Լրահոս

25.10.2019 11:13


Բացահայտվել է 31-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

Բացահայտվել է 31-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են 31-ամյա տղամարդու դանակահարության դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդի:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17:53-ին, «Իզմիրլյան» ԲԿ-ից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջին և ձախ առաջակողմնային պատերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, ում, ըստ հարազատների, բակում դանակով հարվածել են:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության փողոցում գտնվող շենքի՝ իր բնակարանում 23-ամյա երիտասարդը հեռախոսով խոսելու ընթացքում բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել, որը լսելի է եղել հարակից շենքերի բնակիչներին, ինչի կապակցությամբ հարևան շենքի բնակիչներից մեկը՝ ծնված 1988թ., իր ընկերոջ հետ գնացել է երիտասարդի բնակարան և դիտողություն արել վերջինիս՝ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելու համար, ինչին ի պատասխան 23-ամյա երիտասարդը ներողություն է խնդրել: Այնուհետև նույն օրը՝ ժամը 17:15-ի սահմաններում, երիտասարդը, իրեն դիտողություն անելու շուրջ պարզաբանումներ պահանջելու համար, 31-ամյա տղամարդուն կանչել է բակ և իր ձեռքում եղած սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս որովայնին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս և դիմել փախուստի:

Քննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, կատարվել են առգրավումներ, խուզարկություն, հարցաքննվել են վկաներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2019 թվականի հոկտեմբերի 3-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ 23-ամյա երիտասարդին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնին:

2019 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, 23-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ձերբակալվել՝ 31-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը