Կարծիք

21.10.2019 14:15


Եթե շատ մոտ ապագայում փաստը չապացուցվի, կնշանակի՝ վարչապետի մամուլի քարտուղարը պարզապես սուտասան է

Եթե շատ մոտ ապագայում փաստը չապացուցվի, կնշանակի՝ վարչապետի մամուլի քարտուղարը պարզապես սուտասան է

Վլադիմիր Կարապետյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին ու ասել, որ հանրապետականներն էին անցնում կարմիր գիծը, երբ ստիպում էին, որ Գագիկ Հարությունյանը հրաժարական տա։

Սա ծանր հանցագործության մեղադրանք է, ու եթե շատ մոտ ապագայում փաստը չապացուցվի, ու հասարակությունը չիմանա հատկապես ոնց ու երբ է Գագիկ Հարությունյանը հարկադրվել, կնշանակի՝ վարչապետի մամուլի քարտուղարը, համատեղությամբ նաև քաղաքական ազդեցությամբ առաջին հնգյակում գտնվող պաշտոնյան պարզապես սուտասան է։

Երկրորդ՝ Վլադիմիր Կարապետյանը նաև երկար խոսում է Հրայր Թովմասյանի՝ նախկինների հանցագործությունները պարտակելու մասին։ Ես չգիտեմ՝ էդ տեղեկությունները պարոն Կարապետյանին որտեղից, բայց պիտի փաստեմ, որ չեմ լսել որևէ քրեական գործի մասին, որ հեղափոխական իշխանությունը հարուցել է, Հրայր Թովմասյանին տվել է որևէ կարգավիճակ, իսկ վերջինս էլ թաքնվելով պատմուճանի մեջ, հրաժարվել է ցուցմունք տալուց կամ պատասխանատվություն կրելուց։ Այնպես որ՝ սիրելի պաշտոնյային հորդորենք, որ հոգ տանի հանցագործությունները բացահայտելու, այլ ոչ դրանց հիպոթետիկ թաքցնողների հետապնդման մասին։

Երրորդ՝ Հրայր Թովմասյանին սիրենք-չսիրենք, հարգենք-չհարգենք, բայց մի քանի պատմական իրողությունների վրա աչք փակել չենք կարող։ Թովմասյանն ընդամենը վերջերս էր դարձել հանրապետական, այն էլ՝ ոչ թե գաղափարական-օլիգարխական գծով, այլ բյուրոկրատական։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա տոննաներով դառնում են քայլիստ։ Հրայրին, ով 1996-ին կանգնած էր պարիսպների մյուս՝ ոչ իշխանական կողմում (պարիսպներ, որի մյուս կողմում Վլադիմիր Կարապետյանի հարազատ իշխանություններն իրենց բաստիոնը «հրայրներից» տանկերով էին պաշտպանում), ով 2003-ին ոստիկանության կողմից «ցրվեց» այսօրվա իշխանությունների կարկառուն որոշ ներկայացուցիչների հետ, իսկ 2008-ին շատերի հետ փորձում էր կանխել բախումը (ինչը ցավոք չստացվեց), մեղադրել նախկինների արածները պարտակելու մեջ, մի փոքր անզգուշություն է, եթե չասենք թեթև մանիպուլյացիա։ Մի բան ընդամենը՝ այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանը հանրապետականի ընդդիմությունն էր, Վլադիմիր Կարապետյանը հանրապետականի իշխանության ներկայացուցիչ էր։

Չորրորդ՝ Վլադիմիր Կարապետյանը խոսում է ՍԴ՝ նոր կարգերին չհամապատասխանելու մասին։ Դժվարանում եմ ասել, գիտի՞ նա, թե ոչ, բայց կայացած կամ կայանալ ցանկացող երկրների բարձրագույն դատարաններում հենց այդպես է՝ նոր իշխանությունը կամ վարչակազմը չպետք է կարողանա փոխել իր քմահաճույքով։ Եթե մենք չունենայինք նման փորձ, պարոն Կարապետյանին կարելի էր ներել չիմացության համար, բայց Գագիկ Հարությունյանը, որ ՀՀՇ-ական էր, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրվել էր հանրապետության փոխնախագահ, դարձավ ՍԴ նախագահ, ու 1998-ին էլ, 2001-ին էլ, 2008-ին էլ որևէ մեկի մտքով չանցավ, որ նա սպասարկել է ՀՀՇ-ին։

Փաստարկներ էլի կան, բայց լավ կլինի, որ թե՛ պարոն Կարապետյանը, թե՛ հասարակությունը կենտրոնանան ապագայի վրա։ Հերիք կառչած մնան անցյալից։ Լավ կլինի նաև, որ կարմիր գծերն էլ ճիշտ գծվեն։ Կամ առնվազն՝ ճիշտ ընկալվեն։

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը