Մեկնաբանություն

24.10.2019 11:50


Իներցիոն հեղափոխություն և թալան (տեսանյութ)

Իներցիոն հեղափոխություն և թալան (տեսանյութ)

Նախարարների և մյուս պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձրացումը Նիկոլ Փաշինյանը, դեպքի վայրում բռնված հանցագործի պես, բացատրում է իներցիայով։ Ասում է՝ քանի որ նախկինում նման բաները գաղտնի են արվել, հաշվի առնելով անհատական տվյալները, ուստի իներցիայով իրենք էլ են գաղտնի արել։

Եթե «Հետքը» չբացահայտեր այդ գաղտնիքը, ապա Նիկոլը հեղափոխական իներցիայով կթաքցներ այդ փաստը։

«Իներցիայով գաղտնի պահեցինք» ձևակերպումն էժանագին «կռուտիտ» է։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանը բանակին կամ ազգային անվտանգությանը վերաբերող գաղտնիքներ է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում կամ որևէ ոլորտում իրական կամ վիճակագրական աճը շտապում է հրապարակայնացնել, բայց նախարարական աշխատավարձերի աճի մասին չէր խախտել իներցիայի օրենքն ու հպարտ պողոսներին չէր տեղեկացրել, որ փողոցից նախարարական կաբինետում հայտնվածները պետբյուջեի հաշվին ու առանց երկրի առաջընթացն ապահովելու իրենց գրպաններում հաղթահարում են աղքատությունը։

Փաստորեն, իներցիայի օրենքն էլ է Նիկոլի մոտ երկակի ստանդարտով։ Երբ ինքը 2 հատ թանկարժեք զրահապատ ավտոմեքենա է ձեռք բերում, այդ մասին տեղյակ չի պահում հպարտ պողոսներին։ Իներցիայով սելֆիներ չի անում նոր «Մերսեդեսի» ֆոնին։ Բայց ցուցադրաբար հեծանիվ է քշում։ Գաղտնի ձևով մոտ 1 միլիոն դոլարի հասնող զրահապատ ավտոմեքենաներ գնելն ու ցուցադրաբար հեծանիվ քշելը փարիսեցիության, դերասանության ու ցինիզմի դրսևորում են։

Երբ իր կառավարական ամառանոցի տան վերանորոգման վրա 2 միլիոն դոլար է ծախսում, չի շտապում այդ մասին տեղյակ պահել ու նախկինից մնացած իներցիայով գաղտնի է պահում իր կայֆերի համար ծախսերը, բայց փոխարենը հպարտ պողոսներին հրամցնում է բոմժական կադրեր։ Այդ կադրերը պետք է համոզեն նիկոլական սերիալի սիրահարներին, որ «ժողովրդի» վարչապետին մի կտոր խոտի վրա փռած «ադեալն» էլ է հերիք, որպեսզի ինքը մի փոքր հանգստանա ու նույնիսկ քնած վիճակում մտածի ժողովրդի մասին։

Ուշագրավն այն է, որ երբ խոսքը վերաբերում է իրեն ու իր շրջապատին, թալանին ու կայֆերին, իներցիայի և մյուս օրենքները գործում են։ Իսկ երբ մյուսներին՝ գործում են այլ օրենքներ։

Օրինակ՝ երբ զոհված զինվորների մայրերը պահանջում են գումարային փոխհատուցում և սխալ գնահատում այն, որ 2008–ի մարտի 1–ին զոհվածներն ու վիրավորներն ավելի են կարևորվում, քան պետության սահմանը պահածները, Նիկոլը բացատրում է, որ եթե բոլորին փող բաժանեն, ապա ինֆլյացիա կլինի։ Ինֆլյացիայի մասին, սակայն, Նիկոլը չի մտահոգվում, երբ իներցիայով ու գաղտնի ձևով կրկնակի բարձրացնում է յուրայինների աշխատավարձերը։ Իներցիայի օրենք է, ի՞նչ կարող է անել խեղճ վարչապետը։

Մի հարց է մնում բաց։ Կոռուպցիան ու թալանն է՞լ են նախկինից մնացած իներցիայով շարունակվում։ Դատելով ամենից՝ ոչ միայն շարունակվում են, այլ դեռ մի բան էլ ավելի՛ լկտի դրսևորմներ են ունենում։

Ի դեպ, իներացիայով քաղաքացու գրպանը մտնելու խասիաթ ուներ Շուրա Բալագանովը։ Նույնիսկ այն դեպքում, երբ Կորեյկոյի փողերից ահագին մասնաբաժին էր ստացել Օստապ Բենդերից։ Նիկոլենց մոտ բալագանովյան իներցիա կա։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը