Քաղաքական

25.10.2019 19:46


«Մենք ԼՂ խնդրի կարգավորման հարցում Ադրբեջանից ակնկալում ենք համարժեք ազդակ և ուղերձ, որը հաշվի կառնի նաև մեր շահերը». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC-ին (տեսանյութ)

«Մենք ԼՂ խնդրի կարգավորման հարցում Ադրբեջանից ակնկալում ենք համարժեք ազդակ և ուղերձ, որը հաշվի կառնի նաև մեր շահերը». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC-ին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, ենթադրում է, որ Հայաստանը ձգտում է հասնել հակամարտության խաղաղ կարգավորման: Այս մասին բրիտանական BBC ռադիոկայանի Hard Talk հաղորդաշարի շրջանակում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հաղորդավար Սթիվեն Սակուրի այն հարցին, որ վարչապետի կողմից նշված «Արցախը Հայաստանն է, և վերջ» կարգախոսը հակասում է խաղաղությանը միտված գործընթացին:

«Հայաստանի վարչապետը ձգտում է խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծման, քանի որ նա հայտարարում է, որ Հայաստանը պետք է հասնի այնպիսի հանգուցալուծման, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Ուստի մենք Ադրբեջանից սպասում ենք համարժեք ազդակ և ուղերձ, որը հաշվի կառնի նաև մեր շահերը, Հայաստանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մտահոգությունները: Բայց նրանք հրաժարվել են դրանից»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարևոր տեղ է զբաղեցնում համահայկական օրակարգում: «Հայաստանը հավատարիմ է զարգացմանը միտված համախմբման օրակարգին, որից Լեռնային Ղարաբաղը դուրս չի մնում: Այն համահայկական օրակարգի մաս է: Մենք, որպես ազգ, սահմանափակված չենք միայն Հայաստանի տարածքով, մենք ըստ էության գլոբալ ազգ ենք: Այդ տրամաբանությամբ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը մեր հայրենակիցներով բնակեցված տարածք է, որտեղ մենք հոգ ենք տանում նրանց անվտանգության մասին: Բայց մենք հանձնառու ենք նաև խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացին, որտեղ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու կարգավիճակը բացարձակ առաջնահերթություններ են: Մենք այդ գործընթացից չենք շեղվել»,-հավելել է Զոհրաբ Մնացականյանը:

Հաղորդավարն անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձագանքին՝ հիշեցնելով նաև, որ Ռուսաստանը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, որն ունի ռազմաբազա երկրի տարածքում: Մնացականյանը դարձյալ ասել է, որ Հայաստանը շարունակում է ակնկալել ադրբեջանական կողմի համարժեք արձագանքն ու ուղերձը:

«Երբ ՀՀ վարչապետն ասաց, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, մենք դրանից հետո բուռն քննադատության արժանացանք: Սակայն շարունակում ենք պնդել մեր տեսակետը: Մենք պնդում ենք, որ պետք է լինի փոխզիջումային տարբերակ: Ելք հնարավոր է գտնել հենց փոխզիջման ճանապարհով, ինչը պետք է փոխադարձ հանձնառություն լինի: Երբ ՀՀ վարչապետը խոսում էր ԼՂ խնդրի կարգավորման մասին, նա հարցին անդրադառնում էր առանձին պարբերությամբ, որտեղ աներկբա արտահայտում էր մեր մոտեցումը, ինչն էլ ենթադրում է փոխզիջում»,-ասել է ՀՀ արտգործնախարարը:

Հարցին՝ արդյոք համաձայն է միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, Amnesty International) այն գնահատականների հետ, համաձայն որոնց ՀՀ զինված ուժերը նախորդ 20 տարիներին չարաշահումներ է թույլ տվել հակամարտության գոտում, և արդյոք նոր կառավարությունը պատրաստ է շտկել իրավիճակը, Մնացականյանը նշել է, որ նման ձևակերպումն իրականությունը ներկայացնում է փոքր-ինչ խեղաթյուրված: Նա հիշեցրել է հաղորդավարին, որ Հայաստանը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը:

«Մենք հանդես ենք գալիս անվտանգության երաշխավորի դիրքերից, ինչի համար կրում ենք պատասխանատվություն»,-ասել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը