Կարծիք

26.10.2019 14:13


BBC-ն հաստատեց՝ Հայաստանն արտգործնախարար չունի

BBC-ն հաստատեց՝ Հայաստանն արտգործնախարար չունի

Հոկտեմբերի 25-ին BBC-ի «HardTalk» հաղորդման հյուրը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էր... Այն, ինչ արեց BBC-ի տաղավարում Զոհրաբ Մնացականյանի հետ հաղորդավար Սթիվեն Սաքուրը, ըստ Հայաստանի վարչապետի բառապաշարի՝ պատեպատ ծեփել էր...

Հատկապես խայտառակություն էին Մնացականյանի պատասխանները կապված Արցախյան հիմնախնդրի և հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցերին... Չեմ ցանկանա դրանց անդրադառնալ, քանի որ ուղղակի ցավ եմ ապրում... Ցավ եմ ապրում նրանից, որ Հայաստանն ունի այսպիսի «այլմոլորակային» արտգործնախարար, որը չի կարող իրեն ուղղված կեղծ փաստարկված հարցերին պատասխանել փաստագրված հակափաստարկներով, հատկապես, երբ պարոն Սաքուրի «փաստերը» կրկնօրինակում էին պաշտոնական Բաքվի տեսակետը, որին հայ դիվանագետները վաղուց ծանոթ են և պետք է պատրաստ լինեն դրանց հակադարձելուն...

Պարոն Մնացականյանը հարցազրույցի կեսից որոշեց ընդամենը պաշտպանվել և որևէ հակափաստարկ չներկայացրեց, իսկ շատ դեպքերում նրա պատասխանները ադրբեջանամետ էին... Պարոն Մնացականյանի անատամ, ամորֆ, անձնատու և շատ դեպքերում ինքնազրպարտչական պատասխաններն ուղղակի խղճահարություն էին առաջացնում ունկնդրի մոտ...

Այսպիսի արտգործնախարար ունենալը մեծ շռայլություն է Հայաստանի նման երկրի համար... Հայաստանի երրորդ հանրապետության ամենաթույլ և չկայացած ոլորտներից մեկը՝ ԱԳՆ-ն է... Հույս ունեի, որ «ֆանտոմաս» Էդվարդ Նալբանդյանին, որը հայտնի ֆիլմի հերոսի նման գոյություն ուներ, բայց շատ քչերն էին նրան տեսել, այսպես կոչված «Թավշյա» հեղափոխությունից հետո կփոխարինի իրական դիվանագետը, որը բոլոր հարթակներում կկարողանա պաշտպանել Հայաստանի և Արցախի դիրքորոշումները... Սակայն BBC-ին տված հարցազրույցն ապացուցեց, որ «ֆանտոմաս» Նալբանդյանին փոխարինել է «անգլերենի դասատու» Մնացականյանը, որի իկան դրական կողմը՝ անգլերենի իմացությունն է... Հավելեմ նաև, որ ԱԳՆ-ի համար մեծ խնդիրներ է ստեղծել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախին վերաբերող իր պոպուլիստական հայտարարություններով, որոնք, ինչպես երևում է իրենց «պտուղներն» արդեն տալիս են...

Հ.Գ. Որոշ ժամանակ առաջ հենց մեր իշխանությունների հայտնի շրջանակները ՀՀ ԱԳՆ ղեկավար Մնացականյանին վատ վիճակում գցող BBC-ին էին պատվերներ տալիս՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տեղեկությունները բրիտանական պետական այս լրատվամիջոցով տարածելով... Ինչպես ասում են՝ գործեց բումերանգի էֆեկտը:

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը