Կարծիք

23.10.2019 16:55


Ստեղծվում են կուսակցություննե՞ր, թե՞․․․

Ստեղծվում են կուսակցություննե՞ր, թե՞․․․

Կուսակցությունների մասին նոր օրենք են ուզում ընդունել, քննարկումների (իբրև թե) մասին հեռուստացույցով մի երկու բան ցույց տվեցին, որից հասկանալի է դառնում, որ ավելի լավ է ոչ մի օրենք էլ չընդունեն:

Նախ ուզում են ավելի հեշտացնել քաղաքական կուսակցություն ստեղծելու պրոցեդուրան, շատ ավելի քիչ մարդկանց ստորագրությամբ կարելի կլինի կուսակցություն ստեղծել (մարդկանցով լիքը մարշրուտկեն, կարծում եմ, կհերիքի), մարզային մասնաճյուղեր ունենալ այլևս հարկավոր չի լինի (դե ի՞նչ կարիք կա «գեղցիներին» գործի մեջ ներգրավել), ու էլի նմանատիպ բաներ, որպեսզի սնկի նման շատացնեն այդ խմբակները, որոնք, չգիտես ինչու, Հայաստանում քաղաքական կուսակցություններ են կոչվում, և որոնք առանց այն էլ աննորմալ քանակություն են կազմում մեր երկրում, բայց փաստորեն նույնիսկ դա իրենց չի բավարարում և ուզում են ավելի շատացնել դրանց քանակը, որպեսզի պառակտված քաղաքական դաշտը ավելի պառակտեն ու միշտ պահեն այդ վիճակում. կարճ ասած՝ ավտորիտար ռեժիմին բնորոշ գործելաոճ:

Ու ամենամեծ զավեշտը՝ կանանց համար հստակ քվոտաների շեմեր են սահմանվելու, իբրև թե կանանց իրավունքների պաշտպանության համար, ասել է թե՝ ժողովրդավարության հիմունքները ամրացնելու համար, իսկ իրականում բոլոր նմանատիպ քվոտավորումները միանշանակորեն խտրականություն են, և ուղղված են ժողովրդավարության ու մարդկանց ազատությունների դեմ:
Մի խոսքով, հասարակության ստրուկտուրավորում չեն ուզում անել, կուսակցություն-հասարակություն իրական կապը չեն ուզում ստեղծել, այլ ընդհակառակը անում են ամեն ինչ, որպեսզի դրանք հանկարծ իրողություններ չդառնան:

Ոչինչ չեն անում նաև կուսակցությունների ներքին ժողովրդավարությունը օրենքով կազմակերպելու և երաշխավորելու համար: Այսօր Հայաստանում գործող բոլոր կուսակցություն կոչվածները իրականում տոտալիտար սեկտա հիշեցնող կազմակերպություններ են, որոնցում կան մեկ կամ մի քանի հոգի անվերապահորեն թելադրողներ, ու նրանց հպատակների կարգավիճակում հայտնված կուսակիցներ (այսպես կոչված). դա խայտառակություն է, ու այդ տոտալիտար կազմակերպություններով մարդիկ ուզում են ժողովրդավարության ինստիտուտներ աշխատեցնե՞լ, արդար ընտրություններ կազմակերպե՞լ ու կայացած պառլամենտարիզմ ունենա՞լ. գժվել կարելի է, եթե ընդսմին այսպես շարունակվի, ապա սա պետություն չի դառնա, ամեն ինչից պարզ երևում է, որ այս իշխանությունները նպատակաուղղված կերպով Հայաստանը վերածում են համակենտրոնացման ճամբարի:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը