Կարծիք

26.10.2019 09:05


2018-ի հաշվետվության անտառը

2018-ի հաշվետվության անտառը

Մեր վիճակագիրներին հաճախ են մեղադրում տվյալները իշխանությունների «ճաշակին» հարմարացնելու մեջ: Տասնամյակներ շարունակ այդ հիմնավոր կասկածը կա: Սակայն վիճակագիրները նաև լուրջ ու պիտանի աշխատանք են կատարում: Հավաքում, համադրում ու հրապարակում են տվյալներ, որոնք ընդհանուր գծերով իրական պատկեր են ներկայացնում:

Օրինակ, ամեն տարի հրապարակվում է «Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում»: Վիճակագիրները չեն թաքցնում իրենց նպատակը՝ նշելով. «Ժողովածուն նպատակաուղղված է սպառողների լայն շրջանին ներկայացնելու հանրապետության շրջակա միջավայրը, բնական պաշարներն ու դրանց օգտագործումը բնութագրող ամփոփ տվյալների շարժընթացը և քանակական հակիրճ վերլուծությունները»:

Այստեղ կարելի է գտնել տվյալներ այս տարվա ամենամոդայիկ թեմայի` անտառհատման մասին: Իսկ եթե 2018-ի հաշվետվություն-ժողովածուն համադրեք նախորդ տարիներին հրապարակվածների հետ, ապա կարող եք տեսնել, թե ինչ է կատարվել մեր անտառի հետ անցած տարի:

Օրինակ, 2017-ի հաշվետվության մեջ նշում է, որ հատումների է ենթարկվել 2 հազար 10.4 հա տարածք: 2018-ի թիվը՝ 2 հազար 17.7 հեկտար: Նշվում է, թե որքան փայտ է մթերվել մեր անտառտնտեսությունների կողմից և որքան գումար է ծախսվել այդ նպատակով: 2017-ին ծախսվել է մոտ 97.4 մլն դրամ, 2018-ին ծախսված գումարը նկատելիորեն մեծացել է` 305 մլն դրամ: Իհարկե այս ժողովածուն չի բացատրում, թե ինչու է այդքան մեծացել անտառհատման նպատակով հատկացված գումարի չափը: Փոխարենը բնապահպաններն ու նրանք, ում հետաքրքիր են շրջակա միջավայրում կատարվող գործընթացները, կարող են պարզել, թե որքան փայտ է հատվել:

Անտառը հատվում է հիմնականում երկու պատճառով (կամ նպատակով)` սանիտարական (հատումների 76 տոկոսն այդ անունով է բնութագրվում) և խնամքի (հատումների 23 տոկոսը): Ասենք, որ հատված անտառը հաշվետվության մեջ անվանվում է «մթերված փայտանյութ»: Իսկ նոսրացման, սանիտարական, անցումային ու այլ նպատակներով մթերված փայտանյութն իր հերթին դասակարգվում է: Դասակարգվում է որպես «շինափայտ» և «վառելափայտ»:

Վառելափայտ անվան տակ անհամեմատ ավելի մեծ քանակությամբ անտառանյութ է մթերվում: 2017թ․-ին հատվել ու մթերվել է մոտ 2.6 հազար խոր. մ շինափայտ և 30.8 հազար խոր. մ վառելափայտ: 2018թ․-ին հատումների քանակը կտրուկ աճել է: Այն դարձել է ռեկորդային 2010-ականների համար: Որպես շինափայտ հաշվառվել է 4.2 հազար խոր. մ փայտը: Իսկ մթերված վառելափայտի քանակը` 37.7 խոր. մ է:

Հաշվառված է, որ 2017-ին անտառների 42 հրդեհ է եղել: 2018-ին հրդեհների թիվը 58 է: 2017-ի համար հրդեհների հանգցման համար ծախսվեր է 6.056 մլն դրամ: 2018-ի հրդեհաշիջումների արժեքը չի հրապարակվում: Ուշադրության են արժանի նաև հետևյալ տվյալները: 2017-ին 8 հրդեհի պատճառը բնակչության անփութությունն է, իսկ 2018-ին բնակչության անփության հետևանքով կրկնակի` 16 հրդեհ է բռնկվել: Նույն համամասնությունն է նաև այն հրդեհների վիճակագրության պարագային, երբ հրդեհի պատճառը չի պարզվել: 2017-ին անհայտ է մնացել 16 հրդեհի պատճառ, 2018-ին` 30: Բայց հայտարարվում է, որ 2017-ին հրդեհվել է 2333 հեկտար անտառ, իսկ 2018-ի հրդեհները 615 հեկտարի վրա են եղել:

Խիստ տարբեր է նաև արձանագրված վարչական տույժերի քանակը: Ապօրինի ծառահատման համար 2017-ին վարչական տույժի է ենթարկվել 215 մարդ: Իսկ 2018-ին` 202: Տրամագծորեն հակառակն է փայտանյութի անօրինական տեղափոխման պարագային: Չնայած, որ ապօրինի անտառհատման համար 2018-ին ավելի քիչ մարդ է պատասխանատվության ենթարկվել, այդ տարի ավելի մեծ թվով մարդիկ են վարչական տույժի ենթարկվել: 280 մարդ` 2017-ի 200-ի դիմաց: Ասել է, թե իրավական վիճակագրությունը մասամբ է արտահայտում պատկերը: Որովհետև 2017-ին ապօրինի տեղափոխվել է 692 խոր. մ, իսկ 2018-ին՝ 892 խոր. մ փայտանյութ: Ընդ որում, անօրինական տեղափոխման համար տույժի չափը գերազանցում է ապօրինի ծառահատման համար գանձվող գումարին:

Ահա այսպիսի տարօրինակ ու ամենևենի էլ ոչ ռոմանտիկ պատկեր կարելի է արձանագրել մեր անտառների ու անտառտնտեսությունների մասին: Բայց դրանք վերլուծության արժանի տվյալներ են: Հատկապես հիմա, երբ վիճակագրորեն նկատելի է, որ ավելի շատ անտառ հատվում է այն պահին, երբ ավելի բարձր ու երկար են խոսում բնապահպանությունից: Այդ դեպքում անտառի հովվերգական ընկալումը, չգիտես՝ ինչու, դառնում է խորանարդ մետրի վերածված վառելափայտի:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը