Քաղաքական

06.05.2010 15:46


Ոչ թե ֆիզիկական, այլ որակական իշխանափոխություն

Ոչ թե ֆիզիկական, այլ որակական իշխանափոխություն

-Չէի ցանկանա, որ մենք մեր հնարավորությունների և ներուժի հետ կապված բացառապես հոռետեսաբար տրամադրված լինենք։ Մեր հնարավորությունները մեծ են, այլ հարց է, որ մենք մեր ունեցած զինանոցը չենք օգտագործում,- «Իրավունք դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Միջազգային հարաբերություններում գործոն դառնալու ճանապարհը Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը տեսնում է իշխանափոխությունը, իսկ Արման Մելիքյանը նշել է, որ իր առաջարկած ճանապարհը բոլոր դեպքերում կաշխատի՝ անկախ իշխանության որակից։ Այս տեսանկյունից նա նշել է, որ ցավում է, որ ՀԱԿ-ը, բացի իշխանափոխության գաղափարից, զլանում է տալ հարակից այլ խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները։

-Այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ-ը, իշխանափոխություն իրականացնելով, ավտոմատ կերպով կկարողանա լուծել առաջացած բոլոր խնդիրները։ Սա, իհարկե, անվստահություն է առաջացնում, որովհետև մարդը հստակ ճանապարհ պետք է տեսնի։ Նախընտրական պայքարում այդ գաղափարը հույս էր ներշնչում մարդկանց, բայց իրավիճակն այնպես զարգացավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանին դա չհաջողվեց, չի հաջողվում նաև ՀԱԿ-ին։ Սա այլևս պահանջ է առաջացնում, որ ՀԱԿ-ը, բացի իշխանափոխության գաղափարից, կարողանա հստակ արտահայտվել այսօր մեզ հուզող կարևոր խնդիրների շուրջ։ Հարցը միայն քննադատությունը չէ. հարցն այլընտրանքային ծրագրերի առաջարկումն է,- նշել է Արման մելիքյանը։

Մասնակի համաձայնելով Արման Մելիքյանի հետ՝ Հովհաննես Հովհաննիսյանն, այդուհանդերձ, նշել է, որ ինչքան էլ իրենց մեղադրեն, միակ միջոցն իշխանափոխությունն է։ Նա նշել է, որ իշխանությունները 2,5 տարվա ընթացքում ոչ մի դրական բան չկարողացան անել, ոչ մի առողջ խոսք չեն հասկանում։

-Այնպես չէ, որ ՀԱԿ-ն առաջարկություններ չի արել։ Մենք մինչև անգամ մեր քաղաքական ակտիվ պայքարն ենք դադարեցրել 4-5 ամսով։ Դա մենք ոչ թե անում էինք զուտ նրա համար, որ Սերժ Սարգսյանին էինք սիրաշահում, ո՛չ։ Դա արվում էր նրա համար, որ եթե այս իշխանություններն արդեն սկսել են, այնպես չանենք, որ ամեն ինչ փլվի Հայաստանի վրա։ Շանս տանք մարդկանց, որ փորձեն, բայց այս մարդիկ կամք չունեն այդ խնդիրը լուծելու,- ասել է Հ. Հովհաննիսյանը և հավելել, որ միակ միջոցն իշխանափոխությունն է, քանի որ երկիրը չի կարող հայ-թուրքական հարաբերություններ լուծել, եթե այսպիսի Ազգային ժողով, կառավարություն և արտգործնախարարություն ունի։

Արման Մելիքյանը նշել է, որ Հայաստանում ներքաղաքական և հասարակական շատ լուրջ ճգնաժամ կա, և խնդիրն այն է, որ հասարակությունն է բևեռացված, ոչ միայն քաղաքական ուժերը։ Այս տեսանկյունից, որքան էլ քաղաքական կողմերը փորձեն միմյանց համոզել, չեն համոզելու, քանի որ միմյանց նկատմամբ կաղապարված և կարծրացած վերաբերմունք կա։ Արման Մելիքյանի կարծիքով համախմբող ներուժ չկա, Հ. Հովհաննիսյանն էլ կարծում է, որ գնդակն այն քաղաքական ուժերի և հասարակության շերտի դաշտում է, ովքեր դեռ բևեռացված չեն, և հենց նրանց՝ նժարի որևէ կողմն անցնելու դեպքում կողմերից մեկը կհաղթի։

-Խնդիրն այն չէ, որ կշեռքի նժարներից որևէ մեկն ավելի ծանր դառնա։ Խնդիրն այն է, որ կարողանանք ներհասարակական կոնսենսունս ձևավորել, այսինքն՝ առկա բևեռացվածությունը պետք է հաղթահարվի, բայց ոչ թե կողմերից մեկի ոչնչացմամբ, այլ նոր իրավիճակի ձևավորման միջոցով։ Մենք պառակտման ներուժը պետք է փոխարինենք համախմբման ներուժով,- հակադարձել է Արման Մելիքյանը։

Նա նշել է, որ դեմ է փողոցային, գավրոշային, հեղափոխական մեթոդներին, քանի որ դրանք միշտ վնասակար են եղել։ Դրա այլընտրանքն Ա. Մելիքյանը տեսնում է ներքաղաքական կոնսենսունսի մեջ։

Իշխանության մեջ գտնվող մարդիկ այսօր, նրա խոսքերով, վախենում են, որ իշխանափոխության դեպքում հետապնդումների կենթարկվեն, և այդ վախերն արդարացված են, և խնդիրն այն է, թե ինչ նոր տոտալ իրավիճակ կստեղծվի, ու ինչպիսի հակակշիռներ կձևավորվեն. «Այդ հակակշիռները պետք է մարմնավորված լինեն այնպիսի քաղաքական ուժերի կամ անձանց միջոցով, որոնք կարողացել են իրենց չեզոքությունն ապահովել ողջ ընթացքում, որովհետև միայն այդ կարգի քաղաքական ուժերը կարող են երաշխավորել, որ բռնություններ և կամայականություններ չեն լինի։ Պետք է մտածենք ոչ թե ֆիզիկական, այլ որակական իշխանափոխության մասին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը