Քաղաքական

22.10.2019 16:25


Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք տված անձը թոշակառու է

Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք տված անձը թոշակառու է

Երեկ ուշ երեկոյան ձերբակալված ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն անցնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով։ Հիշեցնենք, այդ գործը վերաբերում է սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում թույլ տրված խախտումներին, որտեղ, ըստ ՀՔԾ-ի «խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով» Արսեն Բաբայանը կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Խոսքն այն մասին է, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը, որը ստացվել է 2018 թվականի մարտի 2-ին, աշխատանքային օրվա ավարտին, ԱԺ ընդհանուր բաժնի պետը՝ Ռուզաննա Արզումանյանը ստացել է փաստաթուղթը եւ անմիջապես չի գրանցել համակարգում, արել է երկուշաբթի՝ մարտի 5-ին։ Եւ այդ եռօրյա ժամկետը ՀՔԾ-ն գնահատել է որպես խախտում ու այդ հիմքով նախ ցուցմունք է կորզել Արզումանյանից, որ նա գործել է Արսեն Բաբայանի ցուցումով, ապա մեղադրանք է առաջադրել Բաբայանին։

Մենք տեղեկացանք, որ Ռուզաննա Արզումանյանն ամիսներ առաջ կենսաթոշակի է գնացել եւ այլեւս չի աշխատում ԱԺ-ում։ Իսկ թե ինչու է հենց Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք տվել, այլ ոչ թե Արա Սաղաթելյանի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, բանն այն է, որ ընդհանուր բաժինը գործել է ոչ թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի, այլ տեղակալի կուրացիայի տակ։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը