Կարծիք

23.10.2019 11:00


Հանրակրթությունը՝ թվերով

Հանրակրթությունը՝ թվերով

Հայաստանի հանրակրթության ոլորտում 2018/19 ուստարում կա 1 409 դպրոց, ուր սովորում է 382 հազար 378 աշակերտ: Գիտենք նաև, որ հանրակրթության ոլորտում աշխատում է 31 հազար 371 ուսուցիչ: Փաստորեն, յուրաքանչյուր 12.3 աշակերտին «բաժին է ընկնում» մեկ ուսուցչ:

Միջին ցուցանիշից ավելի քանակի աշակերտներ ունեն Երևանի (16.2 աշակերտ), Կոտայքի (14.4) և Արարատի (13.4) ուսուցիչները: Այս ցուցանիշն ամենացածրն է Վայոց ձորում (մեկ ուսուցչին 8.8 աշակերտ) և Արագածոտնի մարզում (8 աշակերտ): Այս ցուցանիշը ընդգծում է, որ մարզերի մեծ մասում աշակերտների թիվը պակաս է, սակայն պետությունը պարտավոր է «ապահովել» որոշակի քանակի հաստիքներ մարզային դպրոցների համար: Մյուս կողմից հաշվարկվում է, թե որքան ուսուցչական կազմ կա մարզային դպրոցներում: Միջին հաշվով հայաստանյան հանրակրթական մեկ դպրոցում աշխատում է 22.2 ուսուցիչ: Ամենափոքր ցուցանիշն արձանագրված է Սյունիքի մարզում (14.2 ուսուցիչ): Ամենաբարձրը, բնականաբար, մայրաքաղաքում` 33.8 ուսուցիչ:

Վիճակագրությունը նաև հստակեցնում է, թե ինչ առարկաներ են դասավանդում այդ ուսուցիչները: Այ այստեղ տարօրինակ համաչափություններ կամ, որ ավելի ճիշտ է` անհամաչափություններ կարելի է արձանագրել: Օրինակ այն, որ ուսուցիչների 9.8 տոկոսն է մաթեմաթիկա դասավանդում: Ֆիզիկա դասավանդում է ուսուցիչների 3.5 տոկոսը, իսկ ֆիզկուլտուրա` 5.8: Կարելի է ընդհանրացնել, որ մեր հանրակրթության ոլորտում «առողջ մարմինն» «առողջ հոգուց» բարձր է գնահատվում: Սակայն սա միակ անհամաչափությունը չէ: Տեսեք՝ ուսուցիչների 8.8 տոկոսը դասավանդում է հայոց լեզու: Իսկ մեր հանրակրթական դպրոցում դասավանդվող մյուս (օտար` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ) լեզուներին «բաժին է ընկնում» ուսուցիչների 17.4 տոկոսը: Սա ամենամեծ խումբն է:

Եթե որևէ հետազոտող հանդգնի ընդհանրացնել, որ մեր հանրակրթության համակարգը հիմնական ուշադրությունն այլ առարկաներից տեղափոխել է օտար լեզուների դասավանդում և արդյունքում նպաստում է արտագաղթի խթանմանը, չենք համաձայնի: Չենք համաձայնի ու կփորձենք վիճել, քանի դեռ չենք ծանոթացել հանրակրթությունը ներկայացնող մյուս թվերին: Անհավանական է՝ իրեն տեղեկատվական տեխնոլոգիաների ավանգարդ ու առաջամարտիկ համարող մեր հայրենիքի դպրոցներում «ինֆորմատիկա» առարկա դասավանդում է 482 ուսուցիչ (ընդհանուրի 1.5 տոկոսը): Եկեք համեմատենք երաժշտություն դասավանդող ուսուցիչների քանակի հետ (509): Եթե առանձնահատուկ ու քնքուշ վերաբերմունք ունեք երաժշտության հանդեպ` հիշեք ֆիզկուլտուրայի ուսուցիչների քանակը: Եթե այս օրինակն էլ «վիրավորական» համարեցիք, իմացեք՝ մեր դպրոցներում շախմատ առարկան դասավանդում է 563 ուսուցիչ: Տարբեր տեսանկյուններից կարելի է վերլուծություններ անել պարզելու, թե որ առարկայի գծով որքան դասաժամ է հատկացված մեր հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում: Բայց դա համարյա անիմաստ գործ է: Մեր հանրակրթական բոլոր` 1409 դպրոցները միացած են համացանցին: Այսինքն բոլորում համակարգիչ ու համակարգչային դասարաններ կան: Սակայն մեր աշակերտները 3D տպիչ (պրինտեր), բնականաբար, կարող են տեսնել միայն «Թումո» կենտրոնում: Հասկանալի է` թանկ սարքավորում է: Սակայն հարցը միայն սարքավորման գինը չէ: Դպրոցում այդ սարքից ունենալու դեպքում էլ մեր ուսուցիչներն ու աշակերտները չեն կողմնորոշվի՝ ինչպես վարվել դրա հետ: Տարիներ շարունակ տեղեկատվական ոլորտը գերակա հայտարարած երկրի հանրակրթությունից բացակայում է գծագրություն առարկան: Որքան գիտեմ այդ 3d տպիչները որևէ բան կառուցում կամ սարքում են ըստ մուտքագրված գծագրի: Իսկ մեր երկրի հանրակրթական ոլորտում աշխատում է գծագրության ընդամենը 7 (յոթ) ուսուցիչ:

Նման գերժամանակակից թեմաներից հետո հարկ է վերադառնալ հնաբույր տեղեկատվության: Մեր դպրոցների մասնաշենքերի վիճակը պաշտոնապես բավարար է գնահատվել 564 շենքի համար: 459 շենք գնահատվել է որպես հիմնանորոգման կարիք ունեցող, իսկ 386-ը՝ նորոգման կարիք ունեցող: Կրկնենք, որ բոլոր թվերը պաշտոնական են:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը