններում, եւ յուրաքանչյուրն այստեղ իր շահն է ուզում տեսնել, Հայաստանի մոտեցումը ո՞րն է, մենք ի՞նչ ենք անելու։ Մենք պետք է թե՛ ամրապնդենք, մոդեռնիզացնենք մեր անվտանգության գործող համակարգը, թե՛ մասնակից պետք է դառնանք եւ յուրովի ազդենք մեզ համար ձեռնտու նոր անվտանգության համակարգ ունենալու վրա։

Այսօր ես այդպիսի քայլեր չեմ տեսնում. այդ գործընթացում որտե՞ղ է Հայաստանը։ Եթե մի օր պետք է ձեւավորվի անվտանգության նոր համակարգ, Հայաստանի խոսքը, տեսակետը որտե՞ղ է հնչելու։ Բայց որ այդպիսի քննարկումներ տեղի են ունենում առնվազն խոհանոցներում՝ հստակ է։ Սա չի կարելի անտեսել, եւ օր առաջ մեր արտաքին քաղաքականությունը պետք է անդրադառնա սրան։ Բնականաբար, այդ անվտանգության ձեւավորվող ընթացքի մեջ Հայաստանը քայլ չանելով՝ հայտնվում է շատ ավելի վատ վիճակում։ Իրենից անկախ հրաժարվում է եղածից, ձեռք չբերելով նորը։ Այս իրավիճակը նման է նրան, որ մի ճյուղից բռնելով, դեռ մյուսին չհասած, բաց ես թողնում առաջինը։ Այսօր նման նշաններ կան, եւ սա շատ վտանգավոր է։ Օր առաջ մեր արտաքին քաղաքականությունը պետք է լուծումներ տա։

Որո՞նք են լուծումները, մարտավարական սկզբունքները։

Հայ իրականության մեջ դրանք բաժանվում են երկու մեծ խմբի՝ մի մասն ասում է, որ Հայաստանը պետք է զարգանա՝ բայց չզիջելով ազգային շահերը։ Սա շատ դժվար է, բայց դա ճիշտ ճանապարհն է։

Մյուս մասն էլ ասում է, որ  զարգանալու համար անհրաժեշտ է ինչ□որ հեռանկարային շահեր մի կողմ դնել, անտեսել, որպեսզի մեր զարգացումը ապահովենք։ Պատմությունը ցույց է տվել, որ սա կործանարար ընթացք է հայության համար։ Դժբախտաբար, հենց այդ պատճառով միշտ  հայտնվել ենք լուրջ կորուստների մեջ։ Ժամանակին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության տարիներին, շրջափակումից փրկվելու համար զիջում էինք Արցախը. «Սերգո՛ ջան, լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել»։ Ասվում էր, որ սոցիալ-տնտեսական խնդիրները չեն լուծվի, որովհետեւ ԼՂ խնդիրը մեզ կաշկանդում է։ Նման մոտեցում կա նաեւ այսօր. եկեք մեր պատմական որոշ իրավունքներ մի քիչ հետաձգենք հայ-թուրքական սահմանը բացելու համար։

Մեր մոտեցումը, Հայ Դատի մոտեցումը հետեւյալն է. չի՛ կարելի զիջել մեր պատմական իրավունքները, ազգային շահերը եւ փորձել դրա հիման վրա, իբր, նոր հնարավորություններ ձեռք բերել եւ զարգանալ։ Զարգանալ, որ ի՞նչ անել, եթե արդեն իսկ զիջում ես քո ազգային շահը, կորցնելով ազգային պետության հեռանկարը, զարգանում ես հանուն ինչի՞։

Ամբողջ խնդիրն այն է, որ ասում ենք նաեւ, որ դրա ռեսուրսը կա, մենք ասում ենք, որ ունենք այդ հնարավորությունը՝ զարգանալ՝ առանց մեր շահերը զիջելու։ Օրինակ՝  մենք չենք օգտագործում համահայկական մեր ամբողջ ներուժը։ Դժբախտաբար, չի եղել մի իշխանություն, որ երկար տարիներ կարողանա մոբիլիզացնել, համախմբել ողջ հայությանը ազգային հստակ օրակարգերի շուրջ։ Այդ վիճակը մենք չենք ունեցել։ Եթե չենք ունեցել, ապա ինչպե՞ս ենք ասում, որ հնարավորություններ չունենք։

Հաջորդ խնդրի մասին. մեր ազգային արդարության, ժողովրդավարությանը վերաբերող խնդիրները պետք է լուծենք, որ պետությունը, ազգը իսկապես մոբիլիզացվի, եւ դրա վրա կառուցվեն հետագա զարգացման բոլոր ծրագրերը։

Տնտեսության եւ վերջին ճգնաժամի հետ կապված մենք ներկայացրել ենք առաջարկներ։ Հայաստանը չպետք է առաջնորդվի այն գաղափարով, որ վաղը կամ մյուս օրը շրջափակումը վերանալու է։ 10, 20, 30 կամ 50 տարի հնարավոր է եւ՝ շրջափակումը չվերանա։ Եթե պետք է սահմանը բացվի ազգային շահերի կորստով՝ ավելի լավ է՝ ընդհանրապես չբացվի։         

Ուրեմն մենք ի՞նչ պետք է անենք. պետք է կառուցենք մեր տնտեսական քաղաքականությունը՝ որպես շրջափակված տնտեսության մոդել, գտնել այլընտրանքներ, հնարավորություններ՝ առանց մեր շահերը զիջելու՝ զարգացման նոր հեռանկար ապահովելու համար։ Առաջին հերթին պետք է փորձել ինքնաբավություն ապահովող տնտեսություն կառուցել։ Մենք այդ ծրագրերը տվել ենք։ Կան առաջին անհրաժեշտության՝ սննդի հետ կապված խնդիրներ. այսօր կառավարությունը կարող է դրսից բերվող ապրանքները փոխարինել մեր տեղական ապրանքներով։

Եվ վերջապես, մենք պետք է ազատվենք այն պատրանքից, որ Թուրքիան փոխվել է, որ այն նույն պանթուրքիստական շահերը չի հետապնդում, մի կողմ է դրել դրանք։ Դա այդպես չէ եւ երբեք էլ այդպես չի եղել։ Նշե՛ք որեւէ օր, տարի, երբ Թուրքիան, ճնշումների ազդեցության տակ,  իր հեռանկարային ազգային, պետական շահերից հրաժարվի։ Եթե այդպես լիներ, Թուրքիան արդեն վաղուց Կիպրոսից իր զորքերը կհաներ։ Ի՜նչ ճնշումներ են բանեցրե:,Տտարբեր միջազգային կազմակերպություններից հեռացրին, անգամ՝ ՆԱՏՕ□ից... Թուրքիան երբեք չի զիջել իր ազգային շահը։ Եվ սա ամենալավ օրինակն է, որ մենք նույն կերպ վարվենք։

Երկրորդ պատրանքն էլ այն է, թե՝ եթե կա որեւէ հակադրություն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, մենք պետք է խաղանք այդ հակադրությունների վրա։ Բացարձակապես սին եւ ինքնախաբեության տանող մոտեցում է։ Պարզից էլ պարզ է,- եւ մարդիկ այդ մասին ամեն օր ասում են,□ադրբեջանցները եւ թուրքերը նույն ժողովուրդն են՝ երկու տարբեր պետություններով։ Հիշենք նաեւ, թե ե՞րբ է եղել, որ Ադրբեջանի ժողովրդի ռազմավարական շահերը հակադրվել են Թուրքիային։ Չի՛ եղել նման փաստ։ Ուրեմն ինչո՞ւ մենք պետք է պատրանքների վրա կառուցենք մեր ծրագրերը։ Սրանից են բխում մեր բոլոր ձախողումները։

Հաջորդ կարեւոր խնդիրը. օր առաջ ձերբազատվել հայ□թուրքական արձանագրություններից։ Կասեցումը ձերբազատում չէ։

Կասեցումը, ըստ էության, գոյություն ուներ մինչեւ հիմա։ Որովհետեւ եթե մենք հայտարարում էինք, որ Թուրքիայի վավերացումից հետո մենք կվավերացնենք, եւ եթե հիմա էլ իրավիճակ ստեղծվի, որ Թուրքիան վավերացնի, մենք անմիջապես վավերացնելու ենք։ Սա անընդունելի է, եւ, ըստ էության, սա էլ է կասեցման տարբերակ։ Ենթադրենք՝ Թուրքիան որոշեց վավերացնել։ Այն տրամաբանությամբ, որով մենք կասեցրել ենք, դա նշանակում է, որ մենք արդեն գործընթացը տանելու ենք վավերացման։ Ի՞նչ փոխվեց։ Արձանագրություններն իրենց մեջ վտանգներ են  պարունակում։ Քանի դեռ սա չեն գիտակցել, ընկալել իշխանությունները, մենք միշտ կիսատ□պռատ քայլերի մեջ են հայտնվելու։

Եթե ցանկանում էիք մեր ազգային շահերից  բխող ճիշտ քայլ անել, վերապահումներով, բոլոր վտանգները չեզոքացնելով՝ վավերացնեիք։ Թող արդեն Թուրքիան որոշեր իր անելիքը։ ՍԴ□ն մի քայլ կատարեց, ի՜նչ վայնասուն բարձրացրեց Թուրքիան։ Որովհետեւ իրենք շատ լավ գիտեն, որ դու հանեցիր այն բոլոր ձեռքբերումները, որ Թուրքիան ուներ։

Պատահական չէ, որ այսօր Թուրքիան հայտարարում է, թե՝ □ես չեմ թողնի, որ մեռնեն արձանագրությունները, եւ հնարավոր էլ չի հետ պտտել գործընթացը□։ Այսինքն՝ Թուրքիային ձեռնտու չէ, որ այս արձանագրությունները □մեռնեն□, □կիսամեռած□ վիճակում էլ արձանագրությունները նրանց օգտակար են։ Քանի որ գործընթացը չի դադարել, չկան այն արդյունքները, որ մենք էինք ակնկալում, եւ մենք  միշտ ասել ենք, որ նման վիճակը ձեռնտու է միայն Թուրքիային. □գործընթաց՝ առանց արդյունքների□։ Իսկ մենք այսօր այդ գործընթացը չենք դադարեցնում։ Նշանակում է, մեզ էլի սպասում են նոր փորձություններ, քանի դեռ մենք լիարժեք չենք օգտագործում այն հանգամանքը, որ Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով, եւ դա բազմիցս միջազգային հանրությունն է ասել։ Սրանից էլ լավ առի՞թ, ասելու՝ վե՛րջ, հրաժարվում եմ արձանագրություններից եւ Թուրքիայի հետ խոսելիք չունեմ։ Թուրքիայի այս պահվածքի համար որեւէ մեկը չէր կարող Հայաստանին մեղադրել գործընթացից դուրս գալու համար։ Սկզբնական ելակետը շեղված է, սա մենք պետք է օգտագործենք, բայց չենք օգտագործում։

Հաջորդ խնդիրը։ Այսօր ի՞նչ է տեղի ունենում։ Մեր աչքի առաջ մենք թույլ ենք տալիս, որպեսզի Թուրքիան տրորի Հայ Դատի ամբողջական փաթեթը։ Եվ դա անում է իր ուզած ձեւով։ Հայ Դատի ամբողջական փաթեթից է, որ Թուրքիան վախենում է։ Կտորները, որ իրեն ձեռնտու են, միշտ փորձելու է լուծել իր ուզած ձեւով։ Օրինակ՝ անգամ Կարսի պայմանագրի դրույթները, որոնք իրեն անհրաժեշտ են, նա առանձնացնում է, դարձնում է դրույթ, դարձնում է կարեւոր հարց, դրանց լուծումներն էլ է տալիս՝ մոռանալով մյուս պարտականությունների մասին։ Օրինակ՝ սահմանների ճանաչումը Կարսի պայմանագրով։ Դա դեռ լավ է. Նախիջեւանի մասին է այսօր նաեւ խոսում եւ այդ խնդրում իր իրավունքների մասին, որով Թուրքիան հռչակվում է որպես երաշխավոր։ Բայց միեւնույն ժամանակ Թուրքիան մոռանում է հիշատակել Ադրբեջանի պարտավորություններն այն մասին, որ Նախիջեւանը պրոտեկտորատի տակ է հանձնված եւ չի կարող մաս կազմել Ադրբեջանին, ունիտար պետության մաս կազմել։ Սա է, որ մեր աչքի առաջ տեղի է ունենում, եւ մենք սա չենք ուզում տեսնել։

Մենք պետք է Հայ Դատի ամբողջական փաթեթը այսօր ամբողջ ուժով արծարծենք։ Շատ լավ է, որ ՀՀ նախագահը այցելում է Վուդրո Վիլսոնի գերեզմանին, բայց սա հենց այդ ամբողջական փաթեթի ընդունում եւ իրականացում պետք է նշանակի։ Մենք պետք է լավ հասկանանք, որ միայն Ցեղասպանության ճանաչումով չպետք է հարցը սահմանափակվի։ Հատուցում, բոլոր իրավունքների վերականգնում. սա է ամբողջական փաթեթը։

Մեկ այլ մտահոգող հարց։ Երկու գործընթացներ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորում եւ հայ□թուրքական հարաբերություններ, որ մենք  այսօր չկարողացանք իրարից տարանջատել, փաստորեն ձախողվել են։ Մենք չենք կարողացել տարանջատել դրանք, ինչը, ըստ էության, միակ ձեռքբերումը պետք է լիներ հայ□թուրքական գործընթաց Հայաստանի մղվելու պարագայում։ Արդյոք սա ամենալավ ապացույցը չէ՞ այն բանի, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը նույնն են։ Նրանք պարզ ասում են այս մասին, իսկ սա մենք չենք ուզում ընդունել։

Ի՞նչ պետք է անել, որ ԼՂ բանակցությունները ի շահ մեզ զարգանան։

Ի դեպ, այս հարցում մենք նույնպես լուրջ մարտահրավերի առաջ ենք կանգնած։ Մենք մտել ենք նոր փուլ, եւ այս մասին առաջին անգամ ասեցինք, երբ առաջին անգամ հավաքվել էին Ստեփանակերտում։ Այն փաստաթղթով, որ հրապարակեցին երեք նախագահները, ըստ էության, բանակցային գործընթացը մտավ հրապարակային փուլ։ Սա չափազանց կարեւոր է։ Այս փուլն արդեն նշանակում է, որ դրան հետամուտ են լինելու 3 հեղինակավոր երկրների նախագահները եւ ստիպելու են Հայաստանին այս ուղղությամբ գնալ։ Հայաստանը իր կրավորական պահվածքով չի կարող իրավիճակից դուրս գալ՝ հայտարարություններ անելով։ Հայաստանը, ըստ էության, 2009 թվականի վերջին ընդունել է, որ Ղարաբաղը կարող է մասնակցել այս գործընթացին այս սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո։ Իսկ մենք ասում ենք, որ Ղարաբաղը կարող է մասնակցել, բայց պետք է մասնակցի նաեւ այն փուլին, որ վերջնական փաստաթուղթ պետք է ձեւակերպի, որը պայմանագիր պետք է դառնա, այդ փուլին պետք է մասնակցի։ Այլապես անիմաստ է դառնում Ղարաբաղի մասնակցությունը։

Պարզ բան կա. մենք իրավունք չունենք շեղվելու երկու հանրաքվեներով հաստատված սկզբունքներից, եւ սա սակարկելի չէ։ Եվ որեւէ իշխանություն պարտավոր է դա իրականացնել։ Հանրաքվե է կայացել, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է  հռչակվել, եւ ոչ թե ԼՂ ինքնավար մարզ, ինչպես դա փորձում են ձեւակերպել ոմանք։ Ղարաբաղը հստակորեն անկախություն է հռչակել եւ հռչակել է այն տարածքներով, որոնք 2006 թվականի ԼՂՀ Սահմանադրությամբ իր տարածքային ամբողջականությունն են վերականգնում։ Այս հաստատումները մենք չենք կարող շրջանցել։

Որպես ամփոփում. սա պետք է իրականացնեն մեր իշխանությունները, եւ կրկին հարց է առաջանում՝ ինչպե՞ս ենք ուզում զարգանալ՝ զարգանալ՝ զիջելով մեր ազգային շահե՞րը, թե՞ ոչ։

Այս խորագրի վերջին նյութերը