Քաղաքական

27.10.2019 18:14


«Հրապարակային գործարք է առաջարկվում ոճրագործին». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

«Հրապարակային գործարք է առաջարկվում ոճրագործին». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

«Հրապարակային գործարք է առաջարկվում ոճրագործին եւ դա անթաքույց հնչում է իշխանությունը ներկայացնող անձի շուրթերից»,-այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Քրեական գործում կա առանձնացված մաս եւ այն գտնվում է իրավասու մարմինների լիազորությունների ներքո: Այս մասով ընթացքը երբեք չի կասեցվել, սակայն ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել ներքաղաքական այս իրավճակում հրապարակ նետվող այն թեզերի վրա, որոնցով, փաստորեն, հրապարակային գործարք է առաջարկվում ոճրագործին եւ դա անթաքույց նաեւ հնչում է իշխանության ներկայացուցչի շուրթերից: Անձինք էլ կան, որ քսան տարի լռել են, եւ այսօր ունենալով բարձր, պատասխանատու պաշտոն, հրապարակային հնչեցնում են մի բան, որն, ըստ էության, հանցագործի, ոճրագործի հետ գործարքի առաջարկ է: Ես նկատի ունեմ նույն Արման Բաբաջանյանին: Տարբեր առաջարկները խոսում են այն մասին, որ մարդիկ փորձում են օրակարգում կեղծ թեզեր առաջ քաշել եւ շեղել պետության եւ հանրության ուշադրությունը անվտանգության համակարգերից»,-ասել է Արծվիկ Միանսյանը:

Լրագրողի հարցին, թե գործարք ասելով ինչ ի նկատի ունի, Մինասյանը պարզաբանեց. «Այսինքն տվեք անուններ եւ փորձենք ձեզ օգտակար լինել, մինչդեռ թե՛ քրեական գործի, թե՛ նախաքննության, թե՛ դատավարական ընթացքը ամբողջությամբ այսօր արխիվացված նյութերը վեր հանելու դեպքում, շատ մանրամասն կարող են դիտարկել օտարերկրյա այնպիսի ներգրավումը, որը, չգիտես ինչու, պետական իրավասու մարմիններն անտեսել են եւ փորձում են դա փոխարինել Նաիրի Հունանյան կոչվող անձնավորության ինչ-որ հայտարարություններով, ինչ-որ դիմումներով: Սա խոսում է այն մասին, որ իմ խորին համոզմամբ եւ մեր վերլուծությամբ, Հայաստանում շարունակում է չգիտակցված մնալ անվտանգության համակարգերն ամեն օր ուժեղացնելու օրախնդիրը»:

Արծվիկ Մինասյանի խոսքով` նույն գործի դատաքննության ընթացքում հնչել են տարբեր երկրների հատուկ ծառայությունների անուններ, որոնց մասին նույն մարդիկ լռում են:

«Թուրքական ծառայության անուն է հնչել, տարբեր կասկածների մեծ փաթեթ է ձեւավորվել, որտեղ են այդ մարդիկ, որ դրանք թողած հանկարծ որոշել են Նաիրի Հունանյան ոճրագործի հետ հանդիպել, նրա առաջարկները քննարկման առարկա դարձնել եւ այդքանից հետո էլ վերադառնալ 27-ից հետոյի այն վիճակին, երբ հասարակությունը սարսափած սպասում էր, թե Նաիրին էլ ո՞ւմ անունը կտա: Հիմա այսօր մեր ամբողջ պետականության գործը նորից բերում կապում են այդ իրավիճակի հետ, սա դատապարտելի ընթացք է: Սա ճիշտ ընթացք չէ, սա մեր պետականությունը թուլացնելու ընթացք է»,-ասել է դաշնակցական գործիչը:

«Պետության եւ իշխանության գլխավոր խնդիրը հենց սա՛ պետք է լինի. տարբերել առաջնայինը երկրոդականից եւ պետականությունը երբեք սակարկման առարկա չդարձնել»,-հավելել է Արծվիկ Միանսյանը:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը