Կարծիք

28.10.2019 21:15


Մեր պետությունը, նրա կառուցումը շեղվել և ընթացել է սխալ ուղղությամբ 90-ականներից

Մեր պետությունը, նրա կառուցումը շեղվել և ընթացել է սխալ ուղղությամբ 90-ականներից

Ես երկար ժամանակ մտորում էի՝ գրե՞լ, անդրադառնա՞լ այս թեմային, թե՞ ոչ:
Այն իհարկե շատ ավելի լուրջ վերլուծության, իրական և օբյեկտիվ գնահատականի կարիք ունի, որը հավանաբար ես և գուցե այդ տարիների այլ պաշտոնատար անձինք կփորձենք հետագայում գնահատական տալ՝ իրական և ազնիվ, առանց որևէ շահագրգռվածության ու սուբյեկտիվ մոտեցումների: Այնպես, ինչպես եղել է...
Կփորձեմ այնուամենայնիվ հիմա էլ, հնարավորինս կարճ և ամփոփ, ու հստակ գրել, որովհետև ՖԲ-յան օգտատերերն ու ընթերցողներն առհասարակ, կարծես չեն սիրում լուրջ, երկար, մտածելու, խորհելու տրամադրող գրառումները:

Ինչո՞ւ է հիմա մեր Երկիրը կրկին հիշեցնում հայտնի «ՇԿԻԴ հանրապետությունը»... Եվ ինչո՞ւ հիմա...

Ինչո՞ւ և ե՞րբ է մեր Պետությունը, նրա կառուցումը շեղվել և ընթացել սխալ ուղղությամբ...

Իմ կարծիքով՝ հենց 90-ականներից, երբ ՀՀՇ-ական պաշտոնյաներն արագ յուրացրեցին ոչ թե կառավարելու, աշխատելու, գործառութային պարտականությունների մեջ հմտանալու, այլ կաշառակերության, թալանի, կոռուպցիայի, չարաշահումների «նրբագույն արվեստին» տիրապետելու և այն վայելելու գերագույն հաճույքը:

Հենց այդ տարիներին ստեղծվեց, հիմնադրվեց, ծաղկեց և զարգացավ օլիգարխիկ համակարգը, մենաշնորհները, կոռուպցիան ու կաշառակերությունը, պաշտոնական դիրքի չարաշահումները, իրավակարգի և օրինականության համատարած ոտնահարումները, ընտրակեղծիքի՝ նրա զանազան տարատեսակ մեթոդների ներդրումը, փորձարկումներն ու կիրառումը:

1995-1996թթ․ ընտրությունների զանգվածային կեղծումներն ու թվանկարումները, Սահմանադրական կարգի տապալումն ու ոստիկանության և զինվորական ստորաբաժանումների ուժերով ժողովրդական ընդվզման փորձերը ճնշելու դեպքերը՝ օգտագործելով այդ տարիների ՆԳ խախարարի կողմից ստեղծված զինյալ հանցագործ խմբերին և նույնիսկ երկրապահներին:

Դրվեց ամենաթողության և անպատժելիության, պետական ողջ աղճատված համակարգի կառուցման հիմքը...
Իսկ այդ հիմքի, այդ անօրինականությունների, սպանությունների, քաղաքական ուժերին ճնշելու, կոռուպցիայի վրա կառուցվող պետության պատերը ծուռ էին, խախուտ և խարխուլ, որի արդյունքն ու հետևանքները մենք զգացել ենք հետագա բոլոր տարիներին: Եվ առավելապես զգում ենք հիմա...
Ձեզ հայտնի գրեթե բոլոր օլիգարխները, մենաշնորհներից օգտվողները, նույնիսկ շատերիդ «ցնցումների մեջ գցող» ՀՀԿ-ի հիմնականում հին կորիզը, նույնպես այդ տարիների արդյունքն ու «ստեղծագործությունն» են...

Իսկ հիմա էլ, կարծես, նույնն է, նույն վիճակը, երբ եղած քիչ, թե շատ ձեռքբերումների նպատակաուղղված կազմաքանդում, պետականության, նրա անվտանգության թուլացման, հասարակության ձևախեղման և ազգային լավագույն արժեքների, ավանդույթների ոտնահարման, ազգային միասնության, ազգին մասնատելու և ամբոխի, ամորֆ զանգվածի, կոնգլոմերատի վերածելու փորձեր են արվում...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը