Մեկնաբանություն

25.10.2019 09:25


«Անմեղսունակների» բրիգադն անում է այն, ինչ անում է․ հակաքայլերի ժամանակն է

«Անմեղսունակների» բրիգադն անում է այն, ինչ անում է․ հակաքայլերի ժամանակն է

«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը կալանավորվեց...

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նույնիսկ եթե դա անհամատեղելի է նրա կյանքի հետ...

Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կմնան կալանքի տակ. վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը...

Դատարանը բավարարեց Արսեն Բաբայանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը...

Քոչարյանը շարունակում է կալանքի տակ մնալ...

Բաբլոյանին վիրահատարանից տարել են հարցաքննության...

Թովմասյանի հորից հետաքրքրվել են, թե երբ է վերանորոգել տանիքը, իսկ աղջիկներին հարցրել են ավտոմեքենայի մասին...

Ռազմաճակատից ստացվող հաղորդագրություններ հիշեցնող այս «խրոնիկան» մի՛ բան է վկայում`որ դատական համակարգի անկախության վրա վերջնականապես կարելի է մի մե՜ծ խաչ քաշել։ Այն հատուկենտ դատավորները, ովքեր դեռ դիմադրում են, պարզապես բացառություններ են։

«Թավշյա արդարադատության» սպասավորները շատ լավ սերտել են «անցյալի դասերը»` հիշում են Արցախի գործող եւ նախկին նախագահների միջնորդությամբ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակած Դավիթ Գրիգորյանի ուսանելի օրինակը. երբ ՀՔԾ քննիչները, «հանցագործության» հետքեր ման գալով, առանց ձեւականությունների ներխուժեցին դատավորի աշխատասենյակ, ապօրինի խուզարկության ենթարկեցին եւ առգրավեցին «գործի» հետ որեւէ առնչություն չունեցող «առարկաներ»`համակարգիչ եւ Քոչարյանի գործին վերաբերող կրիչներ, վերջում`վրան «փաստաթղթեր կեղծելու» հոդված կպցրին։

Հիշեցնենք, որ դատավոր Գրիգորյանը, ծանրաբեռնվածության` օրենքով սահմանված ժամկետում չտեղավորվելու պատճառով իրեն մակագրված գործերից մեկի քննությունը`դատական նիստը հետաձգելու եւ այդ մասին արձանագրություն կազմելու «հանցավոր արարք» էր թույլ տվել։

Սա «թափանցիկ ակնարկ»` դեղին քարտ էր բոլոր դատավորներին. քանի որ սա ընդունված`սովորական բան է դատական դեպարտամենտի «աշխատանքային պրակտիկայում», ցանկացած մեկի վրա կարելի է գործ կարել` եթե ո՛չ որեւէ լուրջ հանցանքի կամ զանցանքի համար, ապա` առնվազն ա՛յդ հոդվածով։ Եվ այս պարագայում իսկապես պետք է հերոս կամ Հրայր Թովմասյան լինել` իշխանության դռանը վնգստացող հերթական «դատական կատարածուն» չդառնալու համար։

Եթե մինչեւ հիմա որեւէ մեկը`անգրագետ Պողոսների դասին չպատկանող որեւէ մտածող մարդ կասկածում էր, թե դատական համակարգը դեռ կա` չի մեռել, ապա Արսեն Բաբայանին «բանտելու» որոշումից հետո երկու կարծիք չի կարող լինել, որ դատարաններն այլեւս վերածվել են նույնիսկ ոչ թե Նիկոլի, այլ նրա դուդուկի տակ «տրնգի տվող» իրավապահ մարմինների` ԱԱԾ-ի, դատախազության, ՀՔԾ-ի որոշումները կոնվեյերի ռեժիմով վավերացնող ավելորդ օղակների։

Սահմանադրությունը, օրենքները վաղուց չեն գործում։ Օրինականությունը եւ իրավունքի գերակայությունը դարձել են «ատավիզմի դրսեւորումներ», որ ընդամենը կաշկանդում են թավշյահեղափոխականների պարագլխին, սահմանափակում նրա ձեռքերի ազատությունը`ավելորդ գլխացավանք, որից պետք է օր առաջ ազատվել։

Ակնհայտորեն ծալը պակաս մեկը, ՍԴ դատավորի լիազորությունները չստանձնած, ինքն իրեն ՍԴ նախագահ է հռչակում` արժանանալով խորհրդարանական մեծամասնության բուռն եւ երկարատեւ ծափահարություններին, եւ դա նորմալ է` կապ չունի իշխանության յուրացման (կամ իշխանությունը յուրացնելու փորձի) հետ։

Իսկ երբ ԱԺ պատգամավորն օրենքով սահմանված կարգով առաջադրվում է ՍԴ դատավորի թեկնածու, ընտրվելուց եւ Սահմանադրության ուժով պատգամավորական լիազորությունները կորցնելուց հետո`ՍԴ որոշմամբ ստանձնում է ՍԴ գործող նախագահի` այլ պաշտոնում ընտրվելու բերումով թափուր մնացած պաշտոնը, սա իշխանության յուրացման «դասական օրինակ» է։ Որովհետեւ փաստաթղթեր կեղծելու ճանապարհով զինծառայությունից խուսափած «դասական» ստուկաչ-երեսփոխանը` Նիկոլի թույլտվությամբ, այդպես է որոշել։

«Իշխանազավթման» այդ գործողությանը զուտ հարեւանցի`էպիզոդիկ մասնակցություն ունեցած պաշտոնատար անձը` ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն էլ ինքնաբերաբար դառնում է «փաստաթղթեր կեղծելու միջոցով իշխանության յուրացմանն օժանդակած» հույժ վտանգավոր հանցագործ, որի ազատության մեջ մնալը մահացու սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։

Բացահայտ քաղաքական հետապնդումների այս շղթան ոչ մեկին արդեն չի զարմացնում. քայլարած իշխանությունն անում է այն, ինչ անում է, ինչ ուզում է, ինչի ընդունակ է, ու դրա հետ ոչինչ չես անի։ «Կանգ առնելու», «սթափվելու» կոչերը եւ հորդորներն այլեւս ժամանակավրեպ են։

Խնդիրն այն է, թե ընդդիմությո՛ւնն ինչ է անում կամ ինչ չի՛ անում. գլխներիս է՞լ ինչ պիտի սարքեն, որ բոլորը մոռանան «իմ ու քո»-ի մասին եւ համատեղեն ջանքերը «նախկին կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչներին» պատժելու քողի տակ ահագնացող իրավական բեսպրեդելի դեմ պայքարում` իրացնեն քաղաքական, ինտելեկտուալ եւ մարդկային հզոր պոտենցիալը, որ կուտակվել է ընդդիմադիր դաշտում։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը